Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ

Փետրվար 05,1999 00:00

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան զեկուցող Դմիտրու Վոլչիչին

Հարգարժան պրն Վոլչիչ

Ձեզ եմ դիմում ՀՀ Ազգային ժողովի օրաթերթ «Հայաստանի Հանրապետութիւնից» հեռացված տասներկու լրագրողների եւ նախկին գլխավոր խմբագրի անունից։ Այս նամակը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին կարող էր հղվել դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ԱԺ նախագահի կամայական ու անհիմն որոշմամբ աշխատանքից հեռացվեց «ՀՀ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, եւ խմբագրության տասնութ լրագրողներից տասներկուսը, որպես բողոքի քաղաքական ակցիա, գործադուլ հայտարարեցին։ Նրանց նպատակը մեկն էր. վերականգնել համահիմնադրի իրենց անտեսված իրավունքը եւ թույլ չտալ, որպեսզի ժողովրդավարության ուղին որդեգրած Հայաստանում արհամարհվեն ամենատարրական իրավական նորմերը։ Արժե՞ զարմանալ, որ նրանք էլ հեռացվեցին աշխատանքից՝ գտնվելով հայտարարված գործադուլի մեջ։

Ինչո՞ւ «ՀՀ» գլխավոր խմբագիրն ու տասներկու պրոֆեսիոնալ լրագրողներն ազատվեցին աշխատանքից՝ կհարցնեք։ Որովհետեւ իր գոյության ութ տարիների ընթացքում առաջին անգամ «ՀՀ»-ն առանց գունազարդումների էր մեկնաբանում Ազգային ժողովի աշխատանքը, պատգամավորներն իրենց ընտրողներին էին ներկայանում սեփական խոսքին ու գործին համարժեք լույսի տակ, լուրջ փորձ էր արվում պետական մամուլը ծառայեցնել ոչ թե առանձին պաշտոնյաների, այլ հանրության շահերին՝ դրանով իսկ ժողովրդին հավատ ներշնչելով պետական լրատվամիջոցների ու պետական քարոզչության նկատմամբ։

Թվում է, ժողովրդավարությունը դրոշ դարձրած իշխանություններին ընդունելի պիտի լիներ պետական մամուլի այս դիրքորոշումը։ Ցավոք, միայն թվում էր։ Խորհրդարանական նոր ընտրություններից առաջ Ազգային ժողովին ձեռնտու չէր այնպիսի թերթ «պահելը», որը պատվեր չէր կատարելու եւ, առաջին անգամ, թերեւս, նպաստելու էր ազատ ու արդար ընտրություններին։ Նախկին գլխավոր խմբագրի համարձակ ու անկաշառ քաղաքական դիրքորոշումը ԱԺ նախագահի կողմից բնութագրվեց որպես «վարկաբեկում», ինչով եւ պատճառաբանվեց աշխատանքից նրա ազատումը։

Որպես ժողովրդավարության կայուն երաշխիք՝ մեր իշխանությունները հաճախ են հպարտությամբ վկայակոչում (այդ թվում եւ՝ Եվրախորհրդի ամբիոնից) Հայաստանում ազատ մամուլի առկայությունը։ Մինչդեռ, իմ հաստատ համոզմամբ, կայացած ժողովրդավարության դիրքերից կարող է հանդես գալ այն երկիրը, որն ունի պետական բյուջեից սնվող, սակայն սեփական դեմքը չկորցրած լրատվամիջոցներ։ Պատահական չէ, որ անկախության ուղին բռնած երկրների ժողովրդավարական գործընթացները գնահատելիս, արտասահմանցի դիտորդների ու փորձագետների թիվ մեկ չափորոշիչը եղել եւ մնում են պետական լրատվամիջոցները։

Հայաստանի պետական լրատվամիջոցներից մեկի՝ «Հայլուրի» թղթակցի հարցին ի պատասխան, Դուք նշեցիք, որ մեր երկիրը խնդիր չունի Եվրախորհրդին անդամակցելու հարցում, սակայն անմիջապես էլ ավելացրիք, թե մարդու իրավունքներին եւ ժողովրդավարական զարգացումներին առնչվող որոշ հարցեր կան դեռ, եւ հենց ա՛յս առաքելությամբ է ձեր պատվիրակությունը ժամանել Հայաստան։

Դիմում ենք Ձեզ այն համոզվածությամբ, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների այցը մեր երկիր կխթանի այդ գործընթացները, եւ հայ լրագրողներն այսուհետ առիթ չեն ունենա դիմելու միջազգային ատյաններին՝ իրենց պրոֆեսիոնալ իրավունքները վերականգնված տեսնելու ցավոտ հարցով։

ԼԻԼԻ ՄԱՐՏՈՅԱՆ

«ՀՀ» նախկին խորհրդարանական մեկնաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728