Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Փետրվար 06,1999 00:00
nerdrum

Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահի հյուրն էր Ռոբերտ Գրինը։ «ԱրմենՏելի» հետ կապված գործարքների մասին մամուլի հրապարակումներին հետեւողները կհիշեն, որ արտասահմանյան գործարարը (թե՞ մասնագետը) դատական խնդիրներ ունի այդ կազմակերպության հետ։

Պրն Գրինը 1995 թ. աշխատում է Հայաստանում։ Նա ինքն իրեն ներդրող է համարում, ասում է, որ մինչ այդ խիստ բեղմնավոր (շահութաբեր) աշխատել է Կանադայում։ Վերջին տարիներին իր գնահատմամբ 1 մլրդ դոլարի ներդրումային գործարքների է մասնակցել։ Իսկ հիմա կարճ ասած «սիրեցի աս երկիրը եւ մնացի հոս»։ Սիրելու ընթացքում 1996 թ. «ԱրմենՏելի» նախագահի խորհրդական է աշխատել։ Այդ տարիներին անգլիական Սալթինգ խորհրդատվական ընկերության թեթեւ ձեռքով ու նույնչափ թեթեւ խորհրդատվությամբ պատրաստվեցին ու իրականացվեցին Հայաստանի հեռախոսային ցանցի հետ գործընթացներ, որ սեփականաշնորհում կամ ռեֆորմ է անվանվում։ Այդ ընթացքում «ԱրմենՏելը» ձեռքից ձեռք անցավ՝ ամերիկյան TWT-ից հունական OTE-ին։ Այս ընթացքում Ռոբերտ Գրինին հեռացրին աշխատանքից, չվճարելով 210 հազար դոլար աշխատավարձը։ Վերջինիս տուգանքներով 320 հազար դոլարանոց հայցը մեր դատարանները չեն բավարարել։

Պրն Գրինը ասուլիսի ընթացքում իր խնդիրներից զատ մի քանի մերկացնող հայտարարություններ արեց։ Պրն Գրինի կարծիքով.

-Հայաստանի կապի նախարարությունը եւ TWT-ն աշխարհի ամենակաշառակեր կազմակերպություններն են։

-«ԱրմենՏելի» սեփականաշնորհման ժամանակ շրջանառության մեջ մտած կաշառքի ծավալը 10 մլն դոլար է։

-TWT-ն նպատակ ուներ գողանալու «ԱրմենՏելի» ունեցվածքի 40%-ը։

-TWT-ն չի զբաղվել հեռախոսային ցանցի պահպանման խնդիրներով. չնայած պայմանագրով պարտավորված էր։

-TWT-ն սարքավորումների ներկրման ժամանակ կեղծիքներ է կատարել եւ մեծ գումարներ յուրացրել։

-Ի տարբերություն Գ. Պողպատյանի եւ Վ. Ավանեսյանի, կարծում է, որ TWT-ն ներդրումներ չի արել եւ փաստաթղթերով կարող է ապացուցել հակառակը՝ կանխիկ գումարներ են դուրս տարվել Հայաստանից։

Պրն Գրինը հայտնեց, որ փաստաթղթերի մի մասը փոխանցել է դատախազություն եւ ՀՀ կառավարությանը։ «Դրանք ամենակարեւոր փաստաթղթերն են, որ երբեւէ ստացել կամ կստանա Հայաստանի կառավարությունը»,- ասաց նա։ Եթե ասեր «այսօրվա կառավարությունը», թերեւս կարելի էր համաձայնվել նրա հետ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728