Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԲԱԺԱԿ ԼԻՄՈՆԻ ՀՅՈՒԹ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՄՏԱՀՈԳ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Փետրվար 05,1999 00:00
limon

Հին անեկդոտ կա այն մասին, թե ինչպես մեկն իր գերերջանիկ, ինքնագոհ ընկերոջը տեսնելով խորհուրդ է տալիս. «Գնա մի հատ լիմոն կեր, էդ դավոլնի ռոժդ չտեսնեմ»։

Թվում է, թե տիպիկ հայկական մտածողություն է։ Պարզվում է՝ այնքան էլ չէ։ Ճիշտ եւ ճիշտ այդ անեկդոտի մոտիվներով միջազգային մի մրցանակ կա, որը տրվում է լավագույն ժպիտի համար։ Այդ մրցանակին առայժմ չորս մարդ է արժանացել՝ Հռոմի պապը, Բուդդիզմի հոգեւոր հովիվներից մեկը, գրող Աստրիդ Լինդգրենը եւ Միխայիլ Գորբաչովը։ Մրցանակի հետ մրցանակակիրներին մի-մի բաժակ լիմոնի հյութ է տրվում եւ պարտադրվում մինչեւ վերջ այն խմել։ Թերեւս չի բարձրաձայնվում միայն վերեւի ռեպլիկը։ Երկու օր առաջ դիտելով ԱԺ հերթական նիստի ավարտին պատգամավորների հայտարարությունների բաժինը, մտածեցի, որ նրանցից մի քանիսին եւս չէր խանգարի լիմոնի հյութ առաջարկել։ Նրանք գոհունակությամբ (իրենք իրենցից գոհ) հայտարարում էին ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին։ ԱԺ-ն դեռեւս չի ցրվել, ԱԺ-ն դեռեւս աշխատում է, իսկ պատգամավորներից առավել աչքաբացներն արդեն սկսել են ԱԺ-ի առաջիկա ընտրություններին իրենց նախընտրական արշավը։

Երկրի սոցիալական քաղաքականությունը ամպագոռգոռ խոսքերով հռչակվեց հասցեագրված։ Անցել է ընտանեկան նպաստի համակարգին անցնելու առաջին ամիսը։ Կարիքավորներից ջոկել-անջատել են առավել կարիքավորներին եւ մի քիչ փող են տալիս։ 230 հազար ընտանիք հայտնվեց երջանիկների ցուցակում, սակայն 500 հազարից ավելի ընտանիքներ դուրս մնացին բոլոր տեսակի ցուցակներից։ Ժամանակին, երբ գրում ու ներկայացվում էր նպաստի համակարգի անկատարությունը, ոչ ոք ոչինչ չուներ ասելու։ Հիմա կատարված փաստի առաջ խոսքը հեշտ է։ Պատգամավորները կոնկրետ գյուղեր են վկայակոչում, որտեղ մարդիկ զրկվել են նպաստից, գյուղապետերն են դժգոհում, որ իրենց վատամարդ են դարձրել համագյուղացիների աչքում։ Դժգոհությունների կծիկը հետզհետե մեծանում է, իսկ ոմանք, ըստ որում, ոչ պատահական մարդիկ, շատ էլ գոհ են։ Ինչո՞ւ գոհ չլինեն, երբ ճիշտ եւ ճիշտ կատարել են Համաշխարհային բանկի պատվերը, երկրին փորձաճագարի դեր են վերապահել եւ իբրեւ գլուխշոյանք ստացել են կառուցվածքային բարեփոխումների համար տրվող կլորիկ մի գումար։ Այդ գումարի մի մասն էլ հենց ընտանեկան նպաստի համակարգին անցնելու համար է տրված։

Եվ հիմա զուր է թուր ճոճել, սոցիալապես անհանգիստ ելույթներ ունենալ եւ ասել. «Էս ի՞նչ եք անում, տղերք»։ Ներկայացումն ավարտված է, մոմերը կարելի է հանգցնել։ Արդյունքում մնաց կարիքավորների մեծաթիվ բանակը՝ իր հոգսերով, չունեցած նպաստով, չունեցած արտոնությամբ ու փոխհատուցմամբ։ Տեղի ու անտեղի հիշում ենք, թե մի բուռ ազգ ենք։ Մի բուռ ենք, բայց այնպիսին, որից հնարավոր չեղավ ջոկել իրոք կարիքավորին։ Պատճառները մի քանիսն են, նախ՝ բոլորն են կարիքավոր (չհաշված բնակչության մի 10-15%-ը), եւ երկրորդ՝ գյուղապետերն ու համայնքապետերը, սոցիալական ծառայությունների աշխատողներն ու մյուսներն էլ քեռի ու մորաքույր ունեն, հարեւան ու բարեկամ։ Իսկ ո՞ր հայը, առավել եւս պաշտոնյա հայը, իր հարազատին թողած, ուրիշի աղքատ քեռակնոջը կօգնի։ Նույնիսկ իրենք,նպաստ ստացողները ազնվության պոռթկումի պահին չեն թաքցնում, որ իրենցից առավել կարիքավոր հարեւանը կամ ազգականը ցուցակներից դուրս է մնացել։ Բողոքները շատ են ե՛ւ շրջաններում, ե՛ւ Երեւանում։

Ու կատարվեց այն, ինչից այնքան վախենում էին սոցիալական պաշտոնյաները։ «Գիտե՞ս թե ինչ բում է սկսվելու հունվարին», մի անգամ սիրտը բացեց պաշտոնյաներից մեկը։ Գիտեին, գիտեին, թե ինչ են անում, բայց արեցին։ Ճար չունեի՞ն։ Կարելի էր գտնել, բայց պատվիրատուն այլ պահանջներ էր դրել։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728