Պատասխանում է ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը:
Վերջերս հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Արամ Աբրահամյանն ուղղեց հետեւյալ հարցը. «Դուք ծանոթ եք ընտրական օրենսգրքին, մասնավորապես այն դրույթին, որ ընտրությունները կազմակերպող համայնքապետերը կարող են առաջադրվել պատգամավորության թեկնածու, այսինքն, մրցավարը դառնա կենտրոնական հարձակվող»։ ՀՀ նախագահի պատասխանում մասնավորապես ասվեց. «Եթե համայնքապետին հնարավորություն չտրվի մասնակցել խորհրդարանային առաջիկա ընտրություններին, դրանով ոտնահարված կլինեն վերջիններիս մարդկային իրավունքները»։
Վերոհիշյալ հարցն էլ ուղղեցինք Պարույր Հայրիկյանին, ակնկալելով հարցի առավել արհեստավարժ պարզաբանում։ Պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Միանշանակ չի, բայց աշխարհի երկրներ կան, որտեղ ընտրովի կառույցներում աշխատողներին ընտրություններից առաջ չեն սահմանափակում, այդ պատճառով միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ։ Այստեղ պարզապես մյուս մարդիկ, որ որեւէ պաշտոն չեն զբաղեցնում, համեմատաբար անհավասար վիճակում են։ Դա հարկավոր է ուղղակի արձանագրել։ Բայց թե նրանց արգելելն է ավելի շատ ոտնահարում, թե՞ մյուսների՝ թաղապետ չլինելով ընտրություններին մասնակցելն ավելի շատ կոտնահարի, միանշանակ պատասխան տալ չի կարելի»։
ԱԺ պատգամավոր, Մալաթիա-Սեբաստիա համայնքապետ պարոն Զատիկյանն այս հարցում բոլորովին այլ կարծիքի է. «Գիտեք, մանավանդ Երեւան քաղաքում թաղապետերն ընտրվել են մոտավորապես 70 հազար բնակչության կողմից։ Օրինակ, անձամբ ինձ թաղամասում 25 հազար ձայն են տվել։ Դա հավասարվում է մոտ յոթ պատգամավորների հավաքած ձայներին։ Եվ այսօր եթե այդ բանը կա (փաստորեն ԱԺ-ի պատգամավորն էլ է ընտրված), ուրեմն՝ բոլորի լիազորությունները պետք է դադարեցվեին։ Այդ դեպքում ես ոչինչ չէի ասի, բայց, քանի որ մենք բոլորս բնակչության կողմից ընտրված մարդիկ ենք, իհարկե, մեր իրավունքները կոտնահարվեն»։
Կարդացեք նաև
Այսպես թե այնպես, ընտրական օրենսգիրքն ընդունված է եւ թե ում ինչը կոտնահարվի առաջիկայում, ցույց կտա միայն ժամանակը։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ