Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍԸ ԵՎ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԸ

Փետրվար 04,1999 00:00
Xachatur Abovyan

Ո՞ւմ ծանոթ չէ հայ գնչուի խորհրդավոր ու անմոռաց կերպարը Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպից։ Վեպի հայ գնչուի մասին պատմող հատվածից դժվար չէ համոզվել, թե ինչ անսահման խոր տպավորություն է թողել այդ զարմանալի անձնավորությունը դեռեւս մանուկ Գաբրիելի վրա։

Հայ գնչուի ով լինելու գաղտնիքը, հավանաբար, դեռ երկար պետք է հուզեր հայ ընթերցողին, եթե ինքը՝ մեծ գրողը չպատռեր խորհրդավորության վարագույրով պատված կնճիռը իր ինքնակենսագրական գործում, որը այս տարի լույս ընծայվեց Նյու-Յորքում (Autobioyvaphy N. Y. 1997)։ Մարկեսը հայտնում է, որ այդ հրաշալի մարդն իրեն անվանում էր… Խաչատուր Աբովյան։ Խաչատուր Աբովյան Մեծ Լուսավորչի նկատմամբ, պատկառանքով հանդերձ, մենք եւս այդպես անվանենք այդ անձնավորությանը, քանզի «հայ գնչու» անունը էլ ավելի անհարմար է գալիս նրա համար, ամենայն լրջությամբ պնդում էր, որ 100 տարի առաջ դուրս է եկել տնից, Դորպատ ուղեւորվելու միջոցին պատահմամբ ընկել է Բրազիլիա ուղեւորվող նավ եւ այնուհետեւ ունեցել բազմաթիվ արկածներ, որոնց ընթացքում բազմաթիվ անգամ կտրել-անցել է ողջ Ամերիկա մայրցամաքը հյուսիսից՝ հարավ եւ արեւմուտքից՝ արեւելք։

Սակայն ամենաանհավանականը Խ. Աբովյանի պատմության մեջ այն է, որ նա պնդում էր, որ դարձել էր ճակատագրի դաժան կատակի անմեղ զոհ։

Նախախնամությանը ցանկալի է եղել, որ իր բոլոր դեգերումների ընթացքում նա գեթ մեկ անգամ նույնիսկ… չի կարողացել հանդիպել իր հայրենակիցներից որեւէ մեկին, հարցնելու իր հայրենիքի վշտերից եւ կիսվելու իր սեփականով։ «Հարյուր տարվա մենություն» բառերը հաճախ էին դուրս թռչում նրա շուրթերից, որը նրա դառնացած սրտի աղաղակն էր։ Եվ ինչպես չդառնանար, եթե դարձել էր ճակատագրի «պարապ վախտի խաղալիքը»։ Ահա այսպես մանուկ Գաբրիելը ընդհարվում է մենակության տիեզերական գաղտնիքի հետ։

Մարկեսի շնորհիվ մենք ծանոթանում ենք Խ. Աբովյանի կյանքի այն հատվածի հետ, որ հայ ժողովրդին մինչեւ վերջերս մնում էր անհայտության քողով ծածկված։ Մենք իմանում ենք, որ Խ. Աբովյանը հաճախ էր հիշում իր կյանքի առաջին՝ հայկական շրջանը, որ նա հաճախ էր հիշում իր մանկությունը, ուսանողական տարիները եւ հատկապես իր լուսավորական գործունեությունը հինավուրց հայրենիքում։

Մեծ Լուսավորիչը իր կյանքի երկրորդ շրջանի ընթացքում նույնպես հավատարիմ էր մնացել իր ազգի հատուկ ծարավին՝ դեպի գիտելիքը։ Այդ տարիները նրա համար զուր չէին անցել, քանզի իր ողջ ժամանակը Խ. Աբովյանը նվիրել էր գիտությանն ու ուսմանը։ Նա ուսումնասիրել էր ե՛ւ բարձրագույն մաթեմատիկա, ե՛ւ հարաբերականության տեսություն, ե՛ւ դարվինյան ու մենդել-վայսմանյան կենսաբանություն, ե՛ւ հոգեբանություն, ե՛ւ հասարակագիտություն, ե՛ւ փիլիսոփայություն, ե՛ւ էլի տասնյակ այլ գիտություններ, այդ թվում նաեւ չէր երկնչել նաեւ էզոթերիկ եւ էկզոտիկ գիտությունների առաջ՝ հոգեգողություն, ալքիմիա, աստրոլոգիա, խիրոմանտիա, կախարդանքի ու գուշակության բոլոր ուղղությունները։ Նա տիրապետել էր հավանաբար աշխարհի բոլոր ժողովուրդների իմաստությանը։ Կարծում եմ, նույնիսկ կարիք էլ չկա համոզելու մեր ընթերցողին Մեծ Լուսավորչի գիտելիքների ընդարձակության իրողության մեջ. այդ փաստը նրան հայտնի է «Հարյուր տարվա մենություն» վեպի համապատասխան տեղից։

Աշխարհի ամենամեծ գիտնական դարձած Խ. Աբովյանը, մենք եւս Մարկեսի հետեւությամբ չերկնչենք այդպես անվանել Մեծ Լուսավորչին, տենչում էր, կարելի է ասել՝ շտապում էր իր հսկայածավալ գիտելիքները օր առաջ, ժամ առաջ հաղորդել իր հայրենակիցներին, բայց, ինչպես գիտենք, նախախնամության դաժան ձեռքը մշտապես նրան զրկում էր այդ հնարավորությունից։ Այդժամ Խ. Աբովյանը հուսահատվելով, որ ճակատագիրը նրան կտա այդ բաղձալի հնարավորությունը, որոշում է իր հսկայածավալ գիտելիքները փոխանցել մանուկ Մարկեսին՝ նրա ճկուն ու ըմբռնող մտքի պատճառով։

Սա աստեղային ժամ է, ինչպես ասում էր ավստրիացի մեծ արձակագիր Ստեֆան Ցվայգը, երբ աշխարհի երկու մեծերը գտնում են իրար։ Նկատեմ, որ Ուսուցչի եւ Աշակերտի հարաբերությունները կրում էին անկեղծ, մտերմիկ բնույթ։ Խանդաղատանքի պահերին Խ. Աբովյանը սիրում էր կոչել իր սիրելի ու միակ աշակերտին հայկականացված անունով՝ Գաբրիել Գարսեւան Մարկոսյան կամ պարզապես Գարսիկ։

Իր անսահման աշխատասիրությամբ իր ուսուցչին չզիջող աշակերտը նախեւառաջ սովորում է աշխարհաբար ու գրաբար հայերենը, որպեսզի կարողանա ընթերցել զարմանալի իմաստություններով լեցուն այն մատյանները, որոնք Խ. Աբովյանը գրել էր զարմանալի իրադարձություններով հարուստ իր կյանքի ընթացքում։ Մանուկ Գաբրիելը երդվում է իր ուսուցչին, որ կարեւոր հայտնագործություններով ու խոր եւ օգտակար գիտելիքներով լեցուն այդ մատյանները մի օր հասցնի Հայաստան եւ կփոխանցի մեր գիտնական հայրենակիցներին՝ Մատենադարան։

Այդպիսի հնարավորություն, ինչպես գիտեք, երիտասարդ Մարկեսին շուտով տրվում է։ Դա ուղիղ երեսուն տարի առաջ էր։ Առաջադեմ լրագրողին, որը համակրում էր կոմունիստական գաղափարները, հրավիրում են Խորհրդային Միություն։ Իր ուղեւորական ճամպրուկում, բացի ճանապարհորդական անհրաժեշտ պիտույքներից, նա բերել էր նաեւ իր ուսուցչի ձեռագիր մատյանները եւ իր վեպը… գրված հայերեն՝ ի պատիվ եւ ի հիշատակ իր Մեծ Ուսուցչի։ Փառասեր երիտասարդը հույս ուներ ոչ միայն նվիրել այս ձեռագիրը նրա իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին, այլ նաեւ իր վեպով մի նշանակալի տեղ գրավել հայ գրականության մեջ, տեղ, որը հավասարարժեք կլիներ իր Ուսուցչի՝ Խաչատուր Աբովյանի զբաղեցրած տեղին։

Սակայն, եթե ճակատագիրը դաժան է, ապա Խորհրդային Միության սեղանակալները նրանից հետ չէին մնում։ Վառվռուն հույսերով տոգորված երիտասարդին սպասում էր մեծ հիասթափություն, նույնիսկ երկու հիասթափություն. նախեւառաջ հայտնենք, որ նրա վեպը, որը Խ. Աբովյանի ամերիկյան կյանքի վարպետորեն արված պատումն էր եւ որը կրում էր նույն՝ «Հարյուր տարվա մենություն» անունը, մերժվեց «Սովետական գրականություն» ամսագրի կողմից՝ որպես բուրժուական հոռի ուղղություններին՝ մոդեռնիզմին եւ էրոտիզմին տուրք տված ստեղծագործություն։

Իսկ Խ. Աբովյանի ձեռագիր մատյաննե՞րը, կհարցնեք դուք։ Ավաղ, այստեղ նույնպես պատանի Մարկեսին սպասում էր միայն հիասթափություն։ Նրան չհավատացին, նույնիսկ ծաղրեցին, չխորացան այդ մատյանների բովանդակության մեջ, համարեցին գրական միստիֆիկացիա։ Բայց երբ դեռեւս երիտասարդ եւ անհայտ կոլումբացի լրագրողը ցանկացավ հետ ստանալ այդ ձեռագիրը, պարզվեց, որ դրանք… անհետացել են։ Գուցե դրանք այլեւս չկան, գուցե փոշոտվում են մի ինչ-որ անկյունում։ Ցանկանում ես հավատալ, որ այդ ձեռագրերը դեռեւս լույս աշխարհ կգան, որպեսզի եւս մեկ անգամ ապացուցեն հայ հանճարի մեծությունը։ Այսպես դաժան նախախնամությունը մի վերջին անգամ եւս կատակեց տառապյալ Լուսավորչի հետ, այս անգամ՝ հետմահու, թույլ չտվեց եւս մեկ անգամ հանդիպելու Աբովյանին իր ժողովրդի հետ։ Աստեղային ժամը չկրկնվեց։

Հապա Մարկե՞սը։ Նա վիրավորված հայ բյուրոկրատների ամբարտավանությունից, բարկության պահին ոչնչացնում է իր վեպը, որի համար, ինչպես նա խոստովանում է իր գրքում, բազմիցս զղջացել է, եւ որը, նկատենք, հնարավորություն ուներ դառնալու Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայ վեպը, եւ երդվում այլեւս երբեք չհիշատակել հայերին եւ Հայաստանը իր ստեղծագործություններում եւ խուսափել հայ մարդկանց հետ հանդիպումներից։ Միակ բացառությունը, ինչպես գիտենք, նա կատարում է իր «Հարյուր տարվա մենություն» վեպում, քանզի անկարող էր տուրք չտալ իր Մեծ Ուսուցչի հիշատակին։

Ահա այդ նշանակալից եւ, ով գիտե, հայ ժողովրդի համար բախտորոշ իրադարձությունից տասնյակ տարիներ անց, իր կյանքի մայրամուտին կախարդական իրապաշտության լավագույն վարպետը հանկարծ բաց է անում իր կյանքի մեծագույն գաղտնիքը ծածկող վարագույրը։ Գաղտնիք, որը նույնքան հրաշալի ու կախարդական է, որքան իր գրականությունը։

ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728