Այսօրվա դրությամբ, Հայաստանի ազգային ֆիլմադարանում պահպանվում են 2776 անուն ֆիլմ, դրան գումարած 1900 ֆիլմ, որը ժառանգություն է ստացվել «Կինոպրոկատից»։ Շուրջ 2029 ֆոտոփաստաթուղթ, 23 հազար 331 տուփ ձայնադարան, 6000 ժամ տեսագրական նյութ (վիդեո), 726 ֆիլմի մոնտաժային թերթեր ու սցենարներ։ Հրատարակել է 12 անուն մասնագիտական գրականություն, կազմակերպել բազմաթիվ փառատոններ եւ վերջերս էլ հիմնել մասնագիտական գրադարան եւ կինոյի թանգարան։
Այս թվարկումն անիմաստ չէ, քանի որ այժմ սեւ ամպեր են կուտակվել ֆիլմադարանի գլխին։ Պայքար է ընթանում Արխիվային վարչության եւ Ազգային ֆիլմադարանի միջեւ, թե ում տիրապետության տակ կանցնի Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ կինոֆոնդը։ «Սա ազգային թշնամություն է, որովհետեւ ֆիլմադու կինոֆոնդը մեծ վտանգի առաջ են կանգնած։ Մոտ 10 տարի է, ֆիլմերը պահվում են առանց տեխնիկական պայմանների, այսինքն՝ փչանում են»։ Ինչպես պարզեցինք, մեր վեճի ակունքները հնուց են գալիս՝ 1993 թվականից, եւ որպեսզի պարզվի, թե բանն ինչ է, սկսենք հենց սկզբից։
Հայրենական պատերազմի տարիներին՝ 1943 թ., հիմնադրվեց «Կինո-ֆոտո-ֆոնո» արխիվը, որն ըստ էության մինչեւ 70-ական թվականները չի գործել։ 1971 թ. Հայաստանում շահագործման հանձնվեց «Կինո-ֆոտո-ֆոնո» արխիվի շենքը, որը համալրվեց սարքավորումներով, լաբորատորիայով եւ ֆիլմադարանով։ Սակայն այստեղ բարձրորակ ֆիլմեր չէին պահվում, այլ՝ երկրորդ տեսակի։ Վերջին 15-20 տարվա ընթացքում, մասնագետ չլինելու պատճառով, այդ կառույցը (խոսքը ֆիլմադարանի շենքի մասին է) ոչնչացվեց եւ նրա հարկերից մեկում այժմ ուրիշ գիտատեխնիկական հիմնարկություն է գործում։ Ազգային ֆիլմադարանի տնօրենը դժգոհությամբ հայտնեց, որ Արխիվային վարչության մոտեցումը կինոֆոնդին եղել է թղթային, արխիվային մոտեցում, բայց կինո-ֆոտո արժեքները շատ լուրջ նյութ են եւ մասնագիտական մոտեցում են պահանջում. «Հետեւանքը եղավ այն, որ մեր կինոխրոնիկայի ուղիղ կեսը ձայնազրկվել է»,- ասաց Գ. Զաքոյանը։
Շարունակելով պատմությունը, նշենք մի քանի փաստ եւս։ 70-ականներից տեղափոխվենք 1990-ական թվականներ, երբ հիմնադրվեց Ազգային ֆիլմադարանը։ Երեք-չորս տարում այն հավաքեց 124 անուն ֆիլմ այն դեպքում, երբ 50 տարում «Կինո-ֆոտո-ֆոնո» արխիվը հավաքել էր 134 ֆիլմ։ Ժամանակին հարց բարձրացվեց, որ կինոարխիվը միանա ֆիլմադարանին։ Եվ ահա 1993 թ. ՀՀ կառավարության որոշմամբ կինոարխիվը հանձնվեց մշակույթի նախարարությանը, իսկ այնուհետեւ՝ ֆիլմադարանին։ Մինչեւ 1996 թ. Արխիվային վարչության ղեկավարությունը չէր կատարում որոշումը եւ դրանից հետո սկսեց ի կատար ածել այն։
Կարդացեք նաև
«1996 թվականից մինչեւ այսօր Արխիվային վարչության ղեկավարությունը, համարելով, որ այդ որոշումը սխալ էր, ամեն ինչ անում է՝ հետ վերցնելու ֆոնդը»,- ասաց ֆիլմադարանի տնօրենը։
-Նրանք դեմ են տալիս արխիվների մասին օրենքը, որտեղ գրված է, որ Հայաստանի արխիվային ֆոնդը միասնական է եւ անբաժանելի։ Իրականում սա պասիֆիկացիա է, որովհետեւ օրենքում գրված է՝ Ազգային արխիվային ֆոնդ, իսկ նրանք վարչություն են։ Այդ բառը շփոթեցնում է մարդկանց։ Եվ հետո, մենք չենք բաժանում, մենք միացնում ենք ֆիլմադարանն ու արխիվը,- հայտնեց զրուցակիցս։
Զրույցի վերջում Գ. Զաքոյանը տարակուսած հարցրեց. «Ինչո՞ւ են ուզում հետ վերցնեն, տասը տարվա ընթացքում փչացնելուց ու խանգարելուց բացի ուրիշ ոչ մի բան չեն արել, իսկ այժմ էլ…»։
Ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք իրագործելու հարցին ֆիլմադարանի տնօրենն ասաց. «Նախ ցանկանում ենք ֆիլմադարանի կարգավիճակը որոշվի, որ այսպիսի քաշքշուկներից զերծ մնանք, քանի որ մեր կյանքը ուտում են։ Եթե այս հարցը լուծվի, երեք կարեւորագույն խնդիր ունենք, որը ես ներկայացրել եմ վարչապետին կից մշակութային խորհրդին։ Առաջինը՝ ֆիլմադարանի կոնդիցիոն եւ հակահրդեհային համակարգերի վերականգնումն է, ինչպես նաեւ համակարգչավորումը»։
ԱՐԹՈՒՐ ԼԱՎՉՅԱՆ