Արտգործնախարարության մամուլի ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն, ԼՂՀ արտգործնախարար Ն. Մելքումյանը փետրվարի 3-ին ընդունել է կարճատեւ այցով Ղարաբաղ ժամանած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ջոն Ֆորբսին։ Ներկայացնելով տարածաշրջան կատարած իր այցելության նպատակը՝ Ֆորբսը տեղեկացրել է, որ նախատեսվում է մարտին Լորդերի պալատում քննության առնել Ղարաբաղի հիմնախնդիրը, որի առնչությամբ իրեն անհրաժեշտ է ամբողջական տեղեկատվություն ունենալ բանակցային գործընթացի ներկայիս վիճակի մասին։
ԼՂՀ արտգործնախարարը պատմել է ղարաբաղյան հակամարտության ակունքների եւ զարգացման մասին, խաղաղարար գործընթացում տիրող իրավիճակը ներկայացրել է միջազգային միջնորդների վերջին առաջարկների, Ադրբեջանի հրաժարվելու լույսի ներքո։ Նա հավաստել է նաեւ փոխզիջումների գնալու ԼՂՀ պատրաստակամությունը հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու նպատակով։
ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵ՞Ն ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախկինում գործող արհմիութենական ճյուղային կազմակերպությունների մի քանի նախագահներ օրերս հանդիպում ունեցան ԼՂՀ ԱԺ մանդատային, մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովում։ Աշխատավորության շահերը պաշտպանող հասարակական այլ կազմակերպության ներկայացուցիչները հետաքրքրվել են «Արհմիությունների մասին» ԼՂՀ օրենքի ընդունման ընթացքի հետ կապված հարցերով, որի շուրջ հանգամանալից պարզաբանումներ է տվել հիշյալ հանձնաժողովի նախագահը։ Շոշափվել են շուկայական հարաբերությունների, ներկա պայմաններում աշխատավորության արմատական շահերի արտահայտմանն ուղղված արհմիութենական շարժումների գաղափարական հիմնահարցերը։
Կարդացեք նաև
ՆԱԽՔԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ
ԼՂՀ վիճակագրության պետռեգիստրի եւ վերլուծության պետական վարչությունը խորհրդակցություններ է անցկացնում հանրապետության շրջաններում՝ բնակչության սոցիալ-տնտեսական հետազոտություն անցկացնելու նպատակով։ Ըստ վարչության պետ Վահե Դանիելյանի, այդ միջոցառումը կարեւորվում է հատկապես մարդահամարի նախաշեմին, ինչն ընդունված է աշխարհի քաղաքակիրթ երկրներում։ Խորհրդակցությունների ժամանակ վիճվարչության ղեկավարը պարզաբանելով խնդրի էությունը՝ ընդգծել է սոցիալ-տնտեսական հարցում անցկացնելու անհրաժեշտությունը։
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ