Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆԱԿ Է ԹՈՂԵԼ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ…

Փետրվար 06,1999 00:00
gyux

Տարվա բոլոր ժամանակներին եւ գրեթե բոլոր ոլորտներում «անզեն աչքով» անգամ նկատելի է այս հանգամանքը։ Եթե գարնանն ու ամռանը գյուղացիները մեն-մենակ են մնում, ավելի ճիշտ՝ հենց իրենք են իրենց գլխի ճարը տեսնում տնտեսության հետ կապված բոլոր հարցերում (պարարտանյութերի, դիզ. վառելանյութի, բուժանյութերի, ավտոպահեստամասերի եւ այլն), ապա ձմռան ամիսներին, մանավանդ նախալեռնային ու լեռնային գյուղերում, հոգսառատ խնդիր է դարձել բնակարանները անհրաժեշտ ջերմությամբ ապահովելը։

Հայաստանյան ձմեռը լեռնային բնակավայրերում շատ խիստ է։ Ուստի առանց ջեռուցման հնարավոր չէ դիմանալ։ Իսկ ինչպե՞ս են անում գյուղերի բնակիչները, ո՞վ է նրանց օգնության ձեռք մեկնում։ Նախ անհրաժեշտ է նշել, որ հեռու անցյալում ջեռուցման հոգսերով ամբողջովին զբաղվում էր պետությունը։ Կենտրոնացված կարգով սովխոզները ստանում էին ամբողջ գյուղի բնակչության համար նախատեսված քարածուխն ու փայտածուխը։ Ածուխի 1 տոննան շատ մատչելի էր, գրեթե խորհրդանշական գին՝ 10 ռուբլի ընդամենը։ Իհարկե, եթե կարիքավոր ընտանիքներ կային, վառելիքը տրվում էր անհատույց՝ արհկոմների, բանվորական կոմիտեների եւ այլ օղակների միջոցով։

Հիմա այդ ամենից ո՛չ միայն փշրանքներ, այլեւ ոչինչ չի մնացել։ Լոկ քաղցրիկ հիշողություններ, որը ոմանք առիթը բաց չեն թողնում խիստ եւ անհեթեթ որակումը տալու՝ կարոտախտ։

Հիմա, այս «անկարոտախտ» տարիներին պետությունը որեւէ՝ թեկուզեւ նվազագույն սոցիալական պարտավորություններ չունի (չի՛ ստանձնել) իր թե՛ գյուղաբնակ, թե՛ նաեւ քաղաքաբնակ քաղաքացիների հանդեպ։ Ընդ որում, այս հանգամանքը գյուղում առավել ցցուն է երեւում։

Խորհրդային իշխանության տարիներին շատ-շատերը հասցրին գյուղերում երկհարկանի ընդարձակ, բոլոր հարմարություններով օժտված առանձնատներ կառուցել։ Առանձնատներ, որոնք գյուղացու կենցաղը մերձեցնում ու գրեթե հավասարեցնում էին քաղաքաբնակի կենցաղային մակարդակին։ Առանձին կաթսայատնից ջեռուցման խողովակները ձգվում էին դեպի բոլոր սենյակները, որոնցում անհրաժեշտ ջերմություն էր ապահովվում։ Հիմա՝ վերջին տարիների այս ձմռան ամիսներին գյուղերում վեր խոյացած հսկա առանձնատները ամբողջովին սառած վիճակում են։ Տանտերերը փակում են բոլոր սենյակները եւ ընտանիքով տեղավորվում մի փոքրիկ խցում, որը մի կերպ տաքացնում են աթարով կամ էլ լավագույն դեպքում՝ փայտով։ Հազարից մեկը, որ գյուղում ապահովված լինի ածուխով։ Եթե ինչ-որ բան կա, ուրեմն՝ տնտեսվել է նախորդ տարիներից։

Արտաշատի շրջանի Ուրցալանջ, Վարդաշատ, Զանգակատուն, Լուսաշող, Զովաշեն գյուղերում վառելիք հայթայթելու առումով դրությունը անմխիթար է, քանի որ սպառվել են փայտի պաշարները։ Իսկ փայտ գյուղացիները ձեռք էին բերում շրջակայքից, կտրելով գլխավորապես բարդիներն ու ուռենիները։ Մանավանդ, Զանգակատուն գյուղի շրջակա դաշտերում, լանջերում, ձորերում ու հովիտներում այլեւս հազվադեպ կարելի է հանդիպել որեւէ ծառատեսակի, քանզի վերջին տարիներին անխնա կտրատվել եւ որպես վառելիք օգտագործվել են ամեն տեսակի ծառերն ու թփերը։ Սակայն դա գյուղացիների համար բնավ էլ փրկություն չէ, իսկ ահա բնությանը հասցվել է ծանր հարված։ Հատկապես խղճալի վիճակում են գտնվում գյուղացիական այն ընտանիքները, որոնք շատ անասուններ չունեն։ Այդ դեպքում անգամ աթարը՝ որպես վառելիք, չի հերիքում ձմեռն անցկացնելու համար։ Կան մարդիկ, որոնք սկսել են տնամերձում աճող պտղատու ծառերը կտրել՝ որպես վառելիք օգտագործելու համար։ Ի՞նչ անեն, ուրիշ ելք ու ճար չեն տեսնում, ո՛չ իշխանություններից եւ ո՛չ էլ որեւէ բարեգործից օգնության սպասելիքներ չունեն։

Կողքից՝ որպես չեզոք ականատես դիտարկելով եւ ուսումնասիրելով այս աննախադեպ ծանր սոցիալական իրավիճակը, զարմանում ես. մի՞թե այս մարդիկ, այս գյուղերի բնակիչները պիտի համոզված պնդեն, թե իրենք էլ ունեն իշխանություն եւ պետություն։ Չէ՞ որ որեւէ ոլորտում, որեւէ հոգս թոթափելու խնդրում գյուղացիները չեն զգում պետության զորակցությունն ու հովանավորությունը։ Միայն ու միայն մի բանում է զգացվում պետության գոյությունը. հարկերը հավաքելու ժամանակ։ Մնացած ժամանակահատվածում գյուղացիները դատապարտված են… «ազատության»։ Նրանք, իրոք, ազատ են իրենց բոլոր կարգի (մեծից-փոքր) սոցիալական հիմնահարցերը սեփական ուժերով ու նախաձեռնությամբ լուծելու։

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728