Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՍԱԴԻՍՏ ՊԵԴԱՆՏՆԵՐԸ»

Փետրվար 06,1999 00:00
orensgirq

Որոնք, ամեն դեպքում, պատգամավորության թեկնածուներից արյան եւ, հատկապես, մեզի անալիզներ չեն պահանջել:

Ընտրական օրենսգիրքը կազմողների մասին վերոհիշյալ կարծիքը հայտնեց ՌԱ(ԼԴ) կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը։ Երեկ նա Ընտրական օրենսգրքի շուրջ բանավիճելու էր հրավիրել խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների նախագահներին։ Նաեւ՝ Աշոտ Բլեյանին։

Բանավեճի սկզբում հիշեցվեց ստալինյան շրջանի այն կարգախոսը, թե՝ «Կարեւոր չէ՝ ինչպես են ընտրում, կարեւոր է՝ ինչպես են հաշվում»։ Ներկայացվեց կեղծ քվեարկության մեխանիզմը՝ իր բոլոր ատրիբուտներով։ Պրն Խաչատրյանը օրենսգրքի միասնական տարբերակի տապալման մեջ մեղադրեց կոմկուսին՝ ի դեմս պատգամավոր Գագիկ Թադեւոսյանի, ԱԻՄ-ին, «Շամիրամին», ՀՅԴ-ին, Ժողովրդական կուսակցությանը, որը կողմ է «Ребята, давайте жить дружно» սկզբունքին։ Ու ստացվեց այնպես, որ «սա մի խայտառակ օրենսգիրք է» եւ «Հայաստանում ապավինել օրենքին՝ որպես ազատ, անկախ ընտրությունների երաշխավոր, այլեւս չի կարելի»։

Բաբկեն Արարքցյանն էլ էր այս կարծիքին։ Ըստ նրա՝ 13 հոգանոց ընտրական հանձնաժողովներում պետության կողմից ներկայացվող 3 հոգին կարող են լինել հարկային, ռազմական կամ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։ Պետությունը, փաստորեն, ամբողջությամբ իր վրա չի վերցնում ընտրությունների պատասխանատվությունը՝ տեսական եւ գործնական խոչընդոտներ ստեղծելով ընտրության մասնակիցների համար։ Գործում է աճուրդի սկզբունքը. ով ավելի արագ եւ ավելի շատ ստորագրություն հավաքի, կընդգրկվի հանձնաժողովում։

Դավիթ Շահնազարյանը պահանջեց, որ բոլոր կուսակցությունները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քաղաքական գնահատական տան։ «Իշխանության կուսակցությունը չի հայտարարել, որ իր վրա է վերցնում ընտրությունների պատասխանատվությունը,- լրացրեց նա Արարքցյանին։- Այս Ընտրական օրենսգիրքը հաջորդ խորհրդարանի անդամների նշանակման օրինակարգ է»։

Երկրապահ Ռազմիկ Մարտիրոսյանը չհավատաց հնչող մտահոգությունների անկեղծությանն ու ազնվությանը. «Այս պահին, կարծում եմ, այս օրենսգիրքը որեւէ հիմք չի տալիս կանխատեսել չեղած կեղծարարությունը, անարդար ընտրությունները»։ Պրն Մարտիրոսյանը հընթացս հասցրեց նկատել, որ «բոլորը չէ, որ մանրամասն ընթերցել են օրենսգիրքը»։ Նրա խոսքի ընթացքում բանավեճի համարյա բոլոր ծխող մասնակիցները վառեցին իրենց ծխախոտները։ Նաեւ՝ Աշոտ Բլեյանը։ «Կարծում եմ,- անվրդով շարունակում էր պրն Մարտիրոսյանը,- որ Հանրապետական կուսակցությունը հանձինս իր առաջնորդ Վազգեն Սարգսյանի՝ վերջերս հնչած ելույթի համաձայն՝ իր կշռին համապատասխան, վերցնում է պատասխանատվությունը։ Սակայն մի կուսակցության կշիռը, որքան էլ այն մեծ լինի, բավարար չէ»։

Հետագա ելույթները դարձյալ ի վնաս Ընտրական օրենսգրքի էին։

Իր հեղինակավոր խոսքը չէր կարող չասել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Եվ ասաց։ Բանավեճը եզրափակեց Վիգեն Խաչատրյանը։ Վառ ու պատկերավոր էպիտետներով նա ներկայացրեց օրենսգրքի բոլոր թերություններն՝ իրենց պատճառահետեւանքային կապով։ «Իհարկե, հիանալի կլիներ, որ Հայաստանում կուսակցությունները, թեկնածուները միայն ընտրական հիմնադրամով իրենց ծախսերը կատարեն։ Հատուկ գրել են, որ եթե հիմնադրամից դուրս որեւէ ծախս կատարես, ընտրությունը չեղյալ է համարվում։ Հիմա եթե, ասենք, ես հիմնադրամի չէ, ընկերոջս ավտոբուսով գնամ գյուղ, կարող ա գրեն՝ հիմնադրամից չի փոխանցվել, օրինական չէ։ Ո՞նց ստուգես, թե իրենց ծախսերն ինչքան են։

… Եթե ուշադիր նայեք՝ խորհրդարանի նշանակման զինվորական ինստրուկցիա է մշակված։ Ներողություն, բայց մնում է մեզի ու արյան անալիզն էլ վերցնեն»։

Օրենքը վերամշակվելու եւ ուղղվելու փոխարեն ավելի է վատացել։ Այդ է վկայում այն, որ «Կներեք, ինչքան ղարաբաղցի կա Հայաստանում ապրող, ինչքան Ռոստովից ու Մոսկվայից եկած հայեր կան, կարող են քվեարկել։ Այս օրենսգրքով Հայաստանից բացակայողների փոխարեն էլ կարող են քվեարկել»։

Այսքանից հետո գոնե ես մի եզրակացություն արեցի։ Սիրելի ընտրողներ, տրամադրվեք եւ համապատասխանաբար մազոխիստական տրամադրություններով գնացեք «սադիստական» ընտրություններին։

Թուլացեք եւ հաճույք ստացեք ընտրելուց։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728