ՀՀ նախագահի ուլտիմատումը խորհրդարանին՝ կա՛մ Վանո Սիրադեղյանին հանձնել դատախազի ձեռքը, կա՛մ լուծարվել, պատգամավորների վրա մեծ տպավորություն չի թողել։ Խորհրդարանում գերիշխում է հետեւյալ սկզբունքը. «Վանոն մեր աչքի լույսը չէ, բայց նախագահի արածն էլ արած չէ»։ Ու պատգամավորների մի մասը տրամադրված է նախագահին հակադրվելու, նրա «ինադու» որոշում ընդունելու։
Եթե նախագահի ցանկությունն ամեն գնով խորհրդարանը քրեական «էլեմենտներից» մաքրելն է, ապա ԱԺ-ի առջեւ լուծարման խնդիրը պետք է դրվեր դեռեւս Նվեր Չախոյանի «օրոք»։ Սակայն այդպես չեղավ։ Որպես ամենազոր փաստարկ այս դեպքում բերվում են Վանո Սիրադեղյանի քաղաքական կշիռը, գնահատականը նախորդ իշխանություններին, այս գործի «նրբությունները»։ Բայց Նվեր Չախոյանի փոխարեն վիրավորվելով (թե ինչո՞ւ իր դեպքում էլ հարցն այսքան սրություն ու գլոբալացում չի ստացել)՝ դիմեցինք ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին։ Ըստ նրա՝ ինչո՞ւ է պատգամավորների միջեւ նախագահը խտրականություն դնում։
-Ես ինքս առիթ եմ ունեցել ասելու, որ, այո՛, Վանոյի գործում խորհրդարանի մերժումը կարող է հիմք լինել խորհրդարանի լուծարման։ Կարող է, բայց պարտադիր չէ։ Հաշվի առնելով հարցի հասարակական եւ, ինչու չէ, քաղաքական հնչեղությունը…
-Ներեցեք, սակայն խոսքը նախագահի սկզբունքայնության մասին Ձեր կարծիքն է։
Կարդացեք նաև
-Նախագահի սկզբունքայնության մասին ի՞նձ եք հարց տալիս։ Նախագահի՛ն տվեք։ Բայց համաձայնեք, կոռեկտ չի լինի, որ ես մեկնաբանեմ, թե որքանով է նախագահը սկզբունքային։
Քանի որ պրն Հարությունյանի կոռեկտությունը թույլ չի տալիս խոսել ՀՀ նախագահի սկզբունքայնության մասին, մենք էլ կոռեկտ չենք համարում մեկնաբանել ԱԺ նախագահի նրբանկատությունն այս հարցում։
ԱԺ միջանցքում Նվեր Չախոյանին ժամը 14-ից հետո ոչ ոք չէր տեսել։ Այնպես որ, նրա հետ զրուցելու հաճույքը չկարողացա վայելել։ Փոխարենը լսեցի այն պատգամավորների «սեւ հումորները» պրն Չախոյանի հասցեին, որոնք գոնե առաջիկա մեկ-երկու տարիներին դատախազության հետ խնդիրներ հաստատ չեն ունենա։ «Դեռեւս չբացահայտվածները» ինձ առաջարկեցին. «Նվերին գտնելու համար զանգ տուր դատախազություն կամ Դուբայ»։
Կոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը ինձ ոչ մի տեղ չուղարկեց, փոխարենը երկար եւ համբերատար բացատրեց. «Նվերի եւ Վանոյի քաղաքական քաշը տարբեր է։ Նվեր Չախոյանը ՀՀՇ-ական վարչակարգի ընդհանուր նկարագիրն էր, իսկ Վանո Սիրադեղյանը հիմնական ղեկավարներից մեկն էր։ Այս պարագայում չի կարելի հավասարություն դնել այդ երկուսի միջեւ։ Հետո՝ հանցանքի տարբերություն էլ կա։ Ես հասկանում եմ, թե ինչու է հանրապետության նախագահն այսպիսի դիրքորոշում զբաղեցրել»։
Իսկ չարախնդումները, թե՝ «Նվերն էլ էս երկու օրը կթռնի», առայժմ վերագրում ենք սուր տեսարանների սիրահար պատգամավորների երեւակայությանը։ Մինչեւ դատախազի երկրորդ գալուստը։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ