Լրահոս
Օրվա լրահոսը

Բերեզովսկի, Աղանբեկյան, Կովալյով…

Փետրվար 06,1999 00:00
primakov

Եթե Հայաստանում իշխանությունները փորձում են իրենց ներկա անհաջողությունների համար վարագույր ստեղծել «նախկինների» հետ հարցերը լուծելով, ապա Ռուսաստանը փորձում է հարցերը լուծելով՝ ներկաներից զատել «նախկիններին»։

Դեռեւս օգոստոսին, երբ Եվգենի Պրիմակովը դարձավ Ռուսաստանի վարչապետ, Ռուսաստանի ողջ քաղաքական վերնախավը զգաստության նոպա ունեցավ, որովհետեւ բոլորն էլ հասկանում էին, որ արտաքին հետախուզության նախկին ղեկավարն ունենալով ՊԱԿ-ում աշխատելու երկարամյա փորձ, իր գործունեության հիմնական փուլը սկսելու է օլիգարխներին իրենց ունեցած լծակներով իշխանությունից հեռացնելով։ Երբ այդ ամենը տեղի չունեցավ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ոմանք իրենց խաբված զգացին, ոմանք էլ՝ հանգստացած շունչ քաշեցին։ «Մաքրումները» սկսվեցին այս շաբաթ՝ խիստ հանկարծակիի բերելով շատերին։

Թերեւս գործընթացն էլի մի քիչ կսպասեր, եթե մոսկովյան իշխանությունները վճռական գործողությունների չդիմեին գեներալ Բարկաշովի «բանակի» դեմ։ Պարզ զգացվեց, որ վճռականության նման դրսեւորումներով Յուրի Լուժկովը ակտիվացնում է իր նախագահական ընտրարշավը, որովհետեւ Բորիս Ելցինի գահակալության ժամկետը կարող է ընդհատվել ցանկացած պահի։ Պատասխանն իրեն երկար չսպասեցրեց եւ Ռուսաստանի դատախազությունը շտապ կարգով սկսեց բացահայտումներ անել «օլիգարխիական» շրջանակներում։

Եթե վերոնշյալ գործընթացին համընթաց չլիներ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովի հապշտապ հրաժարականը, կարելի էր ենթադրել, որ սա դատախազության եւ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության համատեղ նախաձեռնությունն է, այլ ոչ թե զուտ Պրիմակովի։ Խաղաքարտերն իր ձեռքը վերցնելու՝ Պրիմակովի քայլը վերստին հաջողությամբ պսակվեց։

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում «Բուտիրկայի» քննչական մեկուսարանում հայտնվեց նախկին արդարադատության նախարար Վալենտին Կովալյովը, խուզարկություններ սկսեցին «Աէրոֆլոտում», քրեական գործ հարուցվեց Աբել Աղանբեկյանի դեմ։ Աղանբեկյանին ընդամենը մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ ձեռնարկչական գործունեությանը անօրինական մասնակցության համար։ 67-ամյա ակադեմիկոսը մեղադրվում է այն բանում, որ նա Ռուսաստանի կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի երկու շենքերը վարձակալության է տվել «Միջազգային բիզնեսի բարձրագույն դպրոց» ԲԲԸ-ին։

Ովքեր եղել են Մոսկվայի հարավ-արեւմտյան զանգվածում՝ տեսած կլինեն Ժողտնտեսության ակադեմիայի նոր շենքը. այն իր մոդեռնիստական ուրվագծով աչքի է ընկնում նույնիսկ քաղաքի այս նորագույն թաղամասում եւ համարվում է Մոսկվայում վերջին տարիներին կառուցված ամենագեղեցիկ շենքերից մեկը։ Ակադեմիայի հին շենքերը, որոնք գտնվում են Վերնադսկու պողոտայի վրա, հանձնվել են «Միջազգային բիզնեսի բարձրագույն դպրոցի» տնօրինությանը, որն իր հերթին համարվում է Ռուսաստանի տնտեսական ուղղվածության լավագույն բուհերից մեկը։ Ըստ երեւույթին, դատախազության աշխատակիցներին դուր չի եկել այն գինը, որով պետական շենքերը վարձով են տրվել ԲԲԸ-ին։ Բայց այդ դեպքում դատախազությանը պետք է հետաքրքրեին նաեւ Մոսկվայի կենտրոնում գտնվող բազմաթիվ գերատեսչական շենքերը, ներառյալ «Հին հրապարակի» վրա գտնվող նախագահի ապարատին կցվածները, որտեղ սենյակ առ սենյակ տարբեր ՍՊԸ-ներ, ԲԲԸ-ներ եւ ՓԲԸ-ներ են գրանցված։ Համենայնդեպս Աբել Գեզովիչը երեկ պառկեց հիվանդանոց՝ հիպերտոնիայից «բուժվելու» ակնկալիքով։

Շատ ավելի բարդ է «Աէրոֆլոտի» գործը։ Այստեղ ստուգման է ենթարկվում այն ամենը, ինչը կապված է Բորիս Բերեզովսկու անվան հետ։ Նույնիսկ դատախազության պաշտոնյաները չեն խորշել Բորիս Ելցինի սիրելի դստեր ամուսնուն նեղացնելուց, որը «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրենն է։ Որպես գործով անցնող վկա է նշվում «Աէրոֆլոտի» նախկին գլխավոր տնօրեն, մինչ այդ Ռուսաստանի նախագահի խորհրդական, մինչ այդ ԱՊՀ զորքերի հրամանատար Եվգենի Շապոշնիկովը։ Մի խոսքով, շոուն ավելի է բարդանում, մեջտեղ են գալիս նորանոր անուններ, եւ բոլորն էլ հասկանում են, որ աշխատում է ոչ թե դատախազությունը, այլ Անվտանգության դաշնային ծառայությունը Պրիմակովի վրա հենվելով։

Սա թերեւս Եվգենի Մաքսիմովիչի նախագահական ընտրարշավի առաջին լուրջ քայլն է։ Եվ որքան էլ նա մերժում է նախագահի պաշտոնում հայտնվելու իր հավանականությունը, բոլորն էլ հասկանում են, որ վերջին պահին հենց նա է լինելու Յուրի Լուժկովի հիմնական հակառակորդը։ Դրանից բացի Եվգենի Պրիմակովը չի կարող հանդուրժել, որ իր ղեկավարած կառավարությունը 5-6 ամսում տնտեսական որեւէ հաջողության չի հասնում եւ ժողովրդին ցույց տալու որեւէ ցուցանիշ չկա։ Քայլն ունի մեկ պատճառ եւս. Ռուսաստանի ողջ քաղաքական վերնախավը իր միլիոնանոց անձնական հարստությունը դիզում ու կուտակում է հենց պետական այս կամ այն կառույցի վրա ազդեցություն ունենալով։ Եվ նրանք բոլորն էլ որոշակիորեն կախված են քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներից։ Զարմանալի կլիներ, եթե Պրիմակովն այսքան պատասխանատու պահի ցույց չտար իր ուժը եւ որ նույնիսկ Շապոշնիկովի կարգի մարդիկ կարող են պատասխանատվության կանչվել։ Էլ ուր մնաց կուսակցական ղեկավարներ տարբեր կարգի ու աստիճանի պաշտոնյաներ, նահանգապետեր ու քաղաքագլուխներ։

Ըստ երեւույթին կոռուպցիայի մեջ թաղված քաղաքական վերնախավն էլ, ավելի ճիշտ այդ վերանախավի վախը, կլինի Պրիմակովի լավագույն հենարանը առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններում։ Ինչեւէ, ՊԱԿ-ի փորձված աշխատակիցն ու փորձված դիվանագետը բոլորից ավելի ճիշտ է հաշվարկում քայլերը եւ դա Ռուսաստանում ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, նույնիսկ Բորիս Աբրամովիչի։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728