Առողջապահության բարեքանդումներից հետո առողջապահության նոր նախարարի հետ լրագրողների հանդիպման ժամանակ նորից բարձրացվեց բժիշկների «կաշառակերության» հարցը, այդ մասին ինֆորմացիա տպագրվեց «Առավոտ» օրաթերթում։ Ոչ մի անգամ չի մանրամասնվում, թե ինչ ասել է բժիշկների կաշառակերություն։
Այս թեմայով հոդվածներ գրող, բժիշկներին մրոտող հարգարժան լրագրողները գիտե՞ն, արդյոք, թե ինչպես է աշխատում բժիշկը, յուրաքանչյուր ծանր, մահամերձ հիվանդին կյանքի կոչելու համար ի՞նչ հոգեկան ապրումներ է ունենում, ինչքա՞ն քրտինք եւ էներգիա է թափում, ինչպե՞ս է բժիշկը վարձատրվում, ավելի շուտ՝ չվարձատրվում, պաշտպանվա՞ծ է, արդյոք, բժիշկը սոցիալապես, ֆիզիկապես, իրավաբանորեն։
Ներքին գործերի ցանկացած կիսագրագետ տեսուչ կարող է բժշկի վրա «գործ» սարքել՝ դատարան քարշ տալով։ Առողջապահության աշխատողները վերջին անգամ աշխատավարձ (եթե կարելի է այն աշխատավարձ համարել) են ստացել 5-6 ամիս առաջ։ Բժշկի այդ խղճուկ, սիմվոլիկ աշխատավարձը (5000 դրամ) չի բավարարում նույնիսկ տրանսպորտի վարձին։ Ի՞նչ արտոնություններից է օգտվում բժիշկը, ո՞վ է նրան անվճար կամ զեղչ գնով որեւէ ծառայություն մատուցում։
Շուկայական հարաբերություններ կոչվող մեր օրերում ամեն ինչ դիտվում է որպես ապրանք՝ իր նյութական արժեքով, իսկ բժշկի գիտելիքնե՞րը, փո՞րձը, չարչարա՞նքը, նրա կատարած աշխատա՞նքը։ Պետությունը մտածում է դատավորների եւ դատախազների աշխատավարձը բարձրացնել մինչեւ 350 ամերիկյան դոլար, որպեսզի նրանք հրաժարվեն 3-5 հազար դոլար կաշառքից, իսկ ո՞վ պետք է մտածի բժշկի 10 դոլար ողորմելի աշխատավարձը բարձրացնելու մասին, որ նա հրաժարվի 10-20 դոլար «կաշառքից»։ Բժիշկն էլ մարդ է, նա ինչպե՞ս պետք է բավարարի իր եւ իր ընտանիքի կենսական կարիքները։
Կարդացեք նաև
Տարիների աշխատանքային փորձով իմաստնացած եւ հեղինակություն վայելող վիրաբույժը 24-ժամյա հերթապահությունից, գիշերային ծանր վիրահատությունից հետո, հոգնատանջ՝ առավոտյան փողոցային առեւտրում կանաչի կամ սիգարեթ վերավաճառելո՞վ պետք է իր օրվա հացը վաստակի։ Ո՞վ պետք է կերակրի բժշկին, եթե ոչ հասարակությունը՝ հանուն իր առողջական շահերի։
Ապա հաշվեք, թե յուրաքանչյուր բժիշկ (հատկապես վիրաբույժները, որոնց կաշառակերության մասին առավել է խոսվում) իր ողջ գործունեության ընթացքում քանի մարդկային կյանք է փրկում, պատերազմի պայմաններում հայրենիքի ազատություն համար կռվում քանի զինվոր է վնասվածքներից հետո բժիշկների ջանքերի շնորհիվ ապաքինվել եւ մարտական դիրք վերադարձել։ Ի՞նչ է, առողջությունը եւ մարդկային կյանքը այլեւս արժեք չունե՞ն, հատկապես չունեւորների համար, մեր ժողովրդին առողջությունն այլեւս հարկավոր չէ՞։ Բիրդան աղա նոր հայերը եւ պետական այրերը բուժման կարող են մեկնել փարիզներ, բայց՝ պլանային բուժում ստանալու համար, իսկ անհետաձգելի, կյանքին վտանգ սպառնացող դեպքերո՞ւմ։ Հաշվեք ապա, ինչքան կգոյատեւի մեր ազգը առողջության համար սեփական բժիշկներին վճարելուց հրաժարվելով։
Հարգանքներով՝ մի խումբ բժիշկներ
Հ.Գ. Նամակը վաղուց պատրաստ էր, բայց մենք տարակուսանքի մեջ էինք, այն ուղարկե՞լ, թե՞ ոչ, կտպագրե՞ն, թե՞ կարհամարհեն։ Եթե տպագրեն էլ, ի՞նչ կփոխվի։ Երկար մտորումներից հետո որոշեցինք ուղարկել, այն էլ առանց ստորագրության, որովհետեւ այս նամակի տակ, առանց վերապահումների, կստորագրի Հայաստանի յուրաքանչյուր բժիշկ։ Հուսով ենք, պարոն խմբագիր, որ Ձեր թերթի ավանդույթի համաձայն, այն կտպագրեք, որով երկխոսության հնարավորություն կընձեռեք շահագրգիռ կողմերի (հիվանդ, բժիշկ, լրագրող) համար։ Գուցե դրանով հնարավոր լինի ուրվագծել առողջապահության զարգացման ուղիները նոր պայմաններում։