Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ պատերազմները, հեղաշրջումները, տեխնիկայի անհավանական թռիչքները ոչ մի կերպ չեն անդրադառնում Հայաստանի հեռավոր գյուղերի տարիներով միօրինակ, միապաղաղ կյանքի վրա։
Ասենք՝ ինչի մասին եմ խոսում. անգամ Երեւանի փոքրիկ ցնցումներն ու քաղաքական իրարանցումները, ասենք՝ Ազգային օպերայի շռնդալից հաջողությունների լուրերը գյուղեր են հասնում կամ ուշացումով, կամ էլ ամենեւին չեն հասնում։
Գյուղի կանայք
Նորաձեւություն, էկոլոգիապես մաքուր կոսմետիկա եւ նմանատիպ «մանր-մունր» բաներ չեն հետաքրքրում կանանց։ Հագնում են՝ ինչ ունեն եւ ինչ պատահի։ Հիմնական հոգսը տան իդեալական մաքրությունն է, ընտանի կենդանիներին ժամանակին եւ կուշտ կերակրելը, ընտանիքի համար օրվա հաց հայթայթելը։ Հետո՝ լվա՜ցք, մաքրությո՜ւն, լվա՜ցք, մաքրությո՜ւն, ու այդպես՝ մինչեւ ուշ գիշեր։ Օրն ընդմիջվում է հարեւանների հաճախակի այցերով։ Քննարկվում են գյուղի մարդկանց առնչվող ամենամանրամասն իրադարձությունները։ Ինչպես ասվում է՝ խոսքը խոսք է բերում։ «Ախչի, բա գիդե՜ս, որ էսինչաց էսինչի հա՜րսը…»։ Մի խոսքով, գյուղի կանանց հետաքրքրությունները շատ ընդգրկուն չեն։ Հեռուստացույց համարյա չեն դիտում. ժամանակ եւ հետաքրքրություն՝ առ աշխարհում կատարվող անցուդարձը, չունեն։
Կարդացեք նաև
Երիտասարդ աղջիկների աշխարհայացքը ավելի լայն է, թեեւ դիմացինի ով լինելը որոշում են հագուկապով։ Հատկապես հարգանք ու ակնածանք ունեն կաշվե եւ մորթե վերարկուներով մարդկանց հանդեպ։ Քիչ էր մնում մոռանայի. տանտիրուհիները օրվա մեջ մի քանի անգամ պարտադիր սուրճ են խմում։ Էժանագին շոկոլադի տուփը աչքի լույսի պես պահպանում են դարակներում եւ այն «լույս աշխարհ» բերում միայն թանկագին հյուրերի համար։
Գյուղի տղամարդիկ
Գյուղերում շատ ընդունված են բեղերով տղամարդիկ։ Տղամարդու օծանելիքը հեռավոր գյուղերում չեն ընդունում. «Իսկական տղամարդուց քրտինքի հոտ պետք ա գա»,- գտնում են կանայք։ Գործազրկության ալիքը շատ տղամարդկանց նետել է ռուսաստաններ։ Ու կանայք երկար ժամանակ ստիպված են ապրել առանց իրենց ամուսինների (իր բոլոր հետեւանքներով)։ Ծույլ տղամարդիկ արթնանալուց ու «կաթումածուն» ուտելուց հետո անմիջապես ուղղվում են դեպի «գեղամեջ»։ Քննարկում են աշխարհի բանը, իրենց գյուղի մեկ-երկու մեծահարուստների «վարքը», «մասխարա» անում սրան-նրան։ Ընտանիքի հոգսը նաեւ իրենցը համարող տղամարդիկ ամառները դաշտերում են լինում, ձմեռները՝ գոմերում. քաղաքի կանանց կտրականապես չեն ընդունում՝ «էն չեն»։ Իրենց կանանց հանդեպ էլ առանձնապես ուշադիր ու հոգատար չեն։ Վերջիններս դրանից չեն դժգոհում։ Ամուսինների ամբողջ սերն ուղղվում է երեխաներին։
Գյուղի տները
Սրանք անպայման երկհարկանի են։ Առաջին հարկը նվիրվում է «պադվալներին»։ Երկրորդում սենյակներ են։ Ի դեպ, տանտերերը հիմնականում իրենց օրը հենց առաջին հարկում են անցկացնում։ Տանը միայն քնում են։
Կահույքը ավանդական է։ Շատ են հատկապես աթոռները։ Ոչ մի բան այստեղ չի փոխվում նորով. «Ափսուզ ա»։ Տունը առանձնապես ճաշակով կահավորված չէ. դրան ուշադրություն էլ չեն դարձնում։ Ճաշակով եւ գեղեցիկ է համարվում այն, ինչը օգտագործվում եւ պետքական է։ Պատերին հին օրացույցներ են՝ էստրադային երգչուհիների պատկերներով։ Սենյակներից մեկը հատուկ անկողնու համար է. հաստ դոշակներ, վերմակներ, բարձեր՝ որքան ուզեք։
Գյուղացիների ձեռքին կանխիկ գումար լինում է մի քանի ամիսը մեկ՝ աշխատավարձի կամ թոշակի օրերին։ Այն էլ՝ 3-5 հազար դրամ։ Այնպես որ, գյուղերում առեւտուրը կատարվում է «նիսյա». մեկ է, բոլորը միմյանց ճանաչում են, չեն խաբի։
Ցավոք, գյուղերում էլ միամտությունն ու անմեղությունը կամաց-կամաց (եւ երեւի թե՝ բնականաբար) զիջում են իրենց տեղը շահամոլությանը, ագահությանը, ընչաքաղցությանը։ Մարդիկ կարծես ավելի կասկածամիտ են ու միմյանց չհանդուրժող։
Գուցե թե հեշտ է քաղաքից մեկ-երկու օրով այցելել գյուղ, նեղանալ, թե ինչու քեզ էլ կաթ-մածուն չեն հյուրասիրում։ Զարմանալ, որ գյուղի կանանցից ֆրանսիական օծանելիքի հոտ չի գալիս։ Հեգնանքով վերաբերվել գյուղի տղաների հետաքրքրասեր հայացքներին ու մեծահոգաբար ծիծաղել անգամ մեկ-երկու տարեկան երեխաների բարբառի վրա։ Ամեն դեպքում, երեւի թե լրագրողի մասնագիտությունը ու ամեն ինչ տեսնող աչքը իրենց գործն անում են։ Թեեւ համոզված եմ, որ գյուղի կանայք այս հոդվածից հետո (եթե երբեւէ կարդան, իհարկե) իրենց զրույցներում կհիշեն նաեւ ինձ. մի լավ կծիծաղեն իմ հագուկապի, երեւանյան իմ լեքսիկոնի, գերհաստ ներբանով կոշիկներիս ու էլի ինչ-որ բաների վրա։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ