Սահմանադրության մեջ միայն մեկ տող է գրված ԱԺ-ի լուծարման մասին. «Հանրապետության նախագահը՝ խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, կարող է արձակել Ազգային ժողովը»։
«Հայրենիք» խմբի անդամ Սոս Գիմիշյանի հայտարարության համաձայն, երեկ առավոտյան Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր Արմեն Դարբինյանի, Խոսրով Հարությունյանի եւ Վազգեն Սարգսյանի հետ, բայց բանակցության արդյունքում դեռեւս որոշում չէր կայացվել ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ։
Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը հերքեց միայն այդ աշխատանքային հանդիպմանը Վազգեն Սարգսյանի մասնակցությունը։ Բայց տեղյակ չէր, թե ինչի մասին են խոսել մյուս երեքը։
Կարդացեք նաեւ՝ էջ 4:
Կարդացեք նաև
ՆՇԱՆԱԿՈՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՐՈՆՈՒՄԸ
«Հայրենիք» խմբի նախագահ Էդվարդ Եգորյանն «Առավոտին» ասաց՝ տեղեկություններ ունի, թե ինչպես են բաժանվել ընտրատարածքները եւ ով՝ որտեղից պետք է նշանակվի պատգամավոր։ Պարոն Եգորյանը խոստացավ, որ նշանակովի այդ խորհրդարանի կազմը վերջնականապես ճշգրտվելուց հետո ինքը ցուցակը կներկայացնի «Առավոտին»։
Ավելի մանրամասն՝ 3-րդ էջում:
ԵՍ ԵՄ ՔՈ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐԸ
«Առավոտը» փորձեց «Երկրապահ» խմբի ղեկավար Ալբերտ Բազեյանից պարզել՝ եթե այսօր գլխավոր դատախազը դարձյալ դիմի Վանո Սիրադեղյանի վերաբերյալ նույն միջնորդությամբ, ինչպե՞ս կքվեարկի խումբը, արդյոք կանխորոշիչ կլինի այս խնդրի վերաբերյալ Վազգեն Սարգսյանի հրապարակած դիրքորոշումը։ «Այս հարցի վերաբերյալ նախնական որեւէ քննարկում չի եղել,- ասաց պրն Բազեյանը։- Կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը, իհարկե, որոշակի ազդեցություն կունենա»։
«Երկրապահի» ղեկավարը համոզված էր, թե խմբի գոնե 90%-ը կողմ կքվեարկի, որ դատաքննությամբ պարզվի իրողությունը, բայց առանց կալանավորման: