Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միշտ է փնտրողը գտնում

Փետրվար 06,1999 00:00
hermin nagdalyan

Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, որն ընդունեց Ընտրական օրենսգիրքը, նիստերի դահլիճի նախասրահում հայտնված պատգամավորների մի մասն անմիջապես ստիպված եղավ վերադառնալ, քանի որ ներսից երկրապահ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը իրենց խմբի բոլոր անդամներին նիստերի դահլիճ համենալու հրավեր արեց։

Նիստերի դահլիճի նախասրահն անմիջապես դատարկվեց եւ դրանով միանգամից նկատելի եղավ, որ ժամանել է եւ «Երկրապահի» նիստին է մասնակցում վարչապետ Արմեն Դարբինյանը։ Վկայությունը նրա թիկնապահների ներկայությունն էր։ Շուրջ մեկ ժամ տեւեց «Երկրապահ» պատգամավորական խմբի նիստը, որի ավարտին նույն Հերմինե Նաղդալյանը լրագրողներին տեղեկատվություն փոխանցեց ներսում տեղի ունեցածի մասին։ Նա ի մասնավորի ասաց, որ քննարկվել են բացառապես փետրվարի 8-ին նախատեսված ԱԺ հերթական արտահերթ նիստի օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետից բացի ներկա են եղել նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ հեռահաղորդակցության նախարար Արտակ Վարդանյանը։ Տիկին Նաղդալյանի վկայությամբ, լուրջ հարցադրումներ են եղել մասնավորապես «ԱրմենՏելի» վերաբերյալ։ Երկրապահները կողմնորոշիչ տեղեկատվություն են ստացել, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրներն են ներկայացրել կառավարությանը։ Այն հարցերին, որոնց պատասխանները կառավարությունն ունեցել է՝ պատասխանել է, իսկ որոնց վերաբերյալ դեռեւս վերջնական, հստակ մոտեցում չի ունեցել, մտածելու ժամանակ է խնդրել։

-Ստացվում է այնպես,- ասաց Հերմինե Նաղդալյանը,- որ բարձր մատերիաներից ենք խոսում, վերացական մատերիաներից ենք խոսում, ներդրման ծրագրեր, զարգացման ծրագրեր եւ այլն, մինչդեռ մարդկանց այսօր առաջին հերթին իրենց հացն է հետաքրքրում։ Ուստի բնական է, որ լրջորեն խոսվեց սոցիալական խնդիրների մասին։

Դրանից հետո տիկին Նաղդալյանը հայտնեց, որ խոսք է եղել սակագների խնդրի մասին ու հնչել է հարցադրում, թե ինչով է պայմանավորված դրանց բարձրացումը։ Ինչպիսի՞ իրավական կամ տնտեսական հնարավորություններ են առկա, որպեսզի լուծվի սակագների հարցը եւ, ընդհանրապես, հնարավո՞ր է դա, թե՞ ոչ։

Խոսք է եղել նաեւ հեռախոսային րոպեավճարների մասին։ Տիկին պատգամավորն այնպես մատուցեց, որ երկրապահները վարչապետին խնդրել են գոնե մինչեւ տարվա վերջ հետաձգել րոպեավճարների համար գանձվելիք գումարների հավելումը։ Ճիշտ է, խնդիրը 3-4 ամսով կոնսերվացված է, սակայն դա հիմնավոր լուծում չէ։

Երկրապահ պատգամավորը լրագրողներին հայտնեց նաեւ, որ վարչապետի ավելի հիմնավոր խոսքն արտահերթ նիստում կհնչի, թեպետ նա արդեն որոշ հարցերի պատասխանել է։ Նա նույնպես մտահոգ է եւ ոչ թե զայրացած, նույնիսկ Արտակ Վարդանյանին է խնդրել մասնագիտական խնդիրների պատասխանները նախապատրաստել ու փնտրել ընդունելի տարբերակ։ Այստեղ Հերմինե Նաղդալյանն իրեն թույլ տվեց խոհափիլիսոփայական մի խոր դիտարկում կատարել. «Բայց ոչ միշտ է փնտրողը գտնում։ Հույս ունենք, որ կառավարությունը կգտնի»։

Լրագրողների խնդրանքը՝ խոսել ԱԺ հնարավոր լուծարման վերաբերյալ երկրապահական նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին, տիկին Նաղդալյանն ասաց, որ հարցը նույնիսկ հեռավոր արծարծման չի արժանացել։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728