Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՕԺԻՏԸ

Փետրվար 06,1999 00:00
aroxjapahutyun

Տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքը առողջապահության մեջ …

Ուղիղ մեկ տասնամյակ տեւած փորձը ցույց տվեց, որ միջազգային օրենքներն էլ սին ու փուչ բաներ են, մեկմեկու հակասող ու դրանով իսկ՝ ոտնահարելի։ Ի՞նչ օրենք, ի՞նչ բան, հարկավոր է միայն կամենալ ու կարենալ, մնացածն, ինչպես ասում են, ենթաօրենսդրական ակտերով, հրամաններով ու հրահանգներով լուծվող խնդիր է։ Եվ ոչ միայն միջազգային հարաբերություններում։

Դժվարը պարզապես այն է, որ կամենալն ու կարենալը միասին լինեն (չէ՞ որ երկու երնեկ մեկտեղ չեն լինում)։ Այնուամենայնիվ, հազվադեպ, բայց երկուսն իրար հետ պատահում են։

Մարդու օրգանիզմի «ամենաամոթխած» ու նուրբ հատվածներից է պրոկտոս աղին, լուրջ հոգածության ու խնամքի արժանի։ Գուցե դա՞ էր պատճառը, որ դեռեւս 1982 թ. ստեղծվեց պրոկտոլոգիայի ինստիտուտը, եւ կոլեկտիվը նշեց իր բնակարանամուտը։ Լուսավոր, գիտահետազոտական եւ պրակտիկ բժշկության համար խիստ հարմար այս շենքի կառուցումը մեծ խանդավառություն առաջացրեց կոլեկտիվում։ Սեփական ջանքերով ու աշխատանքով մարդիկ ստեղծեցին մի կենտրոն, որը ժամանակին եզակիներից էր Սովետ Միության մեջ։ Եվ ոչ միայն այդ երկրում։ Խաբարովսկից մինչեւ Արխանգելսկ բժիշկներ էին գալիս այստեղ կատարելագործվելու։ Գրեթե նույն աշխարհագրությունն էին ներկայացնում նաեւ բժշկվողները։

Տարիների հետ շատ-շատ արժեքների պես խամրեց նաեւ այս կենտրոնի նախկին փայլը։ Չնայած դրան, ու հակառակ թանկացած մեր կյանքի, հիվանդանոցն աշխատում է միշտ իր հնարավորությունների 60-75 տոկոսով։ Իր նախկին աշխույժ գործունեությունը վերագտնելու մտահոգությամբ՝ բուժանձնակազմը փորձում է համագործակցության ճանապարհներ գտնել արտասահմանյան գործընկերների հետ։ Ծրագրեր են ներկայացրել մի շարք միջազգային շնորհատու կազմակերպությունների։ Իբրեւ անցյալ փայլի հանդեպ հարգանքի նշան, կոլեկտիվը մտադիր է կենտրոնը կոչել իր երախտավորի՝ Նազարովի անվամբ։ Չնայած այս ամենին, որոշ գիտակների համոզմամբ, հազիվ թե անցյալն այստեղ կրկնվի։ Մեր հոռետեսության կամ լավատեսության ճշգրիտ չափը ժամանակը ցույց կտա, ու այս պահին սա չէ մեզ հետաքրքրողը։

Առողջապահության ոլորտում եւս սեփականաշնորհման ծրագրեր են մշակվում, որոնց բովանդակությունը մեր քննարկման հետաքրքրությունից դուրս է։ Բայց, այ, հետաքրքիրն այն է, որ 1998 թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ՝ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի գրչի մի հարվածով շենքի երեք հարկերը օտարվեցին ու տրամադրվեցին Գագիկ Ստամբոլցյանին, որի կլինիկայի (կլինիկա ասվածն էլ հարաբերական բան է, ինչպես ամեն ինչ այս աշխարհում) ամենամեծ ծանրաբեռնվածությունը 5-6 մարդ է։ Այլ խոսքով, պաշտոնանկ նախարարի սիրտն առնելու համար, իբրեւ մխիթարանք՝ մի հսկայական տարածք տվեցին ու ասացին. «Վայելիր»։ Այս մասին բժիշկների հետ զրուցելիս թեման ամփոփվում- ամբողջանում էր մեկ բառով. «Նագլիություն ա»։ Ակնհայտորեն։

Ու այլ բառ դժվար է գտնել։ Ո՞ւմ հաշվին եւ ինչո՞վ ենք սփոփում նախկին չինովնիկին, որը իր պաշտոնավարությունից ոչ առաջ, ոչ էլ առավել եւս դրա ընթացքում, որեւէ արժեք չի ստեղծել։ Զուգահեռներն ու համեմատությունները երբեմն շատ խոսուն են ու տեղին։ Դատեցեք ինքներդ։ Տարիներ առաջ ունեինք Արա Բաբլոյան, որը մինչեւ նախարար դառնալը ստեղծել ու գլխավորում էր մանկական ուրոլոգիական կենտրոնը։ Թե որքանով բեղմնավոր եղավ նրա նախարարության շրջանը՝ չգիտեմ, բայց մարդը հետո վերադարձավ «Ի շրջանս յուր»։ Այսօրվա նախարարին էլ կարծես սփոփելու խնդիր չենք ունենա, կաշխատի՝ լավ, չի աշխատի՝ կասենք. «Գնա քո դիագնոստիկ կենտրոնը ղեկավարիր»։ Իսկ Ստամբոլցյանը՝ խեղճը ի՞նչ էր ստեղծել, որ հետո ինչով սփոփվեր։ Ուրեմն՝ նրան ուրիշի ստեղծածից մի մեծ պատառ պետք է կտրեին ու տային՝ իբրեւ օժիտ։

Իմ խորին համոզմամբ, առողջապահությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է անմաքուր առեւտուրը։ Լինի հիվանդի, հիվանդատիրոջ, գործընկերոջ, թե պաշտոնյայի հետ, առեւտուրն առեւտուր է, եւ հաճախ անմաքուր։ Բայց չէ՞ որ առողջապահության առաջին պահանջը ստերիլությունը պետք է լինի։ Ավաղ, դեռեւս 1892 թ. դասականներից ամենալավ բժիշկ Չեխովը գրում էր. «Ամբողջ հիվանդանոցային գործը, ինչպես եւ քսան տարի առաջ, կառուցված է գողության, բանսարկությունների, բամբասանքների, խնամիության, կոպիտ շառլատանության վրա, եւ հիվանդանոցն առաջվա նման անբարոյական եւ բնակիչների առողջության համար վերին աստիճանի վնասակար մի հիմնարկություն է»։ Սա՝ անցյալ դարի 92-ին ու դրանից էլ դեռ քսան տարի առաջ։ Ուզում ենք ամեն ինչ անել, որ բան չփոխվի՞։ Ուզում ենք բոլոր ժամանակների դասականների խոսքերը չկորցնե՞ն իրենց այժմեականությունը։ Եթե այդպես է, օն, ուրեմն, յառաջ…

ԱՆԻ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

Հ.Գ. Ինչպես տեսնում եք, պարոն Ստամբոլցյանը կամեցավ ունենալ ավելին, քան ուներ, իսկ ավելի ճիշտ՝ քան չուներ, եւ կարողացավ ավելին, քան կարող էր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728