Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄՈՍԿԱՆԵՐԸ»

Փետրվար 09,1999 00:00
Robert Qocharyan

Շաբաթ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց չորս հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին։ Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցի առավել հետաքրքիր դրվագները.

Դուք, երեւի, նկատել եք, որ ես ամեն ինչ անում էի վերջին մեկ տարվա ընթացքում, որ չմեկնաբանեմ նախկին նախագահի որոշ հայտարարություններ։ Հիմա էլ կփորձեմ զուսպ մնալ։ Կարծում եմ, որ ե՛ւ այդ հայտարարությունը, ե՛ւ Վանո Սիրադեղյանի վերջին ելույթը, ե՛ւ իր հարցազրույցը օտարերկրյա հեռուստաընկերություններին շատ լավ բացեցին այդ մարդու էությունը։ Ես նույնիսկ չեմ ուզում խորանալ, մեկնաբանումներ տալ եւ այլն։ Ես կարծում էի, որ հայրենիքն էի պաշտպանում եւ մեծ ազգային գործով էի զբաղվում Ղարաբաղում։ Եվ նա առաջինն էր, որից իմացա, որ Ղարաբաղում, այսպես ասենք, պատերազմի հանցագործություններ էի կատարում։ Ես կարծում եմ, որ լավ բացվեց այդ մարդու եւ իր շրջապատի էությունը։ Երբ մարդ ուզում է փրկել իր մարմնի մի մասը, որ գտնվում է մեջքից մի քիչ ցածր, եւ դրա համար պատրաստ է ուղղակի մոռանալ բոլոր սրբությունները, ես կարծում եմ, որ այստեղ մեկնաբանությունների կարիք էլ չկա։

…Ամենից վատը հիմա այս չորս ամսում իսկապես չփչացնել գործընթացները, չստեղծել ներսում այնպիսի լարվածություն, որը կբերի նրան, որ մարդիկ կորոշեն սպասել։ Այն զինադադարը, որի մասին ասաց Վազգեն Սարգսյանն իր ելույթում, ես կարծում եմ՝ շատ կարեւոր է։ Կարեւոր է, որ լուրջ քաղաքական ուժերը պայմանավորվեն, որ այս նախընտրական արշավը, այս ժամանակահատվածը պետք է անցնել հնարավոր քաղաքակիրթ ձեւով։ Փոքրերը, որ գրեթե հույս չունեն, միշտ կողքից կխոսեն, հիստերիկաների մեջ կընկնեն, լաչառություն կանեն՝ դա հասկանալի է, բայց ոչ ոք նրանց լուրջ չի ընդունի։ Դուք, երեւի, նկատել եք, ես արդեն մեկ տարի է, ոչ մեկին պատասխան չեմ տալիս՝ մանր-մունր քաղաքական գործիչներին։ Կարող է թվալ, որ թուլության նշան է, բայց դա հենց ուժի նշան է։ Իշխանություն ունենալով՝ շատ ավելի հեշտ է մարդու պատժել։ Եվ շատ ավելի մեծ խիզախություն է պետք («տղամարդկություն» բառն արդեն վախենում եմ օգտագործել) ուղղակի ուշադրություն չդարձնել։ Այդ ուժի օգտագործման գայթակղությունը բավականին մեծ է իշխանավորի համար, եւ շատ կարեւոր է այստեղ հանդուրժողական լինել։

Արդեն մեկ տարի է, ինչ ես ուշադրություն չեմ դարձնում «մոսկաներին», որոնք լիքն են, դրսում պտտվում են, խոսում են, հայտարարություններ են անում, բայց լուրջ, ձեւավորված մեր քաղաքական ուժերը պետք է զգան պատասխանատվությունը երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ եւ կլոր սեղանի շուրջ պայմանավորվեն քաղաքակիրթ ձեւով մտնել ընտրությունների մեջ, իշխանությունը պետք է երաշխավորի այս ընտրությունների արդարությունը։ Նույնիսկ համարում եմ, որ այս կլոր սեղաններին «մոսկաները» չպետք է մասնակցեն՝ ամբողջ գործընթացը չփչացնելու համար։

– Ովքե՞ր են լուրջ, ովքե՞ր՝ անլուրջ։

– Մենք ունենք ձեւավորված կուսակցություններ, որոնք իրենց պահվածքով, իրենց գործելակերպով ցույց են տվել, որ իրենք իսկապես լուրջ են։ Եվ դա շատ կարեւոր հանգամանք է մեր այսօրվա տնտեսական վիճակի համար։ Եվ եթե դա չհաջողվի՝ կտուժի ամբողջ հանրապետությունը։ Այնպիսի քաղաքացի չի մնալու, որ դրանից ինչ-որ կորուստ չունենա։

– Իսկ ձեր կողքին «մոսկաներ» չկա՞ն։

– «Մոսկան»՝ խոսքը միայն չափի մասին չէ։ Խոսքն աղմուկի եւ չափի համապատասխանության մասին է։

– Բոլոր «մոսկաներին» խորհրդականի պաշտոն տվեք եւ մյուս դաշտի հետ հանգիստ կարող եք աշխատել։

– Խորհրդականների ինստիտուտը ձեւավորվել էր մեկ այլ քաղաքական դաշտում։ Իմ խորհրդականներից ես իրոք գոհ եմ՝ գործի վերաբերմունքի առումով բավականին լուրջ են։ Եվ այդ խորհրդականները լուրջ կուսակցությունների ղեկավարներ են՝ ե՛ւ ԱԻՄ-ը, ե՛ւ դաշնակցությունը, ավելի փոքր կուսակցություն՝ սոցիալ-դեմոկրատականը, բայց մյուսները լուրջ ձեւավորված կուսակցություններ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728