Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի լուծարեք Ազգային ժողովը

Փետրվար 06,1999 00:00
German Avagyan

Բաց նամակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Amnesti international միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ: Այդ փաստաթղթում, մասնավորապես, մտահոգություն է հայտնվում «չափահաս տղամարդկանց միջեւ փոխադարձ համաձայնությամբ կատարվող համասեռական հարաբերությունների քրեականացմամբ»: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին ուղղված պարբերական զեկույցի մեկնաբանություններում նույն կազմակերպությունը դիմում է մեր նախագահին հետեւյալ կոչով. «Անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել այն բոլոր անձերին, ովքեր ազատազրկվել են չափահաս տղամարդկանց միջեւ սեռական հարաբերությունների համար, եթե դրանք կատարվել են փոխադարձ համաձայնությամբ եւ փակ դռների հետեւում»:

Հարգելի պարոն նախագահ: Վերջերս Ձեզ ով ասես եւ ինչ կոչով ասես չի դիմում: Մանավանդ, տարբեր կոմիտեներ եւ տարբեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ես, օրինակ, չէի էլ պատկերացնում, որ մարդիկ այդքան իրավունքներ ունեն: Պարզվում է, չափահաս տղամարդիկ փոխադարձ համաձայնության դեպքում իրավունք ունեն նույնիսկ նման բաներով զբաղվել: Ճիշտ է, փակ դռների հետեւում: Բայց եթե կողպեքը կոտրվել է կամ դուռը մոռացել են փակել, ապա համեցեք, աղավնյակներս, ամբաստանյալի աթոռին: Պատկերացնո՞ւմ եք, ինչ է լինելու, եթե Դուք հանկարծ փորձեք կատարել միջազգային հանրության այս պահանջը եւ պաշտպանեք այս… /անհարմար է ասել, ում/ իրավունքները: Իրավապահ մարմինների ողջ աշխատանքային ժամանակը կգնա կողպեքները ստուգելու եւ դռները փակելու վրա:

Սակայն նամակիս բուն նյութը փոքր-ինչ այլ է՝ Ազգային ժողովը: Ես կոչ եմ անում Ձեզ, պարոն նախագահ, խորհրդարանը ցրելուց առաջ մտածել այդ քայլի հետեւանքների մասին: Հանձնարարեք համապատասխան ծառայություններին, որ նրանք իրական կանխատեսում կատարեն: Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ հետեւանքների կբերի գործազուրկ պատգամավորների տարափը խաղաղ բնակչության գլխին: Պետք է հաշվի առնել նաեւ, թե ինչպես է դա ազդելու հանցավորության եւ պոռնկության կորի վրա: Անհրաժեշտ է մարտական պատրաստության բերել Արտակարգ իրավիճակների վարչության բոլոր ստորաբաժանումները, քանի որ պատգամավորների այդպիսի հոսքը համեմատելի է միջին ուժգնության երկրաշարժի կամ սելավի հետ: Նման վճռական քայլի դիմելուց առաջ, պարոն նախագահ, անցկացրեք գոնե մի էքսպերիմենտ. բանտերից ազատեք 200 կրկնահանցագործի եւ տեսեք, թե ինչ է ստացվելու:

Եվ ամենակարեւորը: Դեռեւս նոյեմբերին «ՀՀ» թերթի խմբագիր Լիզա Ճաղարյանը խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանի կողմից ազատվել էր աշխատանքից՝ նշյալ օրգանը վարկաբեկելու /համարյա թե հակասովետական քարոզչության/ համար: Լրագրողը հիշյալ օրենսդրին դատի է տվել: Ըստ օրենքի, Արաբկիրի դատարանը պետք է 10 օրվա ընթացքում սկսեր գործի քննությունը: Բայց, ինչպես գիտեք, դատավորներն այդ շրջանում անգիր էին անում թեսթերի հարցերի պատասխանները՝ քննություն հանձնելու համար: Հիմա արդեն քննություններն էլ են ավարտվել:

Բայց եթե Դուք լուծարեք խորհրդարանը, ապա ո՞ւմ դեմ են դատ բացելու խմբագիրը եւ հեռացված լրագրողները: Լուծարված խոսնակի դե՞մ:

Մի խոսքով, կոչ եմ անում Ձեզ, պրն նախագահ, խորհրդարանը չցրել, եւ, հակառակը, ամեն մի պատգամավորի մոտ կագնեցնել ՆԳ եւ ԱԱ հատուկ գնդի ծառայող, որ ԱԺ-ն հանկարծ չինքնալուծարվի: Թե մարդկանց անօրինական ձեւով աշխատանքից ազատելու իրավունք օրենսդիրներն ունեն /ի դեպ, այդ իրավունքը նրանք օգտագործել են փակ դռների հետեւում/, իսկ երբ եկավ դատարանի առաջ պատասխանելու ժամանակը, նրանք կարող են լուծարվել:

ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆ

«ՀՀ» նախկին պայմանագրային աշխատող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728