Ընտրություններից բյուջեն կշահի
Թեեւ այս Ազգային ժողովը դեռեւս չի երգել իր Կարապի երգը եւ չի ընդունել Ընտրական օրենսգիրքը, սակայն իրեն հաճելիորեն լուծարված է զգում։ Առջեւում աննախադեպ արդար ընտրություններն են՝ նոր ինտրիգներով։
Անկախ իրադարձությունների այսքան արագ (բայց սպասելի) զարգացումից՝ ՀՀ 1999 թվականի պետբյուջեն արդեն որոշակի գումարներ է նախատեսել ԱԺ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։ «Ընտրությունների եւ հանրաքվեների» համար առհասարակ տրամադրվել է 195 միլիոն 481 հազար 200 դրամ։ Որից՝ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների համար՝ 160 միլիոն 188 հազար 200 դրամ։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար հատկացված կոնկրետ գումարը բյուջեում չկա։ Փոխարենը սեւով սպիտակին նշված են «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանման» եւ «Մարզային, Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովների պահպանման» ծախսերը՝ 35 միլիոն 293 հազար դրամ։ «Պահպանում» ասվածը, մեծ ցանկության դեպքում, իհարկե, կարելի է «ընտրություն» էլ հասկանալ, «հանրաքվե» էլ։ Բայց քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հավանաբար նոյեմբերին, ապա խոր ձմեռը թողած՝ չընկնենք խոր աշնան հետեւից։
Թեթեւ հաշվարկով կարելի է եզրակացնել, որ ԱԺ ընտրությունների վրա բյուջեով նախատեսված գումարը ընտրություններից հետո դարձյալ մուտք է գործելու ելման կետ՝ բյուջե։ Այսպես՝ Պատգամավորության յուրաքանչյուր թեկնածու՝ որպես ընտրագրավ, պետք է մուծի 200 դոլար։ Յուրաքանչյուր կուսակցություն՝ 10000 դոլար։ Ընտրություններին նախնական հաշվարկով կմասնակցեն մոտ 15 կուսակցություն, որոնցից մոտ 7-8-ն ունեն 5 տոկոսը հաղթահարելու եւ իրենց փողերը հետ ստանալու հնարավորություն։
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր ընտրատարածքում իր թեկնածությունը կառաջադրի մինիմում 5 պատգամավորության թեկնածու։ Քանի որ, Նոր Ազգային ժողովի պատգամավորների թիվը չպետք է գերազանցի 131-ը, Պարզ թվաբանությունը հուշում է, որ այստեղից էլ է բյուջե գումար հոսելու։ Չհաշված պոտենցիալ պատգամավորների նախընտրական ասֆալտապատումները, թաղի ժողովրդին գումարով կամ բնամթերքով «աջակցելը» եւ այլն։ Այնպես որ, Ազգային ժողովն անժամանակ ցրելը՝ թեկուզեւ կենսական կարեւորագույն հարցերին անդրադառնալու շեմին, նախեւառաջ բխում է աշխատավորների եւ հատկապես կենսաթոշակառուների շահերից։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ