Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօր ես տեսա 37 թվականը եւ զրպարտիչներին

Փետրվար 05,1999 00:00
shant harutyunyan

Մեր խմբագրություն այցելած Հայաստանի ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին շատ են վրդովեցրել Վանո Սիրադեղյանի անձի շուրջ վերջերս արվող բազմաբնույթ հայտարարությունները։

Նա մտահոգված է, որ 50 տարի հետո, ուսումնասիրելով հայաստանյան մամուլը, մարդիկ կզարմանան, որ չի եղել որեւէ մեկը, որն իր քաղաքացիական կեցվածքով կարողանա օրինակ լինել մյուսների համար։ Պարոն Հարությունյանի կարծիքով, ընդօրինակման արժանի է հենց իր կեցվածքը, եւ ոչ այն մտավորականներինը, որոնք դատապարտում են Վանո Սիրադեղյանին։ Նման մտավորականների մասին Շանթ Հարությունյանն արտահայտեց իր տեսակետը։

– Աշխարհում միայն դատախազի պաշտոնական դիրքն է թույլ տալիս հանդես գալ որպես մեղադրող։ Անկախ դատարանի վճռից, եթե նույնիսկ նա չհիմնավորված փաստերով է առաջադրել մեղադրանքը, դատախազը երբեւէ ոչ միայն պատասխանատվություն չի կրում իր առաջադրած մեղադրանքի համար, այլ պետբյուջեից աշխատավարձ է ստանում։ Իսկ Սիլվա Կապուտիկյանի կամ Հենրիկ Հովհաննիսյանի նման մտավորական կոչվածները կապկելով եւ կրկնելով դատախազի մեղադրանքը, ոչ միայն դատախազ չեն դառնում, վերածվում են պարզ զրպարտչի, որոնց համար քրեական օրենսգրքում օրենք կա։

Վանո Սիրադեղյանի համար դատարանն ինչպիսի վճիռ էլ կայացնի, այն միշտ ենթակա է բեկանման, իսկ այսպիսի մարդիկ իրենց խարանեցին զրպարտչի վճռով, որը ոչ մի դատարանի բեկանման ենթակա չէ։ Ես կոչ եմ անում Հրանտ Մաթեւոսյանին եւ մյուս ճշմարիտ մտավորականներին՝ հեռացնել նրանց իրենց շարքերից։ Քանի որ նրանք օգտապաշտ եւ շահամոլ զրպարտիչներ են եւ ցանկանում են ծառայություն մատուցել իշխանություններին։ Իսկ եթե նույնիսկ որեւէ շահ չեն հետապնդում եւ դա անում են իրենց հոգու թելադրանքով՝ ավելի վատ իրենց համար, որովհետեւ դա նշանակում է, որ նրանք փչացած են էությամբ։ Վանո Սիրադեղյանն ընդամենն առիթ էր. նրանք պատրաստ են իրենց մաղձը թափել ցանկացածի վրա։ Ես այս խոսքերը դառնությամբ եմ ասում հատկապես Սիլվա Կապուտիկյանի վերաբերյալ, որի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը սովորել եւ սիրել եմ 4-րդ դասարանից։

– Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում Վանո Սիրադեղյանի՝ Հայաստանից մեկնելուն։

– Նախ՝ ինձ համար այնքան էլ հստակ չէ, թե Վանո Սիրադեղյանը բացակայում է հանրապետությունից։ Ձեռագրում ավելացված անուն-ազգանունն ինձ համար հիմք չէ մտածելու, որ նա փախել է։ Որպես քաղաքացի ինձ իրավունք եմ վերապահում հարցնելու՝ ո՞ւր է Վանո Սիրադեղյանը։ Գուցե նա ընդհանրապես չգոյության մեջ է։ Այս հարցն ուղղում եմ ոչ միայն ՀՀՇ լիդերներին, այլ նաեւ իշխանություններին, որոնք իրենց վարկաբեկիչ քաղաքականությունը սկսելով Վանո Սիրադեղյանից, հասել են հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ խարխլելով Հայաստանի պետականության հիմքերը, վարկաբեկելով նրա միջազգային իմիջը։

– Տարօրինակ է, որ դու մտահոգ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկաբեկմամբ։

– Ես մտահոգված եմ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի, այլ պետության հեղինակության համար։ 20-րդ դարում Արեւելքը շատ խոշոր քաղաքական եւ պետական գործիչներ է տվել. Եգիպտոսը՝ Նասսեր, Չինաստանը՝ Մաո Ցզե Դուն, Թուրքիան՝ Աթաթուրք, Իրանը՝ Խոմեյնի։ Ես չեմ ուզում գնահատական տալ մի մարդու, որին նախագահ եղած ժամանակ միշտ ընդդիմադիր եմ եղել, եւ որն այսօր չի գործում։ Սակայն, փորձելով նրան դիտել պատմական կտրվածքով, կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավամբ համարվելու է Արեւելքի Դե Գոլ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728