Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԳԻՐՔ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ

Փետրվար 05,1999 00:00
Toto

Այսօր խորհրդարանում, հավանաբար, երրորդ եւ վերջին ընթերցմամբ կքննարկվի ընտրական օրենսգիրքը, որով եւ հստակություն կմտնի քաղաքական որոշ հարցերում։ Խորհրդարանը կարող է նաեւ խորամանկել։ Քանի որ ընդամենը երկու նիստ է գումարվելու, ընդհանուրը՝ 3 ժամ տեւողությամբ, ապա շատ էլ հնարավոր է կիսատ թողնել քննարկումները եւ երկուշաբթի արդեն արտահերթ նիստի ներկայանալ միանգամայն այլ օրակարգով։ Ինչեւիցե, այսօրվա քաղաքական իրադարձությունների առանցքում ընտրական օրենսգիրքն է։ Այդ պատճառով էլ երկրորդ ընթերցում անցած տարբերակը գնահատելու հրավիրեցինք խնդրո առարկայի մեջ վաղուց խորամուխ եղած անձանց։

ԷԴՎԱՐԴ ԵԳՈՐՅԱՆ, «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ

– Ես արդեն առիթ ունեցել եմ իմ կարծիքը հայտնել ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակի վերաբերյալ։ Դա, այդ փաստաթուղթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո էր։ Այդ ժամանակ, ըստ էության, հավանության արժանացավ ընտրական օրենսգիրք կոչվող մի փաստաթուղթ, որը ոչ թե ընտրությունների մասին օրենքների փաթեթ է, այլ արձանագրություն՝ կատարվելիք նշանակումների վերաբերյալ։

Օրենսգրքի այս նոր տարբերակում պահպանված է հանրապետությունից բացակայող անձանց փոխարեն անարգել քվեարկելու հնարավորությունը։ Շատ հեշտ է քվեարկել նաեւ նրանց փոխարեն, ովքեր ընտրությունների օրը ընտրատարածքներ չեն գնալու։ Քվեարկողը, որպես կանոն, լինում է իշխանությունը, իսկ այդ մեխանիզմը սրբորեն պաշտպանված-պահպանված է երկրապահական օրենսգրքում։ Դրա համար պետք է անորոշ ցուցակներ լինեն, որոնցում անպայմանորեն պահպանվում են Հայաստանից բացակայող անձանց անունները։

Բացի այդ, իշխանությունը հնարավորություն է ունենում հանձնաժողովներում ձեւավորել մեծամասնություն։ Այն հինգ տեղերը, որոնք երկրապահների ասելով տրվում են խորհրդարանից դուրս գտնվող կուսակցություններին: Սակայն այս դեպքում եւս պայման է դրված, թե նրանցից ո՞ր հինգը հնարավորինս շատ ստորագրություն կներկայացնի։ Իսկ շատ ստորագրություն, սովորաբար, հավաքում են նրանք, որոնց համար աշխատում են ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը, հարկային տեսչությունը։

Այսպիսով, իշխանությունը ստանում է իր համար ամենակարեւորը՝ բացարձակ մեծամասնություն հանձնաժողովներում եւ Հայաստանում չգտնվող ու քվեարկությանը չմասնակցած մարդկանց փոխարեն քվեարկելու իրավունք։

Երկրորդ ընթերցմամբ իրադրությունն էլ ավելի վատացավ։ Հավանաբար, իշխանությունն աստիճանաբար հասկանում է, որ ինքը հող չունի հասարակության մեջ, ուստի էլ ավելի խայտառակ դրույթներ է մտցնում ընտրական օրենսգիրք։

Անցյալում կտրոնների կիրառումը, որը քիչ թե շատ դժվարացնում էր կեղծիքների պրակտիկան, որովհետեւ ընտրաթերթիկները մի տեղում էին հաշվում, իսկ կտրոնները մեկ այլ տեղում, որոնց անհամապատասխանությունը փաստում էր իրական կեղծիքի գոյությունը, հիմա, որպես մեխանիզմ, վերացվել է ընդհանրապես։ Բարդացվել է նաեւ ստուգման հնարավորությունը։ Մարզային ընտրական հանձնաժողովներում անցյալում հնարավոր էր ստուգումներ անցկացնել ՄԸՀ 5 անդամի պահանջով, հիմա դա ընդամենը կարող է պատահել, որովհետեւ այդպես է սահմանում ընտրական օրենսգիրքը։ Իսկ քանի որ հանձնաժողովներում իշխանությունը մեծամասնություն է ունենալու, նա ստուգման մասին որոշում չի կայացնի։ Ճշմարտությունը կորում է ամբողջովին։

Ընտրական օրենսգրքից հանված է նաեւ այն դրույթը, որ ընտրացուցակները ընտրությունից հետո պետք է կախվեն տեսանելի տեղում՝ քվեարկածների ստորագրություններով։ Դա մասնակցության իրական պատկերը ստուգելու հնարավորություն էր տալիս, ինչն այս նոր տարբերակում բացառված է։

Երբ դեռ նոր էինք «Երկրապահի» հետ սկսել բանակցել, ինձ ասացին, թե այդ դրույթը՝ ընտրացուցակները կախելու վերաբերյալ, պատահականորեն է դուրս մնացել ընտրական օրենսգրքից։ Սակայն, երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացած տարբերակում էլ դա չկար։

Այնպես որ, սրբությամբ պահպանված են խախտումների եւ կեղծիքների հնարավորություն տվող բոլոր մեխանիզմները։

ՎԱՀԵ ՎԱՐՍԱՆՅԱՆ, ԱԺՄ, ԿԸՀ անդամ

– Ընթերցումից ընթերցում ընտրական օրենսգրքի բովանդակությունը վատացել է։ Երբ դեռ կար միասնական նախագիծը, երկրապահները փորձում էին ինչ-որ զիջումներ անել, սակայն երբ առաջին ընթերցմամբ հարցը լուծվեց, դրանից հետո շատ ավելի անտարբեր դարձան։

Ես պարզ տեսնում եմ, որ ընտրություններում այս օրենսգրքով կեղծիքները միանգամայն հնարավոր են, որովհետեւ ամրագրվում է կեղծիքների մեխանիզմը՝ միաժամանակ հիմքեր ստեղծելով, որպեսզի դրանք բացահայտորեն չդրսեւորվեն։

Քանի որ ընտրությունները ե՛ւ 95, ե՛ւ 96, ե՛ւ 98 թվականներին կազմակերպել են տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, այդ պատճառով էլ մեծ դիմադրություն առաջացրեց նրանց խաղից դուրս թողնելու գաղափարը։ Հիմա արդեն ոչ միայն համայնքապետերն ու թաղապետերը կարող են առաջադրվել պատգամավոր, այլեւ կառավարության անդամները, մարզպետները հնարավորություն ունեն համամասնական ցուցակներում ընդգրկվել։ Դա նույն ձեռագիրն է, որը եղել է 95 թվականին։ Լինելու է նույն խաղը։ Առաջինը ցուցակում լինելու է Վազգեն Սարգսյանը։ Եվ եթե անցյալում այդ ամբողջ գորշությունը հավաքվել էր «Հանրապետություն» միավորման մեջ, այս անգամ տեղ է գտնելու «Երկրապահի» ցուցակում։ Պարզ է, որ լինելու են 95-ը կրկնող ընտրություններ։

Իշխանությունները ցանկանում են ժողովրդին հիասթափեցնելով ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ամեն ինչը աննկատ անցնի։ Նրանք ցանկանում են, որպեսզի ժողովուրդը պասիվ լինի, ու իրենք մեծամասնություն դառնան։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728