Երազած եւ անցանկալի երեխաներ…
Տարիների սպասումներից, տառապանքներից, այս ու այն հեղինակավոր բժշկական հիմնարկների, հայտնի ու անհայտ հեքիմների, էքստրասենսների եւ այլ իրական ու հեքիաթային բժիշկ-բուժակների դռները մաշելուց, հանդիմանանքներից ու արտասուքներից, բացահայտ ու թաքուն վիրավորանքներից հետո, վերջապե՜ս… վե՛րջ տառապանքներին: Ահա նա՛, այն պստլիկը՝ առավելագույնը, ինչ կարող էր տալ Աստված…
Եվ փոխարենը… Հանրապետության կլինիկական հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժնում շատ սովորական մի օր էր, եւ այդ շատ սովորական օրվա մեջ երեք ժամվա ընթացքում, 12 արդեն բաբախող սրտիկ, արդեն նյութականացած երազանք, բուռն ու կրքոտ (կամ՝ անսեր ու անհաճո) գիշերվա արդյունքում ապագա կյանքի իրավունք ստացած 12 փոքրիկներ (թող որքան ուզում են բժիշկները, եւ ոչ միայն նրանք, խուսափեն «երեխա» բառից եւ նրանց անվանեն «պտուղ», «բջիջ» կամ՝ չգիտեմ ինչ) զրկվեցին լույս աշխարհ գալու, կապույտ երկինքը եւ կարմիր արեւը, մայրական աչքերը տեսնելու երջանկությունից։ Նրանք այլեւս երբեք չեն իմանա՝ ի՞նչ ասել է ճերմակափայլ ձյուն եւ նորաբողբոջ ծառեր, աշնան մրսած արեւ եւ կրակոտ ամառ, չեն զգա առաջին համբույրի համը եւ ստիպված չեն լինի ա՛յս ձեւով հատուցել սիրո վայելքի համար…
Եվ, այնուամենայնիվ, ի՞նչն է կնոջը ստիպում դիմել այս քայլին։ Ի վերջո, յուրաքանչյուր կնոջ երազանքն է՝ չկորցնել ի վերուստ տրված մայրանալու իրավունքը։
Կարդացեք նաև
-Ես ընդամենը 17 տարեկան եմ, հասկանո՞ւմ եք, 17 տարեկան։ Ինչպե՞ս եք պատկերացնում 17 տարեկան մայր, ես չեմ կարող նման պատասխանատվություն կրել, ավելի լավ է դեռ մայր չդառնամ, քան լինեմ վատ, անպետք մայր։
-Արդեն երեք երեխա ունեմ։ Անսպասելի հղիացա, իսկ ամուսինս չորրորդի մասին լսել չի ուզում։ Ես էլ, ճիշտն ասած, արդեն հոգնել եմ երեխա մեծացնելուց։ Ինձ համար ավելի կարեւոր է այս երեքին լավ, ուշադրությանս կենտրոնում պահել, քան ունենալ 4-5 երեխա եւ չիմանալ՝ ինչպե՞ս մեծացան, բավարար ուշադրությամբ ու հոգատարությամբ չշրջապատել յուրաքանչյուրին։
-Չնայած 30-ն անց եմ, սակայն դեռ մեկ սենյականոց բնակարանում վարձով ենք ապրում։ Ես էլ, ամուսինս էլ աշխատում ենք, սակայն ծայրը ծայրին չենք հասցնում։ Հասկանում եմ, որ մի քանի տարի հետո շատ ավելի դժվարությամբ երեխա կունենամ, սակայն հիմա նույնիսկ քնելու տեղ չեմ կարող ապահովել փոքրիկի համար։ Սա արդեն իմ վեցերորդ ընդհատված հղիությունն է, բայց այլ ելք չունեմ…
-Արդեն 48 տարեկան եմ, թոռներիս եմ պահում, եւ հանկարծ… լավ է գետինը մտնեմ, քան տղաներս ինձ ցցված փորով տեսնեն։ Եվ հետո, ասենք, այս մեկն էլ ծնվեց, ինձ շատ-շատ 10-15 տարվա կյանք է մնացել, Աստված մեծերիս պահի, լավ երեխեք են, բայց հո իրենց ընտանիքը չե՞ն թողնելու, իմ որբին պահեն։
-Փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ եւ տուն,- զրուցակիցս 30-ին մոտ կին է,- երկու երեխա ունեմ, կարգին, տեղը-տեղին պահում եմ, բայց… եթե մի մեծ տուն ունենայի ու շա՜տ փող, ինչի՞ երեքը՝ յոթն էլ, ութն էլ կբերեի, կպահեի…
Մնացած մտքերն ու պատճառաբանությունները գրեթե կրկնվում էին, եւ, այնուամենայնիվ, հիմնական պատճառը կարելի է ձեւակերպել կարճ եւ կոնկրետ՝ ֆինանսներ, եթե չհաշվենք վերջին զրուցակցուհուս, որի լուրջ տեսքը փորձում էր բոլորին համոզել, որ այս տիկինն ամենագետի մեկն է.
-Իմ անվստահությունը՝ վաղվա օրվա նկատմամբ եւ անպատրաստվածությունը՝ կյանքի հարվածներին դիմագրավելու, ինձ թույլ չեն տալիս մտածել երեխա ունենալու մասին, որովհետեւ ես չեմ կարող երեխա ունենալ՝ առանց մտածելու եւ ծրագրելու նրա ողջ ապագան։ Երեխան ինձ համար ամեն ինչ է, եւ մինչեւ այս հասարակարգը բարենպաստ չլինի երեխա ունենալու եւ մեծացնելու համար, ես ինձ նման շքեղություն թույլ չեմ տա…
Է՜հ, տիկին ջան, երեւի դու մինչեւ այդ ժամանակները չապրես… Այս լայնածավալ խոստովանությունն ինձ հիշեցրեց, որ մինչեւ վերջերս ավտոմեքենան էր շքեղություն համարվում…
Այս բոլոր պատճառաբանություններն էլ այս կամ այն չափով ընդունելի էին։ Անժխտելի է միայն մի բան՝ այս կանանց մեղադրելու եւ դատապարտելու իրավունք ոչ ոք չունի, քանզի ոչ ոք այնքան ծանր չի տանում հղիության արհեստական ընդհատման փաստը, որքան այդ որոշումն ընդունող կինը՝ ե՛ւ բարոյական, ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական առումներով։ Ցավալին այն է միայն, որ շատ քիչ կանայք են օգտվում անցանկալի հղիությունից պաշտպանող միջոցներից։ Իսկ վերջիններս բազմաթիվ են՝ սկսած մեխանիկականներից, մինչեւ դեղամիջոցները, սակայն առ այսօր մեր կանայք այդ մասին կամ ոչինչ չգիտեն, կամ լսել են ականջի ծայրով, կամ շատ անլուրջ են մոտենում։ Տասներկու կանանց էլ դիմեցի՝ ինչպե՞ս եք փորձում պաշտպանվել անցանկալի հղիությունից։ Նրանցից եւ ոչ մեկը չուներ հիմնական եւ հաստատուն մեթոդ, անգամ ցանկություն՝ ինչ-որ հնարավորություն գտնելու եւ դրանով առաջնորդվելու։ «Աբորտների» գծով մասնագիտացած բժիշկներից մեկը հայտնեց՝ գրեթե բոլորին առաջարկում ենք «սպիրալ» դնել, որը հղիությունից պաշտպանվելու ամենահուսալի միջոցներից է, բոլորն էլ որոշում են՝ հա՛, անպայման կգանք, բայց անցնում է մի քանի օր, նրանք մոռանում են ամեն ինչ, մեկ էլ հայտնվում են մի քանի ամիս հետո՝ հերթական աբորտն անելու համար…
Կանայք կան, որ արհեստական վիժումների միջոցով 10-20 երեխա են «փչացրել», մոռանալով, որ ընտանիքի կարգավորման նմա՛ն անփառունակ մեթոդն իր սեւ գործն է անում ոչ միայն այդ պահին, այլեւ երկար տարիներ իր անմխիթար հետքն է թողնում կնոջ օրգանիզմի վրա…
Ցանկացա մի քանի գինեկոլոգներից տեղեկանալ, թե հայ կանայք հղիությունից պաշտպանվելու ո՞ր մեթոդն են նախընտրում, զանգահարեցի թիվ 2 կլինիկական ծննդատան գինեկոլոգիայի բաժանմունք։ Չգիտես ինչու, հաճելի ձայնով տղամարդ-գինեկոլոգը, որը վերցրեց լսափողը, չհավատաց, որ ես լրագրող եմ եւ տեղեկությունները հավաքում եմ թերթի համար (գուցե ձա՞յնս էր մանկական հնչում), բայց չցանկացավ նաեւ ներկայանալ…
Փոխարենը ինձ մեծ սիրով ընդառաջեց գինեկոլոգ, «Հայբուսակ» ինստիտուտի մանկաբարձության ամբիոնի պրոֆեսոր Արաքսյա Ավետիսյանը։ Ըստ նրա, մեծաթիվ աբորտների պատճառը ոչ միայն կանանց անլուրջ մոտեցումն է այդ հարցին, այլ տարբեր պաշտպանիչ մեթոդների անհուսալիությունը։
-Շատ կանայք ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա հղիությունից պաշտպանվում են օրգանիզմում թթու միջավայր ստեղծելով՝ քացախով, մածնով, լիմոնով թրջված տամպոնների միջոցով։ Սակայն դա այնքան էլ վստահելի մեթոդ չէ՝ երբեմն մոռանում են, երբեմն՝ ծուլանում, երբեմն ուղղակի հնարավորություն չի լինում տամպոն դնել։ Այնքան էլ հուսալի չէ ընդհատված հարաբերության մեթոդը, ֆիզիոլոգիական մեթոդն էլ երբեմն կարող է խաբել։ Հուսալիներից են՝ հորմոնալ հաբերը եւ պարույրը (սպիրալ), սակայն առաջինները շատ թանկ են, բացի այդ՝ երբեմն թունավորումներ կարող են առաջացնել, իսկ երկրորդը բոլոր կանանց չէ, որ կարելի է (կան հակացուցումներ) եւ հետո առկա է էնդոմետրիոզ հիվանդության առաջացման վտանգը։ Հուսալի միջոց է նաեւ պահպանակների գործածումը, սակայն բոլոր տղամարդիկ չէ, որ օգտագործում են՝ տարբեր նկատառումներով։ Ամեն դեպքում, ցանկացած մեթոդ էլ, առավել եւս՝ մի քանի մեթոդների համակցումը (օրինակ՝ ֆիզիոլոգիական մեթոդի եւ թթու միջավայր ստեղծելու մեթոդի միասնությունը) շատ ավելի էժան է, հարմար եւ անվնաս, քան աբորտը, այն էլ՝ բազմակիները։
Ի դեպ, տեղեկացնեմ, որ աբորտներն այսօր Հայաստանում (կախված հիվանդանոցի եւ բժշկի որակավորումից, համբավից եւ ագահության մակարդակից, ինչպես նաեւ հղիության տեւողությունից) արժեն 5-15 հազար դրամ, սպիրալի տեղադրումը՝ մոտավորապես նույն արժեքն ունի (կախված սպիրալի որակից եւ բժշկի ախորժակից), հորմոնալ հաբերը ե՛ւ ավելի դժվար են ճարվում, ե՛ւ ավելի թանկ արժեն (իսկապես հուսալիները), թթու թրջոցները համեմատաբար էժան են…
ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ