Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկու տենդ

Փետրվար 05,1999 00:00

ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 9-ի թիվ 697 որոշման համաձայն, Սոթքի եւ Մեղրաձորի հանքերն ու համալիրները, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան միավորվել են «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվության ընկերության մեջ։

Որոշումն արդեն սկսել է իրագործվել։ Կառավարության որոշումից ուղիղ 2 օր հետո ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը ստորագրել է իր թիվ 500 հրամանը։ Այնուհետեւ, նոյեմբերի 27-ին, «Հայոսկի» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է արձակել իր բաժին հրամանը։ Հրամանով ստեղծվել է վերոհիշյալ ձեռնարկությունների միավորման աշխատանքները կազմակերպող հանձնաժողով։ Առանձին կետով նշվում է. «Մնացած (նրանց, ում «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն ՍՊԸ-ն չի վերցնում աշխատանքի- Ա. Գ.) աշխատողներին՝ հաստիքների կրճատման հիմքով, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-1 հոդվածի, ազատել աշխատանքից՝ կատարելով վերջնահաշվարկ»։ Հրամանի վերջին՝ 6-րդ կետը արձանագրում է. «Սույն հրամանի կատարման վերահսկումը վերապահում եմ ինձ» (այսինքն՝ «Հայոսկի» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ս. Ստեփանյանին)։

Այս պահից հետո հերթը հասել է «Հայոսկու» շարքային աշխատակիցներին։ Նրանք իրենց «բողոք-առաջարկություն-պահանջը» բաժանել են հանրապետության լրատվամիջոցներին։ Նրանց կարծիքով, «խախտվում եւ ոտնահարվում են 1150 հոգուց բաղկացած կոլեկտիվի սահմանադրական իրավունքները»։

Հատվածաբար ներկայացնում ենք մեր ստացած փաստաթուղթը.

«Մենք՝ «Հայոսկի» ՊՓԲԸ աշխատակիցներս վճռական բողոք ենք հայտնում… ձեռնարկության դիտավորյալ սնանկացման ու ձեռնարկության տնօրինության տակ գտնվող գույքի վնասաբեր ձեւով օտարման փորձ կատարելու եւ անհիմն մասսայական կրճատումներ կատարելու դեմ։

Բողոքը հիմնավորում ենք հետեւյալ փաստարկներով. «Հայոսկին»՝ ՀՀ-ում ոսկի արդյունաբերող միակ ձեռնարկությունը, հիմնադրվել է 1976-ին։ … Տարեկան ստացել ու վերամշակել է 2-3 տոննա մաքուր ոսկի պարունակող հանքաքար։ Ինքնուրույն ապահովել է ոսկու պաշարների աճ։

Ձեռնարկությունը կոլեկտիվի ջանքերով աշխատել է նույնիսկ էներգետիկ ճգնաժամի, շրջափակման եւ պատերազմի տարիներին։ 1996 թ. 2-րդ կեսից դադարել է գործել։ … Գործունեության դադարեցման եւ հետագա սնանկացման մեղքը պատկանում է նախարարության եւ ձեռնարկության նախկին ու ներկայիս ղեկավարությանը (աննպատակ վարկերի ստացում եւ աննպատակ ծախսում)։

Այժմ նորաստեղծ համատեղ ձեռնարկությունը օտարվում է (Սոթքի եւ Մեղրաձորի հանքերն ու համալիրները, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան- Ա. Գ.) գնահատված նվազագույն՝ չնչին արժողությամբ։

«Հայոսկի» ՀՆՊՁ-ի վերակազմավորումը պետական փակ բաժնետիրական ընկերության կատարվել է «ՀՀ սեփականության մասին» օրենքի խախտումով, համաձայն որի (հոդված 28, կետ 1) պետական ձեռնարկության վերակազմավորումը բաժնետիրական ընկերության կարող է կատարվել այդ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի եւ վերակազմավորման համար լիազորված պետական մարմնի համատեղ որոշմամբ, ինչը չի կայացել։

Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերի շահագործման իրավունքի փոխանցումը արտերկրյա ընկերության մասնակցությամբ ՀՁ-ին, նույնպես կատարվել է ՀՀ սեփականության մասին օրենքի խախտումով (հոդված 42), որի համաձայն, բնական ռեսուրսները օգտագործման են տրվում միմիայն ՀՀ Գերագույն խորհրդի (այժմ՝ Ազգային ժողովի) կամ նրա կողմից լիազորված մարմինների (գործկոմների) որոշմամբ։

Համատեղ ձեռնարկության հիմնադիրները (արտերկրյա եւ տեղական) փաստորեն խաբել են «Հայոսկի» ձեռնարկության կոլեկտիվին, որն արդեն 3-րդ տարին է՝ անգործ ու քաղցած սպասում է հանքերի եւ ֆաբրիկայի վերագործարկմանը։ Սկզբնական բիզնես պլանով նախատեսվում էր Սոթքի հանքավայրում արդյունահանել 2,5 մլն տոննա ոսկու հանքարար, իսկ Մեղրաձորում՝ 150.000։ Մինչդեռ ներկայումս ստորագրված պայմանագրով 23.06. 1998 թ. եւ ՏՏՀ-ով արդյունահանման ծավալները իջեցված են համապատասխանաբար 625000 տոննա եւ 125000 տոննա։

Պարզ է, որ գործող ձեռնարկության կանգնեցումը, սնանկացումը, այնուհետեւ արտասահմանյան ինվեստորի հրավիրելը «արտադրության վերագործարկման» նպատակով պետք էր միմիայն նրանց, ովքեր «հաջող» գործարք իրականացնելուց հետո, այսօր բարձր աշխատավարձով տեղավորվել են համատեղ ձեռնարկությունում՝ Միրոն Շիշմանյանը (նախկին փոխնախարարը), Վ. Վարդանյանը (Գառնիկ Նանագուլյանի իրավախորհրդատու), Սաբիր Ստեփանյանը («Հայոսկու» տնօրենը, ինչպես նաեւ Արմեն Դավթյանը եւ Նորիկ Պետրոսյանը (ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բաժնի վարիչներ)։ Նշվածներից միայն «Հայոսկու» տնօրենն է, որ առնչություն ունի լեռնամետալուրգիական աշխատանքների հետ։

Համաձայն ստորագրված պայմանագրի եւ ինվեստորի կողմից ներկայացված ՏՏՀ-ի, Սոթքի հանքավայրը շահագործվելու է ոչ ռացիոնալ եւ ուղեկցվելու է ոսկու պաշարների զգալի կորստով։ Սոթքի հանքավայրում առկա է 24,182 մլն տոննա հանքաքար՝ 164,6 տոննա ոսկու պաշարներով, 6,8 գ/տոննա միջին պարունակությամբ։ Ըստ ինվեստորի ՏՏՀ-ի (տեխնիկատնտեսական հաշվարկների) մինչեւ 2008 թիվը արդյունահանվելու է 6,01 մլն տոննա հանքարար, 42,7 տոննա ոսկի, 7,2 գ/տոննա միջին պարունակությամբ։ Իսկ թե մնացածն ինչ է լինելու՝ հայտնի չէ։

Մենք գտնում ենք, որ 20 տարի ժամկետով պայմանագիր կնքելը եւ Սոթքի ու Մեղրաձորի հանքադաշտերը 20 կմ շառավիղով ՀՁ տնօրինությանը հանձնելն անհեթեթություն է եւ ազգային շահերից չի բխում։ ՀՁ պայմանագրի եկամուտների ու ծախսերի հաշվարկում չափազանցված են ինչպես օպերացիոն ծախսերը, այնպես էլ կապիտալ ներդրումների ծավալները, որոնք ոսկու կորզման ցածր աստիճանի հետ մեկտեղ արհեստականորեն նվազեցրել են իսկական շահույթը եւ հետեւապես ՀՀ բյուջե սպասելիք մուտքերը։

Այդ բոլորն ուղղակի թե անուղղակի վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, նրա ռազմավարությանը։ Դրա հետ առնչվող մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն ու պատժվեն»։

«Հայոսկի» ՊՓԲԸ կոլեկտիվի անդամներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728