Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՇԵՔ, ՈՐ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ԵՓԱԾ ՃԱՇՆ ԵՔ ԿԵՐԵԼ»

Փետրվար 06,1999 00:00
komunist

ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեն սկսեց իր հերթական նարոդնիկական շարժումը քաղաքի Սովետական շրջանից (այժմ՝ Խորհրդային)։

Հավաքվածներն ինչպես միշտ գործազուրկներն ու կենսաթոշակառուներն էին։ Լեգենդար Գայի արձանի հովանու ներքո իրար հետեւից բարձրախոսին էին մոտենում նախկին մանկավարժները եւ իրենց բողոքն ու դժգոհությունն էին արտահայտում այս իշխանություններից, նախագահից, «Վանոյին փախցնողներից» եւ բոլորից-բոլորից։ Ելույթ ունեցողները նախօրոք էին պատրաստել իրենց հատուկ կարծիքը, իսկ խոսքի պաթոսը ծնունդ էր առնում հենց հրապարակում, ամենքի աչքի առաջ։ Որքան երկար էր խոսում հերթական հռետորը, այնքան ավելի կրքոտ էր հնչում բարձրախոսը։ Գերլարված այս վիճակը տեխնիկան դժվարությամբ էր հաղթահարում եւ մեկ-մեկ փչանում էր։

Սոֆիայից հայրենիք գաղթած մի կնոջ ելույթի պահին բարձրախոսն առավել հաճախ էր փչանում, հատկապես ելույթի այն պահերին, երբ հնչում էին տիկնոջ «ինչու»-ները, մոտավորապես հետեւյալ հերթականությամբ. «Ինչո՞ւ ինձ փաստաթուղթ չեն տալիս, ինչո՞ւ Լեւոնը ինձ խաբեց, բերեց (խոսքը ՀՀ նախկին նախագահի մասին է- Մ. Ե.), ինչո՞ւ ինձ աշխատանք չեն տալիս»։ Ինչո՞ւ-ների շարքը հանդիսականներն իրենց կողմից երկարացնում էին՝ կենսաթոշակին վերաբերող «ինչուներ», հիվանդանոցին, հեռախոսավարձին, էլեկտրաէներգիային եւ բազմաթիվ այլ սոցիալական եւ կարեւոր «ինչո՞ւ»-ներ։ Հասկանալի է, որ հարցերը հռետորական էին եւ կոնկրետ այդ պահին պատասխան չէին ակնկալում։ Շարքը եզրափակվեց. «Ինչո՞վ զբաղվի ազգը» կառուցողական հարցումով։ Ելույթ ունեցողներից մեկի, ինչպես ներկայացրին՝ համալսարանի դասախոսուհու համար վերոհիշյալ հարցի պատասխանը ոնց որ թե պարզ էր. «Ազգս տասը տարի է խաբվում է, գնալով նրանց հետեւից» («Նկատի ունի Լեւոնին, Ռոբերտին, Վանոյին փախցնողներին», ինձ համար հարցը պարզեցրեց կողքիս կանգնած մի նախկին երիտասարդ- Մ. Ե.)։

Ըստ հռետորներից մեկի «տասը տարի առաջ կոմունիստները կամավոր զիջեցին, որ արյունահեղություն չլինի»։ Նույն հռետորի կարծիքով ժողովուրդն այժմ իր ձայնը պարզապես պարտավոր է կոմունիստներին տալ, քանի որ «70 տարի շարունակ կերել եք կոմունիստների եփած ճաշը»։ Բոլոր ելույթների վերջում «Կորչի բուրժուական Սահմանադրությունը» մակագրությամբ պաստառը բռնած հաղթանդամ պապիկը գոչում էր՝ «Հեռացե՛ք, գնացե՛ք»։ Ելույթ ունեցավ նաեւ մեկ ուրիշ կոմունիստ, որը վերհիշելով անցած-գնացած երանելի օրերը, անցավ հանգավորված խոսքի եւ ութոտնանի ոտանավորի ռիթմով հիշեց ու անիծեց անձնագիրը փոխողներին, հայրանունը հանողներին, ռուսերենը ուրացողներին, անգլերեն խոսացողներին։ Կողքիս կանգնած մեկ այլ պապիկ փորձում էր ինձ բացատրել. «Աղջիկ ջան, խաղք ու խայտառակ եղանք, բա մարդ էլ իր «պասպորտի» մեջ (անձնագիր- Մ. Ե.) հոր անունը չունենա՞, դե ասա մայրիշխանություն, էլի՜»։ Ընդհանրապես կոմունիստական կուսակցության հանրահավաքը խիստ բանաստեղծականացված էր։ Հռետորները «թումանյանաբար եւ սայաթնովայաբար» էին կառուցել իրենց խոսքը, հավանաբար այն նպատակով, որ ժողովրդին հասկանալի լինի եւ չձանձրանան։ Ասեմ, որ իրենց այս մի նպատակին հռետորները հասան։

Ներկաները հաճույքով էին ունկնդրում եւ վարակվել էին երանելի անցյալի կարոտախտով։ Աշուղական խոսքի գլուխգործոց էր նախկին մեխանիկ, դեռեւս կոմունիստ Լեւոն Անանյանի ելույթը։ Ամբողջ խոսքը չմեջբերենք, քանի որ նրա հեղինակային թույլտվությունը չունենք։ Բավարարվենք միայն երկու տողով.

«Զիմզիմովն ու Պեպոն սոցապի դռանը հերթ են պահում,

Հազար դրամ օժիտ ունեցող աղջկան մարդի չեն տանում»։

Ժողովրդի սոցիալական վիճակի այլ դիպուկ եւ իրատեսական նկարագրություններ հնչեցին բոլոր ելույթներում։ Երեւանի քաղաքային կոմիտեի քարտուղար ընկեր Մանուկյանն իր եզրափակիչ ճառում մասնավորապես ասաց. «Համաշխարհային կապիտալն այսօր ավելի է լկտիացել, քանի որ իր առջեւ չունի Սովետական Միությունը։ … Չզարմանաք, եթե մեր պայծառ լրագրողներից մեկը վաղը գրի, որ գյուղապետին անգամ ԱՄՆ դեսպանատունն է նշանակում»։ Ի վերջո ասվեց, որ «մեղուն, ծաղիկը եւ նեկտարը դուք էիք, 70 տարի մեղվի պես բզզացիք, բայց ձեր փեթակներում, ձեր աչքի առաջ աճել էին իշամեղուները»։

Հանրահավաքն ակնհայտորեն նախընտրական տրամադրություններ ուներ։ Կոմունիստները կոմունիստաբար թափ են հավաքում առաջիկա ԱԺ ընտրությունների համար. «Ձեր ձայնը տվեք կոմունիստներին» կոչը եկավ ցրելու կասկածները։ «Իկարուսի» մի նախկին վարորդի, որն իր ասելով վարորդ է աշխատել դեռ Քոչինյանի ժամանակներից, խնդրեցի մոտավոր հաշվել, թե քանի մարդ էր ներկա հանրահավաքին։ «Մի

«Իկարուսի» պասաժիր ա (ուղեւոր- Մ. Ե.)», գիտակ տոնով ասաց մարդը։ Իսկ մեր կարծիքով, ներկա էր եթե ոչ չորս հարյուր, գոնե՝ 300 մարդ։ Հավանաբար կոմունիստներն ավելին չէին էլ սպասում, քանի որ իրենց հանրահավաքները, որոնք կտեւեն մինչեւ փետրվարի 16-ը ներառյալ, որակել են «փոքրաթիվ ցույցեր»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728