ԱԺՄ-ի երեկվա հրավիրած հանրահավաքն ակնհայտորեն միտում ուներ վերականգնել հին, բարի ավանդույթը եւ 88-ի փետրվարյան հիշողությունները վերակենդանացնելով, ժողովրդին տանել դեպի նոր, լուսավոր հաղթանակներ։
Հանրահավաքը 88-ի որոշ օրերի հուշեր արթնացրեց։ Անկախության հրապարակը իրոք բազմամարդ էր։ Հանրահավաքն իրենց ներկայությամբ պատվել էին մի խումբ ԱԺ պատգամավորներ Դավիթ Շահնազարյանի եւ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ։ Ներկա էին նաեւ բազմաթիվ հայտնի եւ անհայտ գործարարներ, կլորիկ փորով մի շարք նոր հայեր։ Հասկանալի է, հանրահավաքի գլխավոր մասնակիցը ժողովուրդն էր, իսկ մյուսները ժողովրդի մեջ էին։
Բոլոր ելույթներից մի քիչ
Բոլոր հռետորներն իրենց վճռականությունն էին արտահայտում, բայց միաժամանակ հույս էին հայտնում, որ ժողովուրդը պետք է ինքն անի առաջին քայլը։ Հռետորների կարծիքով ժողովուրդը պետք է ապացուցի, որ ինքը արժանի չէ այս վիճակին։ Ավետիք Իշխանյանի խոսքն ավարտվեց. «Եթե այս տարի հնարավոր չէ, երկարատեւ պայքարով մեր երկիրն ազատենք այս այլանդակություններից, ի վերջո, եթե մենք պատի տակ փնթփնթացողի կեցվածք ընդունենք եւ դիտորդ լինենք, ապա երկիրը միարժեք հետ կգնա դեպի 19-րդ դար…»։
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Սեյրան Ավագյանը «շատ ուրախ» էր, որ «նորից գտել ենք այն ձեւը, որով իսկապես կարող ենք հարցեր լուծել»։ Պարոն Ավագյանը հուզված էր եւ շնորհակալություն հայտնեց, որ ժողովուրդը եկել է. «Երբ վտանգ է առաջանում եւ այդ վտանգը հաղթահարելու համար ժողովուրդը հավաքվում, ուս-ուսի է տալիս, դա հույս է, ուրեմն ամեն ինչ չէ, որ կորած է»։ Պարոն Ավագյանի ելույթի թեժ պահին մի մարդ ինձ մեկնեց (հավանաբար ձայնագրիչս ինձ մատնել էր) մի թղթի կտոր. «Էս սաղ Լեւոնի սարքած օյիններն են»։ Փորձեցի խոսել մարդու հետ եւ պարզել, թե կոնկրետ ո՞ր Լեւոնին նկատի ունի, արդյո՞ք ՀՀ նախկին նախագահին։ Բայց պարզվեց մարդը համր է։
Թե ինչ է լինելու մեր երկրում, ըստ հռետորների, կախված է նրանից, «թե ի՞նչ ենք անելու մենք»։ Այնուհետեւ ասվեց, թե ամբողջ աշխարհում նախ կուսակցություն է ստեղծվում, եւ հետո միայն կուսակցությունը վերցնում է իշխանությունը, իսկ Հայաստանում «ճիշտ հակառակն է՝ իշխանությունը վերցնում են, հետո՝ ձեւավորում կուսակցություն»։ Սա որակվեց որպես հերթական վտանգավոր երեւույթ։ Պարոն Ավագյանը խորհուրդ տվեց ժողովրդին չհուսահատվել, մի կողմ չքաշվել, անտարբեր չլինել ճակատագրի նկատմամբ. «Այն, որ տարիներ շարունակ այսպիսի հանրահավաք չի եղել, սա լուրջ հույսեր է ներշնչում»։
ԱԺՄ-ն հայտարարեց, թե դուրս է գալիս կաշառակերների եւ կաշառակերության դեմ պայքարի։ «Հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնական ուժի մեջ է» ծանոթ կարգախոսը կրկին հնչեց։
«Այն ձայնը, որին ժողովուրդը կարոտ է»
Չէ, դա դեռ Վազգեն Մանուկյանի ձայնը չէր։ Դա Արշակ Սադոյանի ձայնն էր, որը հնչեց մեկ ընդհանուր խոսափողից։ Պարոն Սադոյանին ժողովուրդը սիրում էր. «Արշակ ջան, քո նման մի հինգ հոգի լինի, էս երկիրը կծաղկի», «Ձայնիդ մեռնեմ, կերածդ կաթը հալալ է», եւ այլ հոգեցունց խոսքեր ուղեկցում էին ելույթի ընթացքը։ Իսկ պարոն Սադոյանի կարծիքով «Իսկապես հայ ժողովուրդը խելոք, աշխատասեր ժողովուրդ է, այսքան թալանից հետո էլ որ թողնեն, ժողովուրդը իր աշխատանքով դրախտ կդարձնի երկիրը»։
Էներգակիրների, խավարի եւ ցրտի մասին կրկին ասվեց, երեխաների ուսերին բարդված պարտքի մասին ասվեց, 90 հազար տոննա չմտած մազութի մասին ասվեց, Ռուսաստանին 77,6 միլիոն դոլար պարտքի մասին ասվեց, 37 միլիոն դոլար Թուրքմենիայի պարտքի մասին ասվեց, չեկած գազի մասին ասվեց, փոստի եւ հեռագրության մասին ասվեց։ «Վերջը չի ստացվի առանց ձեզ, առանց համընդհանուր, միասնական ջանքերի ոչ մի կուսակցություն, լինի դա մեր կուսակցությունը նույնիսկ, որը այդքան տարի ճանապարհը չի շեղել, ոչինչ չի կարող անել»։ Ըստ պարոն Սադոյանի. «Ով որ վերցնում է, նա էլ վայելում է»։ Բայց ԱԺՄ-ն չի ուզում վերցնել (իր ասելով), այլ ուզում է, որ ժողովուրդը վերցնի։ Վերջում պարոն Արշակ Սադոյանը խնդրեց իր չծնված թոռների անունից ոտքի կանգնել, գնալ միասին եւ չթողնել, որ երկիրը թալանվի։ Հավաքի մասնակիցներին բաժանվել էին թերթիկներ հեռախոսահամարներով։ Կուսակցությունը ակնհայտորեն ձգտում էր իր անդամների, համակիրների թվի մեծացման։
«Մի ժամանակ ինքնավստահությունից պայթում էինք»
Պարոն Մանուկյանի ելույթը փորձ էր ներկայացնելու երկրի վատացած վիճակը, տնտեսության եւ հարկային դաշտի սխալները, ուժեղ եւ թույլ իշխանության տարբերությունները, կոնյակի գործարանի եւ «ԱրմենՏելի» վաճառքի շնորհիվ որոշ ժամանակ որոշ անցքեր փակելը, արդյունաբերություն աշխատեցնելը, ներդրումներ կատարելը եւ բազմաթիվ այլ հարցեր։ Ներկայացվեց իշխանության երկու թեւը՝ Ռոբերտ Քոչարյանը կառավարության հետ եւ Վազգեն Սարգսյանը՝ բանակով, իր կուսակցությունով, «Երկրապահով» եւ ԱԺ-ի մեծամասնությամբ։
Պարոն Մանուկյանին չի հետաքրքրում, այս երկու թեւն իրար հետ լավ են, թե կռված են։ Կհետաքրքրեր, եթե մեկը լավը լիներ, մյուսը՝ վատը. «Հիմա նշեք, սրանց մեջ լավը կա՞»։ «Չկա, չկա»,- տեղից արձանագրեց ժողովուրդը։ Պարոն Մանուկյանը հիշեց այն ժամանակները, երբ ինքն էլ էր պաշտոնյա, նա հիշեց, որ իշխանությունը այնպիսի բան է, որ «մարդուն ասլան է դարձնում»։
Երկրապահի մասին եւս խոսվեց, ասվեց, որ «երկրապահները մեծ դեր կատարեցին մինչեւ բանակի ստեղծումը»։ Իսկ հիմա «երկրապահների հիմքի վրա բերեցին փողկապավորներին»։ «Անգրագետ, զենքը ձեռքում բռնած մարդը ինձ շատ ավելի հարազատ է, քան այն առնետները, որոնք նավից-նավ են թռնում»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Մ․Ե․