Էդվարդ Եգորյանը երեկ ԱԺ-ում Առեւտրի համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներից մեկի նամակից հատվածներ հրապարակեց։ «Այդ մարդկանց իրականության զգացումը քննության կարիք ունի»,- Հայաստանի պաշտոնատարների մասին մասնավորապես նշված է այս նամակում։
Փաստացի փոխվարչապետ Գագիկ Մարտիրոսյանն «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց, որ առաջին անգամ էր այդ նամակի մասին լսում. «Բայց կարող ենք մենք էլ մի ուրիշ նամակ գտնել, որտեղ նշված կլինի, թե պատգամավորների իրականության զգացումն էլ կարգին չի»։ Մանրամասն՝ «Առավոտի» վաղվա համարում։
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՑ ԷԼ ՀՈՒՅՍ ՉԿԱ՞
«Առավոտը» վստահելի աղբյուրներից տեղեկացել էր, որ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովին զուգահեռ՝ Անվտանգության խորհրդի հանձնարարությամբ նման փոփոխություններ է նախապատրաստում նաեւ իրավաբանների մի խումբ։ Սակայն նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը մեր հարցմանն ի պատասխան միայն նշեց. «Ընդհանրապես Անվտանգության խորհրդի օրակարգերը գաղտնի են, եւ ես տեղյակ չեմ, թե նրանք ինչ հարցեր են քննարկում կամ ինչ են որոշում»։
Կարդացեք նաև
ՊՈՂՊԱՏՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Կապի նախկին նախարար Գրիգոր Պողպատյանը հայտարարություն է ուղարկել խմբագրություն, որում ասված է. «1999 թ. փետրվարի 5-ին ոմն Բ. Գրինի «մամուլի ասուլիս» կոչված զառանցանքում արված հայտարարությունների մեկնաբանություններից առայժմ զերծ մնալով հանդերձ, չեմ կարող չարձագանքել այն բարբաջանքին, որ ամերիկյան TWT ընկերությունից իբր պարբերաբար կաշառք եմ ստացել, իսկ «ԱրմենՏելի» վաճառքից՝ 10 մլն ԱՄՆ դոլարի վճար։ Մերկապարանոց այս սուտը հիվանդ երեւակայության արդյունք եմ համարում։ Բ. Գրինի կողմից հրապարակավ ներողություն չխնդրելու դեպքում կդիմեմ դատարան»։