Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ

Փետրվար 06,1999 00:00
liberal

Լիբերալներն ընդդեմ լիբերալների

«Եվ ազատ կլինեն փոքր ժողովուրդները եւ թող որ օգնի նրանց այդ հարցում հետախուզությունը» Չարլզ Պրոտեուս Ստեյմեց (վերաձեւակերպված արտահայտություն «Կաբալայից»)

Լիբերալներին միավորելը գերբարդ խնդիր է: Առավել եւս մի երկրում, ուր ընդամենը կարելի է խոսել այս կամ այն քաղաքական հոսանքի լիբերալ երանգավորման մասին եւ ուր անգամ անցած հարյուրամյակը լիբերալ-դեմոկրատական հաստատուն ավանդույթներ չի ստեղծել, իսկ գիտակցության դրոշակակրի դափնիները յուրացրած Ռամկավար-Ազատականը վաղուց արդեն քարացել-հավերժացել է պատմության խեժածածկույթում: Բայց ժամանակակից աշխարհաքաղաքականությունը լիբերալ-դեմոկրատիայի գոյության խստագույն պահանջ է ներկայացնում, առանձնապես այն երկրներում, որոնք ներքաշված լինելով տարածքային հակամարտությունների մեջ, «պատմական արդարության» վերահաստատմանն ուղղված «հումանիստական նոր աշխարհակարգի» վկայությունը պետք է լինեն:

Մեծ Բրիտանիայի «Հատուկ օպերացիաների իրականացման» բաժանմունքի պետ Հյու Դալթոնը անկեղծորեն նշել է, որ 1940թ. հուլիսի 1-ին վարչապետ Ուինստոն Չերչիլի «Հրկիզե՛ք Եվրոպան» լակոնիկ հրամանը կատարելու համար, համապատասխան մարմինները ստիպված են եղել դիմել ամենախիստ միջոցառումներին, ներառյալ «դաշույնի եւ ատրճանակի» մեթոդի ակտիվացմանը: Տարաբնույթ հակաֆաշիստական կազմակերպությունների (սոցիալիստներ, տրոցկիստներ, անարխիստներ, անկախականներ, ազգայնականներ եւ այլն) առաջին դեմքերից շատերն ընկել են Միացյալ Թագավորության գործակալների փամփուշտներից, հիմնականում այն պատճառով, որ անձնական, գաղափարական եւ այլ պատճառներով չէին կարողանում միավորվել ընդհանուր ճակատի մեջ: Նպատակն արդարացնում էր միջոցները եւ արդեն 1941թ. դրությամբ Եվրոպայի հակաֆաշիստական քաղաքական դաշտից հեռացվել էին բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում էին Ճակատի ձեւավորմանը:

Հասկանալի պատճառներով մենք չգիտենք, թե կոնկրետ որ հատուկ ծառայության հրամանով իրականացվեց Գալինա Ստարովոյտովայի սպանությունը: Բայց առանց այդ նախազգուշական սպանության հնարավոր չէր լինելու կոտրել ռուսաստանյան լիբերալ-դեմոկրատական դաշտի ինքնահավան ներկայացուցիչների համառությունը: Որքան էլ որ ատամների կրճտյունով, չկամությամբ եւ ակնհայտ ներքին դժգոհությամբ, ռուս լիբերալները, այնուամենայնիվ, գնացին ընդհանուր դաշինքի ստեղծմանը, քանզի եթե ոչ սպանության, ապա քաղաքական հետապնդումների եւ ձերբակալությունների դամոկլյան սուրը ակնհայտորեն կախված էր նրանց գլխին: Դրա համար բավական է միայն վերհիշել իրադարձությունների թավալգլոր զարգացումը Ստարովոյտովայի սպանությունից մինչեւ լիբերալների համատեղ հայտարարությունը: Իսկ սիրամարգի կեցվածքը պահպանած Գրիգորի Յավլինսկին (որը մեկ տարում երեք համախոհ է հողին հանձնել), նախ կորցրեց պատգամավորական մանդատները Սանկտ-Պետերբուրգում, ապա ներքաշվեց օրեցօր իր իսկ քաղաքական վարկին վնասող գործընթացների մեջ (հետեւեք նախագահության թեկնածուների ռեյտինգների վերաբերյալ ռուսաստանյան հարցումների դինամիկային):

Թերեւս չարժեր այսքան սեւեռվել Ռուսաստանի Դաշնությունում տեղ գտած զուգահեռների վրա, մանավանդ որ լիբերալ-դեմոկրատների միավորման եւ ուժեղացման խնդիրը Ռուսաստանում եւ Հայաստանում բեւեռորեն տարբեր նպատակների են ուղղված՝ առաջինի դեպքում բացասական, եւ անչափ դրական երկրորդի պարագայում: Սակայն մի կողմից մեր քաղաքական այրերին ռուսաստանյան զարգացումները խիստ հոգեհարազատ են, իսկ մյուս կողմից մեթոդաբանական զուգահեռների բացահայտման հարցն է լուծվում:

Ցավով պետք է նշենք, որ «հայկական ստարովոյտովան» դեռ սպասում է իր ժամին, քանզի հայ լիբերալները կամա թե ակամա մոլորեցրին շահագրգիռ արտաքին ուժերին, երբ Սիրադեղյանի նախաձեռնությամբ, գործող վարչակարգի դեմ ընդհանուր ճակատի ստեղծման պատրանք ստեղծեցին: Բայց պատրանքն արդեն հօդս է ցնդում ու թեեւ հայ լիբերալները, ՀՀՇ-ից մինչեւ մայր կուսակցությունից անջատված «արբանյակներ», արդեն զգացել են իրենց վրա քաղաքական-տնտեսական հետապնդումների ծանրությունը, այնուամենայնիվ, միամտություն է կարծել, թե այդքանով հարցը սահմանափակվելու է:

Այո՛, լիբերալներին միավորելը գերբարդ խնդիր է եւ մինչ հեղափոխական սոցիալիստները աղմկարար պաթետիկայով կարող են լղոզել ներքին հակասությունները, լիբերալները միշտ մի նրբերանգ կգտնեն միմյանց հակադրվելու համար, մանավանդ որ Հայաստանում այդ դաշտը ներկայացնող յուրաքանչյուր առաջնորդ-գործիչ (եթե անգամ կուսակցության շարքերում մատների վրա հաշված մարդիկ են) «միակն է ու անփոխարինելին», գոնե սեփական ինքնագնահատականում: Թերեւս, եթե ժամանակ լիներ եւ մեր երկրին ավելի մեծ ուշադրություն դարձնելու ցանկություն, Հայաստանում, անկասկած, որակապես նոր լիբերալ-դեմոկրատական դաշտ կստեղծվեր: Բայց ակնհայտ է, որ ո՛չ ժամանակ կա եւ ո՛չ էլ ցանկություն: Ուստիեւ շեշտը դրվում է արդեն իսկ գոյություն ունեցող ուժերի վրա:

Հասկանալի պատճառներով, Հայաստանում շատերը չեն հավատում, որ Հայոց Համազգային Շարժումը կարող է նոր վերելք ապրել, առավել եւս գալ իշխանության՝ առանձին կամ քաղաքական դաշինքի շրջանակներում: Չեն հավատում եւ կարծում ենք, որ սխալվում են: Կստիպե՛ն որ գա: Եվ դրա համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, առանձնապես, իշխանության տարբեր մարմինների, պետական եւ ՀՅԴ քարոզչամիջոցների հնարավորություններն օգտագործելով: Ի վերջո չմոռանանք, որ Հայաստանն իսկապես կանգնած է տնտեսական կրախի եզրին եւ «հրաշքը» կկատարվի, իսկ ավելի պարզ ասած, շահագրգիռ արտաքին ուժերը մեր դեմ չեն կիրառի այդ զենքը միայն այն պարագայում, եթե համոզված լինեն, որ Հայաստանում քաղաքական իշխանության վերաժողովրդավարացման համար զանգվածային հուզումներ առաջ բերելու կարիքը չկա: Ինքնըստինքյան, դա բարեգթության կամ ողորմածության հետ ընդհանուր ոչինչ չունի: Պարզապես, նոր աշխարհակարգի ճարտարապետները պետք է համոզված լինեն, որ հակաժողովրդավարության եւ բռնապետությունների փուլը հաղթահարած Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակին եւ արժանավայել կհաղթահարի փորձությունները: Իսկ դրա համար նրան բավարար ռեսուրսներ են պետք:

Առայժմ սակայն, քանի դեռ ազգային առաջնորդները հավասարության նշան են դնում իրենց անձնական հավակնությունների եւ աշխարհաքաղաքական հրամայականների միջեւ, ստիպված ենք լինելու հետեւել, թե ինչպես է օրըստօրե խորանում անդունդը իշխանությունների եւ հասարակության լայն զանգվածների միջեւ, անդառնալի հիասթափություն առաջացնելով ազգայնական սոցիալիստների վարչակարգից, ինչպես է զարգացում ապրում ներհասարակական տեռորը՝ գլխավոր թիրախ ունենալով լիբերալներին, ինչ մեթոդաբանությամբ են դարձի բերվում «Երկրապահ-Հանրապետականն» ու բանակը, ինչ թույլատրելի տեմպերով է անդունդը գլորվում հայրենի տնտեսությունը եւ որ ամենակարեւորն է՝ ինչպես են խտանում տարածաշրջանային նոր մասշտաբային արնահեղության ամպերը, ինչին Հայաստանը քաղաքական առումով բացարձակ պատրաստ չէ:

Հ.Գ. Կատարվեց: Իսկ ավելի ճիշտ՝ չկատարվեց, ցավոք: «Երկրապահ-Հանրապետականն» ու նրա առաջնորդը ընտրեցին իրադարձությունների զարգացման վատթարագույն տարբերակը: Հավանաբար ճակատագրի հեգնանքն է, որ ամենաբարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում անգամ, Երկիր Նաիրին պետք է առատ արյուն դրոշմի պատմության էջերին: Ավարայրներից ու խանասորներից ժառանգած բարդույթը հանգիստ չի տալիս ազգային ջոջերին: Ի վերջո ի՛նչ մի առանձնակի գին ենք վճարում քաղաքական հավկուրության եւ հեղափոխական տեռորի ծարավի հագեցման դիմաց՝ հե՛չ, մի երեք տասնյակ հազար հայորդու կյանք ու մեկ էլ ավերակ դարձած Զանգեզուր ու Տավուշ: Խնդալու կամ լալու պատճառ չիք: Ողջո՛ւյն արխադաշ Ալուն, հաղթանակ գործին Իլյիչի:

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728