Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՆՍՏԵՆՔ ՈՒ ԲԱՆԱԿՑԵՆՔ»

Փետրվար 09,1999 00:00
Davit Vardanyan

Հարցազրույց ԱԺՄ վարչության անդամ, նախագահի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, ի՞նչ եք կարծում, այս նոր ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտա՞, որպեսզի Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացվեն։

– Ես կասկածում եմ, որովհետեւ մթնոլորտը հիմա մոտավորապես այնպիսին է, որպիսին գոյություն ուներ 95 թվականին։ Ե՛վ ընտրական օրենսգիրքը, ե՛ւ մթնոլորտը, ե՛ւ դրված նպատակները, ե՛ւ այդ համախմբումը՝ նկատի ունեմ հանրապետականների համագումարը, որը բավականին հիշեցնում էր 95 թվականի ընտրություններից առաջ Տեր-Պետրոսյանի՝ օպերայում արած այն հայտարարությունը, երբ հայտարարեց, թե հավաքվածների 90 տոկոսը կդառնա պատգամավոր։ Հիշո՞ւմ եք։ Մոտավորապես նույն բանն էլ Վազգեն Սարգսյանն ասաց։

– Չէ, պարոն Վարդանյան, Վազգեն Սարգսյանը նման բան չասաց։

– Դե, ասաց՝ մենք հաղթանակ կտանենք։

– Չէ, պարոն Վարդանյան, այդպիսի բան նա չասաց։ Ասաց՝ թե որեւէ ընտրություն չարժե, որպեսզի ազգը պառակտվի։

– Նա, այո՛, դա էլ ասաց։ Ես, օրինակ այդ մտքի հետ համաձայն եմ։ Կարծում եմ, որ հիմնական քաղաքական ուժերը պետք է նստեն կլոր սեղանի շուրջ, ու մշակեն հռչակագրի պես մի բան, որը կսահմանի քաղաքական պայքարը Հայաստանում։ Այդ հիմնական ուժերը 5-ն են։ Ես այս տեսակետն արտահայտել եմ նաեւ ԱԺՄ համագումարում, ու թեպետ այդ հարցի շուրջ լիակատար համաձայնություն չկա, սակայն, իմ կարծիքով, ճիշտ կլինի, եթե ե՛ւ Վազգեն Սարգսյանը, ե՛ւ ԱԺՄ-ն, ե՛ւ Կարեն Դեմիրճյանի կուսակցությունն ու մյուսները նստեն, բանակցություններ վարեն եւ որոշեն այն պայմանները, որոնք Հայաստանն այս ակոսից, ասիական տիպի պետության այս վիճակից դուրս կբերեն։

– Դուք կլոր սեղանի կոչ եք անում, պարոն Վարդանյան, սակայն ընտրական օրենսգրքի շուրջ համախմբվելու փորձերը չհաջողեցին։

– Այդ քննարկումները համախմբման նպատակին, իրոք, չծառայեցին։ Դրա համար բոլոր կողմերի ցանկությունն է անհրաժեշտ։ Վազգեն Սարգսյանի արտահայտած միտքը հանրապետականների համագումարում ինձ համար ողջունելի է։ Այո՛, հիմնական քաղաքական ուժերը պետք է համաձայնության գան։ Ես ինքս էլ դրա ջատագովն եմ։ Սակայն միշտ այնպես է ստացվում, որ բոլորը կողմ են, բայց համաձայնությունները չեն կայանում։ Մենք էլ պարզենք, թող լրագրողներն էլ պարզեն, եթե բոլորը կողմ են՝ էդ ինչո՞ւ չի ստացվում։ Աստված տա, ես սխալվեմ, սակայն, իմ կարծիքով, Ալիեւից հետո Ադրբեջանում իշխանության կգա շատ ուժեղ նացիոնալիստ մի ղեկավար, որը կհամախմբի ներքին ուժերը, որից հետո մեզ դժվար օրեր են սպասվում։ Այդ դեպքում, խորտակվող նավի մեջ գրպաններդ ծակ լինեն, թե սնդուկներով ոսկի ունենաս, ոչ մի նշանակություն չի ունենա։ Չէ, ներողություն, եթե սնդուկներով ոսկի ունենաս, իհարկե, կթռչես Դուբայ։

Այդ հնարավորությունը կա, իհարկե, ես մի փոքր սխալվեցի։ Ռեսուրսների առումով՝ մեր ու Ադրբեջանի հնարավորությունները հավասար չեն, ուստի, մեզ ավելի որակական առաջընթաց է հարկավոր։ Դրա համար՝ նախեւառաջ քաղաքական ուժերի համաձայնությունն է պետք։ Իհարկե, ուտոպիա է, թե բոլորը կհամախմբվեն նույն գաղափարների շուրջ մեկ կազմակերպության կազմակերպվածության աստիճան, սակայն, կարծում եմ, ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հավաքվեն ու շարադրեն այն հիմնական նպատակները, որոնց շուրջ կա միասնական կարծիք։ Ու մեկ էլ՝ Վանո Սիրադեղյանի պես, վաղը, մյուս օրը չհայտարարեն, թե սրանք պատերազմի հանցագործներ են ու սրանց պետք է Հաագայի դատարանը դատի։ Ինչ էլ լինի, մարդ նման բան չպետք է ասի։ Դա նշանակում է սեփական մեկ ծառի ճյուղի համար հրդեհել ողջ անտառը։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728