Ինչպես արդեն հայտնել ենք, կառավարության համապատասխան որոշման համաձայն, փետրվարի 1-ից Երեւանի խանութների մի մասում պետք է տեղադրվեն հսկիչ դրամարկղային մեքենաներ։ Սպառողի գրպանի համար մեքենաների վնասակարության մասին արդեն գրել ենք, Հայաստանի վաճառականների միությունն էլ իր բողոքն է ներկայացրել։
Բայց այս ամենը քիչ է։ Հայկական ճկուն ուղեղը երեւույթներին անմիջապես գտնում է համապատասխան անվանում, որը թերեւս ավելի է համապատասխանում բուն էությանը, քան պաշտոնապես ընդունված անվանումը։ Այսօր, վերջապես, N փողոցում գտնվող մթերային խանութում տեսա նորությունից շողացող հսկիչ դրամարկղային մեքենան։ Նախ ասեմ, որ մեքենայից մի չեկ էր ցցված, եւ այն ընդամենը լրացնում էր խանութի ոչ այնքան նրբաճաշակ դիզայնը։ Որեւէ այլ գործառույթ տվյալ սարքը չիրականացրեց, համենայնդեպս, իմ՝ խանութում գտնվելու 15 րոպեների ընթացքում։ Երբ հերթը հասավ ինձ, եւ վաճառողն ինձ տվեց իմ պահանջածը, ես հետաքրքրվեցի, մի՞թե նա ինձ չի ուզում չեկ տալ։ Նա զարմացած նայեց ինձ եւ հետաքրքրվեց, թե ինչիս է պետք։
Ճիշտն ասած, չեկն ինձ ամենեւին էլ պետք չէր, ոչ էլ գեղեցիկ հսկիչ մեքենային նայելը։ Որպես իրավիճակի բացատրություն, վաճառողը խեղճացած ցույց տալով մեքենան, ասաց. «Փողի թալակ ա, էլի, այ ախպեր»։ Թե «փողի թալակ» լինելուց բացի, ուրիշ ի՞նչ են անելու հսկիչ դրամարկղային մեքենաները, դեռ դույզն-ինչ պարզաբանված չէ։ Իսկ վերին ատյանների այն պնդումը, թե հսկիչ մեքենաները կասեցնելու են առեւտրի մեջ եղած գումարների ստվերային շրջանառությունը, դժվար թե մոտ լինի իրականությանը, քանի որ տվյալ մեքենաները տվյալ գործառույթ թերեւս կատարում են քաղաքակիրթ երկրներում, քաղաքակիրթ հասարակության մեջ։ Իսկ մեզ մոտ, ինչպես բազմիցս նշել ենք, դրանց միջոցով ուղղակի համալրվելու է հարկային մարմինների քսակի պարունակությունը եւ, հնարավոր է, բարձրանալու են ապրանքների գները։
Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ