Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՌՆԱ՞ՆՔ ԶՈՂՈՐՄԻ ՏԻ ՏԱՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Փետրվար 05,1999 00:00
ambion

Մի՞թե վերջին ճեպազրույցներն էին

Այս նստաշրջանի առաջին ճեպազրույցները գուցե վերջինը դառնան։ Համենայնդեպս, այս ենթադրության համար պարարտ հիմք էր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչների տրամադրությունը, որոնց մեծ մասն արդեն իսկ գնահատում էին լուծարման անհրաժեշտությունը եւ ներկայացնում, թե ինչպես են մտադիր մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Նաեւ նշենք, որ լրագրողներին իրենց ներկայությամբ ընդհանրապես չպատվեցին «Հանրապետության», Հայկոմկուսի եւ «Բարեփոխումների» խոսնակները։

Ափսոս «Շամիրամ»՝ սարի ծաղիկ

«Ափսոսում եմ հողի համար, ջրի համար, թե չէ կուզեք՝ ընկնեմ մեռնեմ»,- բանաստեղծի տողերը մեջբերեց «Շամիրամ» խմբակցության նախագահ Ջուլիետ Կաժոյանը։ Ինքն ափսոսում էր մասնավորապես «Կրթության մասին» օրենքի համար, որի ընդունման գործընթացը խանգարվելու է։ Կանխազգալով, որ սա լրագրողների հետ վերջին հանդիպումն է՝ տիկին Ջուլիետը «Շամիրամի» խորհրդարանական գործընթացն ամփոփեց. «Դժվար էր մի քիչ՝ շատ ակտիվ այս տղամարդկանց մեջ»։

«Առավոտը» առաջինը նրան մի հարց ուղղեց, որ հետո փորձեց պարզել նաեւ ճեպազրույցների այլ մասնակիցներից։ Արդյոք կարո՞ղ են 100%-անոց հավաստիությամբ պնդել, որ ԱԺ-ն անպայման լուծարվելու է. «100 %-ով պնդել չեմ կարող, բայց գուցե 90 %-ով համոզված եմ»։ Ջուլիետ Կաժոյանը վստահ էր, որ նախագահի հրամանագիրը դեռ փետրվարի 3-ին պիտի լիներ. «Եվ դա հրաշալի արարողություն կլիներ որոշ ուժերի համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից 1 տարի հետո ԱԺ-ն էլ լուծարվեր»։ Մեր այն հարցին ի պատասխան, թե արդյոք ԱԺ-ն անպայման լուծարվելո՞ւ է՝ անկախ դատախազի միջնորդության առնչությամբ քվեարկությունից, «Շամիրամ» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ինձ թվում է, դա այլեւս երկրորդական խնդիր է»։

«Բոլոր հեղափոխություններն իրենց հետ չարիք են բերել։ Եվ եթե եղել են ինչ-որ սխալներ (ես չեմ անտեսում), գտնում եմ, որ դա Վանո Սիրադեղյանի դժբախտությունն է՝ ոչ թե մեղքը»,- Ջուլիետ Կաժոյանի այս յուրօրինակ պաշտպանությունն առիթ դարձավ, որ հիշեն «Շամիրամի» հիմնադրին։ «Ծնելուց եւ օգնելուց հետո մեզ ոչ ոք տիրություն չի արել»,- հայտնեց խմբակցության ղեկավարը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Շամիրամը» իր մասնակցության հարցը դեռ չէր որոշել։ «Նույնիսկ ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ»,- ասաց տիկին Ջուլիետը։ Նաեւ ենթադրում էր, թե «Շամիրամի» հայտարարված 7 հազար անդամներից հազիվ 1000-ն այժմ վերահաստատեն իրենց համախոհ լինելը։ «Առանց որեւէ ուժի, տղամարդու միջամտության, օգնության՝ հնարավոր չէ, որ կինը պատգամավոր դառնա»,- արձանագրեց Ջուլիետ Կաժոյանը։

Հեռանալիս՝ չանիծես

ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը, մեղմ ասած, չէր կիսում ԱԺ-ի լուծարման առնչությամբ անկումային տրամադրությունները. «Մենք միշտ կողմ ենք եղել, որ ԱԺ-ն ցրվի։ Դա պիտի արվեր անմիջապես նախագահական ընտրություններից հետո»։ Այս պահի ընտրությունը երկու նպատակներով բացատրվեց՝ լիցքաթափել Վանո Սիրադեղյանի, «ԱրմենՏելի», սակագների եւ այլ խնդիրների առնչությամբ շիկացած մթնոլորտը եւ երկրորդը՝ «արտահերթ ընտրությունների դեպքում ավելի սեղմ ժամանակացույց է գործում։ Այն ուժերի համար, որոնք մտադիր են հին ավանդույթով կեղծել ընտրությունները՝ սա մի լավ խառնաշփոթի հնարավորություն է ստեղծում եւ հեշտացնում այդ գործընթացը»։

Շավարշ Քոչարյանը հանգամանալից վերլուծություն ներկայացրեց, թե առկա ազդեցիկ քաղաքական ուժերից որ մեկի հետ է հնարավոր ԱԺՄ-ի դաշինքը, ինչ վերաբերմունք կդրսեւորի ԱԺ-ն լուծարման նկատմամբ (նրա եզրակացությունն էր, թե միասնական դիրքորոշում չի լինի), եւ այլն։ Բայց «Առավոտի» հարցին ի պատասխան նշեց, թե չի կարող լիակատար վստահությամբ պնդել, որ ԱԺ արտահերթ ընտրություններ են սպասվում։

Դու՝ ԻՄ վերջինը թյուրիմացաբար

Ինքնորոշում միավորման փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանի խոսքից կարելի էր ենթադրել, թե նա տարակուսում է՝ «ինչի՞ց ծնվեց այս ահավոր կռիվը մեծ»։ «Անտեղի են այդ անհանգստությունները,- ԱԺ-ն լուծարելու մտահոգությունների առնչությամբ ասաց պրն Զեյնալվանդյանը։- Նման մտահոգության հիմք կարող է լինել միայն այն դեպքում, եթե դատախազի միջնորդությունը դարձյալ մերժվի։ Այդ դեպքում նախագահն իրավունք կունենա իր սահմանադրական լիազորությունից օգտվել»։

Լրագրողները հաշվել էին, որ Էդվարդ Եգորյանի հայտարարած հանրահավաքի ժամը՝ «խորհրդարանի լուծարումից հետո, հաջորդ հինգշաբթի, ժամը 4-ին», ճշգրտորեն կհամընկնի փետրվարի 18-ին նույն ժամին ԱԻՄ-ի հրավիրած հանրահավաքին։ Ներսես Զեյնալվանդյանը փարատեց այն կասկածները, թե կարող են իրար խանգարել. «Եթե համաձայնության գանք՝ գուցե՝ համատեղենք»։

Եվ «Երկրապահին» անգամ չասած՝ մնաս բարով

«Իշխանություններին մոտ կանգնած մարդ եք, գոնե Դուք հաստատ կիմանաք՝ ԱԺ-ն լուծարվելո՞ւ է»,- «Առավոտի» այս հարցին ի պատասխան «Երկրապահ» խմբի ղեկավար Ալբերտ Բազեյանը հիշեցրեց, որ առանց կրակ՝ ծուխ չի լինում. «Երեւի ինչ-որ նման խնդիրներ քննարկվել են, որ լուրերը տարածվել են։ ԱԺ-ի լուծարման վերաբերյալ մեր տեսակետը հետեւյալն է. գտնում ենք, որ քաղաքական լուրջ ճգնաժամի հետեւանքով պիտի լուծարվի Ազգային ժողովը։ Այդ հարցին նաեւ պետք է համապարփակ նայել. որքանո՞վ է իրականում հասունացել ԱԺ-ի լուծարման խնդիրը, որքանո՞վ է ԱԺ-ն դարձել պետության մեջ ոչ կառուցողական մարմին, ինչպես կվերաբերվեն ԱԺ-ի լուծարման հարցին միջազգային տարբեր կազմակերպությունները, ի՞նչ գործընթացներ տեղի կունենան ԱԺ-ի լուծարումից հետո, ավելի կսրվի՞ քաղաքական իրավիճակը, թե՞ կկայունանա։ Եթե իշխանություններն այս հարցադրումներին պատասխան տան՝ թող որոշեն ԱԺ-ի լուծարման հարցը»։ Ի վերջո, «Երկրապահի» դիրքորոշումն էր. «Ընդհանուր առմամբ մենք ավելի շատ բացասական կողմեր ենք տեսնում լուծարման դեպքում, քան դրական»։

Ալբերտ Բազեյանը նաեւ վստահեցրեց, որ ընտրական օրենսգիրքն արտահերթ նստաշրջանում այսօր քննարկելու նախաձեռնությունը բնավ կապված չէ ԱԺ-ի լուծարման խնդրի հետ։

Հեռանալ, մոռանալ ամեն ինչ

Ճեպազրույցների շքերթում վերջինը «Հայրենիքն» էր, որի ղեկավարի հայտարարությունն էլ այս ամբողջ իրարանցման առիթը դարձավ։ Պետրոս Մաքեյանն իշխանության այս քայլերը «ցայտնոտային» որակեց, որոնց միջոցով փորձ է արվում ուշադրություն շեղել մասնավորապես նման փաստերից. «Ամենախայտառակ գործարքները 1997-1998 թթ. են եղել՝ վարկերի օգտագործման առումով։ ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ աղմուկը պատահական չէ, քանի որ այսօրվա իշխանություններին երբեք ձեռնտու չէ, որ փետրվարի 8-ին խոսվի այդ ստվերային գործարքների մասին»։

Արդյոք, իշխանություններն ԱԺ-ում բավարար ուժեր չունե՞ն քվեարկությամբ այդ հարցերը տապալելու համար, որ պիտի այս միջոցով նստաշրջանը ձախողեին՝ լրագրողներից մեկի լիովին խելամիտ այս հարցին Պետրոս Մաքեյանը պատասխանեց. «Միայն քվեարկությամբ եւ կոճակներով չի որոշվում՝ բարոյական խնդիրներ կան, որոնց հետեւանքն ավելի ծանր է, քան այդ պահի քվեարկության արդյունքը։ Նրանք այդ հետեւանքից են վախենում»։

Հիշեցնենք, որ Էդվարդ Եգորյանը պատգամավորներից առաջինն էր, որ նաեւ իր իսկ ջանքերով կազմավորված այս խորհրդարանի լուծարման անհրաժեշտության մասին խոսեց 1996-ի հոկտեմբերին։ Այժմ «Հայրենիքն» անիմաստ եւ սխալ էր համարում այդ քայլը։

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ Պետրոս Մաքեյանը նշեց, որ ԱԺ-ն լուծարելու մասին իրենց լուրը ստույգ տեղեկատվություն է, բայց հրաժարվեց աղբյուրները նշել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. «Եթե մեր իշխանավորները գոնե սրամիտ են՝ այս ամենին հակառակ չպիտի ԱԺ-ն լուծարեն»,- ասացի գործընկերոջս։ «Մեծ աղջիկ ես՝ հեքիաթների ես հավատում»,- պատասխանեց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728