Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ «ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», ՆՈՐ «ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»

Փետրվար 05,1999 00:00
baroyakanutyun

Դժվար է ապրել մի հասարակության մեջ, որտեղ արժեքային համակարգը գլխիվայր շրջված է։ Որտեղ ազնվության, բարության, մեծահոգության, վեհանձնության տարրական դրսեւորումները բացակայում են։ Հասարակություն, որի անդամները չգիտեն, որ անպարկեշտ է ընկածին հարվածելը, վերեւում կանգնածին քծնելը, գործընկերոջը խաբելը, դավաճանելը, աջուձախ ստելը։

Մարդկային բարձր որակները մեզանում պահանջարկ չունեն, հարգանքի ու ընդօրինակման չեն տրվում։ Ընդհակառակը՝ չարության, կեղծիքի, ստորաքարշության նկատմամբ ոչ միայն հասարակության մերժումն է բացակայում, այլեւ դրանք համատարած ընդօրինակման, ճարպկության, աչքաբացության չափանիշ են դառնում։ Քաղաքակրթության ճշմարիտ ցուցանիշը ո՛չ հարստության ու կրթության մակարդակն է, ո՛չ քաղաքների մեծությունը, ո՛չ բերքի առատությունը, այլ երկրի դաստիարակած մարդու պատկերը։ Մեր երկրում դաստիարակված մարդը, ոչ մի քննություն չի բռնում։ Մեզանում մարդը դաստիարակվում է ոչ թե քաղաքակիրթ աշխարհի չափանիշներով, այլ փողոցի ազդեցությամբ, որտեղ գործում է ջունգլիների օրենքը՝ գոյատեւում է ամենաուժեղը, ամենաստորը, ամենաանազնիվը, ամենադաժանը, ամենաեսասերը։ Ազնվության պակասին ամեն քայլափոխի առնչվող քաղաքացին դառնում է խաբվելուց մշտապես զգուշացող, կասկածամիտ արարած։ Ինչպե՞ս պաշտպանվել շուկայում թերակշռող, վատը լավի տեղ անցկացնող վաճառողից, բուժել ձեւացնող, բայց իրականում դրամապանակդ դատարկել երազող բժշկից։ Այս հարաբերությունների մեջ մարդը սկսում է վերադաստիարակվել, հավերժ խաբվածի սինդրոմից ազատվելու համար ինքն էլ է սկսում խաբել։

Ստորաքարշությունն ու քծնանքը մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել։ Տարիներ առաջ ՆԳ հզոր նախարարին սիրաշահելու գործում մրցող լրագրողներն այսօր փորձում են իրենց կորցրած արժանապատվությունը վերականգնել նրան քննադատելով։ Նրա հիսնամյակին ներբողներ ձոնող գրողներն այսօր գրականության ինստիտուտում նրան դատապարտող բանաձեւ են ընդունում՝ մոռանալով, թե իրենցից յուրաքանչյուրը ժամանակին քանի ժամ է սպասել նրա ընդունարանում եւ քանի խնդրանքով դիմել նրան։ Երախտագիտությունն ու շնորհակալության տարրական զգացումն էլ հատուկ չեն մեզ։ Դրա փոխարեն ծառայամտություն՝ ինչքան ասես։ Դա չէ՞ պատճառը, որ կրթության նախարարության աշխատանքի վերլուծության ամենամեղմ փորձը զայրացած արձագանքների ալիք է ծնում։

Գրում են նոր աշխատատեղ ստանալու հույս ունեցող նախկին տնօրենը, ապագա զրո կուրսեցիների ծնողները, լուծարված հիմնարկի փոխտնօրենը եւ նախարարից այլեւայլ ակնկալիքներ ունեցողները։ Սակայն նրանք մեղավոր չեն։ Մեղավոր են քծնանքին տոն տվողները, ստորաքարշ հոդվածից սրտաշարժվողները, որոնք քննադատողին թշնամի են դիտում, քծնողին՝ բարեկամ։ Բայց, ամենացավալին նեղության մեջ հայտնված մարդու նկատմամբ վերաբերմունքն է։ Անգամ կենդանական աշխարհում վիրավոր, հիվանդ գազանին խնայում են։ Մեր հասարակության մեջ խնայելու, մեծահոգության, ներողամտության դրսեւորումներն իսպառ բացակայում են։ Թվում է փոքրիկ երեխան էլ պիտի իմանա, որ անպարկեշտ է ընկածին խփելը, քո նմանի նկատմամբ դատավորի կեցվածքը, երբ ինքդ էլ բազում մեղքեր ունես ու դատելու անընդունակ ես։

Բարոյական չափանիշները փոխանցվում են գեներով եւ ներարկվում վաղ տարիքում՝ ընտանեկան, դպրոցական դաստիարակության արդյունքում։ Դաստիարակում է նաեւ գրականությունը։ Դաստիարակում է հասարակությունն ամբողջությամբ՝ իր պահանջներին, իր հարաբերություններին ու պատկերացումներին համապատասխան։ Այսօր մեր երեխաները տեսնում են մարդկային ապականված հարաբերություններ, բարոյական ցածր պահանջներ, չձեւավորված պատկերացումներ։ Գումարած՝ գիրք չեն կարդում, իսկ դպրոցը դաստիարակող օջախից դարձել է գիտելիքներ փոխանցող (ավելի շուտ՝ չփոխանցող)։ Արդյունքում երեխան դաստիարակվում է մեր նմանությամբ, մեր օրինակով։ Կարեւոր դեր է խաղում նաեւ հեռուստադաստիարակությունը։ Թերեւս միակ բանը, որի հետ կարելի է հույսեր կապել, որ ապագա սերունդներն ավելի լավը կլինեն, քան մենք։ Այն էլ հեռուստախոտանը եթեր չթողնելու դեպքում, ինչը, կարծում եմ, դեռ անհնարին է։

Իսկ մինչ այդ մեր ստեղծած վատ հասարակությունը վերարտադրում է իր նմաններին։ Խաբելը, ստորություն անելը, քծնելը, չարությունը, նախանձը, նենգությունը նորմալ մարդկային հատկանիշներ են դիտվում՝ ոչ միայն չեն դատապարտվում, այլեւ մեր ժամանակներում գոյատեւելու պարտադիր պայման են համարվում։

ՀԱՍՄԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728