Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ ԴԻՄԱՑ

Փետրվար 04,1999 00:00
Qreakan gorc

Իր որդու սպանությունից հետո (1998 թ. սեպտեմբերի 1) քաղաքացին դիմել է գրեթե բոլոր բարձրագույն ատյաններին՝ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, նախագահի խորհրդականներ Պ. Հայրիկյանին, Վ. Հովհաննիսյանին, ԱԺ դատաիրավական հանձնաժողովին։ Պատասխան չկա։ Հրապարակելով որդեկորույս հոր հարցադրումները, մի բանի վրա ենք զարմանում, ինչպե՞ս է, որ բարձրացրած հարցադրումները չեն նկատել ոչ նախաքննական մարմինը եւ ոչ դատարանը։

Գյումրու Մոսկովյան շրջանի ժողդատարանը քննության առավ Գուրգեն Մինասյանի, Թադեւոս Մինասյանի, Անդրանիկ Բաբայանի, Արարատ Հարությունյանի, Կարեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

1999 թ. հունվարի 7-ի դատավճռով նրանցից՝ Գ. Մինասյանին հանցավոր ճանաչեց քր. օր.-ի 111 հոդ. 1-ին մասով, 222 հոդվածի 2-րդ մասով, 232 հոդ. 1-ին մասով նրան դատապարտեց ազատազրկման՝ 3 տարի ժամանակով, կիրառեց 1998 թ. համաներումը եւ ազատեց պատժի կրումից։

Թ. Մինասյանին դատապարտեց 3 տարի ժամանակով, որի վրա համաներում չտարածվեց։ Ա. Բաբայանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամանակով, որը ազատվեց պատժի կրումից համաներման շնորհիվ։

Ա. Հարությունյանին դատապարտեց ազատազրկման մեկ տարի 6 ամիս ժամանակով, որը նույնպես ազատվեց պատժի կրումից համաներման կիրառմամբ։ Արարատ Հարությունյանին «պատժեց» 3 ամիս ժամանակով ազատազրկման։ Կարեն Սարգսյանին դատապարտեց 3 տարի ժամանակով ազատազրկման, կիրառեց համաներում, ազատեց պատժի կրումից։

Պետական մեղադրողի միջնորդությամբ եւ համաձայնությամբ տրված այդ պատիժները առնվազն Նոր տարվա կապակցությամբ «Մեշոկ պապի» նվերներն էին, որը բոլ-բոլ բաժանվեց 6 հոգու միջեւ եւ սա այն դեպքում, երբ գործով կա անմեղ զոհ՝ իմ որդին՝ Ալբերտ Ոսկանյանը, որը մահացել է Կարեն Սարգսյանի դանակի դիտավորյալ հարվածից։

Իմ որդու մահվան կապակցությամբ քր. օր.-ի 100 հոդ. քր. գործը կարճվեց Կ. Սարգսյանի նկատմամբ, եզրահանգմամբ, թե նա գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում։

Նախաքննական մարմնի եւ դատարանի շահագրգռվածությունը ակնհայտ էր, քանի որ դեռեւս նախաքննության ընթացքում մի քանի անգամ բողոքեցի մեկ այլ դատախազությունում գործի քննությունը շարունակելու համար, բայց Գյումրու դատախազությունը արեց ամեն ինչ գործը պահելու, անգամ այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ճանաչվել էի տուժող եւ ծանոթացել իմ դատավարական իրավունքներին։ Բայց երբ մեկ ամիս անց դատախազության տրամադրվածությունը փոխվեց՝ ինձ թույլ չտրվեց նույնիսկ գործի նյութերին ծանոթանալ եւ առարկություններ ներկայացնել։

Գործի նախաքննության ընթացքում կար 2 կողմ, մի կողմում Կ. Սարգսյանը, մյուսում՝ Գ. Մինասյանը եւ թիմակիցները։ Դատաքննության ժամանակ բոլորը մի կողմ էին։ Պետք էր լինել դատաքննությանը, հասկանալու, թե ինչպիսի պայմանավորվածություն կար նրանց միջեւ, ինչպես էր Կարենը հովանավորում մյուսներին, իսկ մյուս ամբաստանյալները պաշտպանում Կարենին՝ չասելով իրականությունը, թե ինչպես Կ. Սարգսյանը սպանեց որդուս։

Ահա Կարենի ցուցմունքը դատաքննության ժամանակ՝ «Եթե ուզենար Գուրգենը ինձ սպանել, ինձնից երկու քայլի վրա էր կանգնած, ոչինչ չէր խանգարում նրան ինձ սպանելու… կրակվել է պատահական ընկնելուց»։ Ժողդատարանը գնահատել է ասվածը, կրակոցը դիտելով անզգուշություն։ Նախ ինչո՞ւ ընդունել, որ անպայման սպանելու դիտավորությամբ, կարելի էր կրակել նաեւ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ։ Այս հնարավոր տարբերակը դատարանը անտեսեց։

Գործի ողջ տվյալները եւ անգամ Կարենի ստացած մարմնական վնասվածքները (9 դանակի հարված, բոլորը թեթեւ) հաստատում են այն փաստը, որ ոչ ոք նրան թե սպանելու, թե այլ ծանր մարմնական վնասվածք պատճառելու նպատակ չի ունեցել, այլապես ըստ գործի տվյալների, 5-10 հոգով միայն ծեծելով կարող էին սպանել նրան, որը չեն արել։ Իսկ կռվի ժամանակ ընդդեմ Կ. Սարգսյանի եղել է 2 դանակ եւ մեկ ատրճանակ (տես դատավճիռը)։

Բացի այդ, քաշքշուկի պահին Կ. Սարգսյանը եւս նույն զգացողությունն է ապրել, որ իրեն սպանելու մտադրություն չեն ունեցել։ Ինչո՞վ բացատրել այն, որ Կարենը համոզված է, թե անզգուշությամբ է Գ. Մինասյանը կրակել իր ոտքին, բայց ըստ գործի տվյալների, նույն պահին իր հետ ընկած որդուս խփում եւ սպանում է՝ իբր պաշտպանվելու նպատակով։ Ինչի՞ց եւ ո՞ւմից էր պաշտպանվում նա։

Ինչպե՞ս կարողացավ դատարանը արդարացնել Կարենի կողմից որդուս սպանությունը, երբ դատավճռում (համոզված) շարադրում է, որ Գուրգենը Կարենին սպանելու դիտավորություն չի ունեցել։ Արդյո՞ք, ըստ օրենքի, ծեծից պաշտպանվելուն համարժեք է սպանություն կատարելը։ (Գոնե անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցման մեղադրանքով չդատապարտվեր Կ. Սարգսյանը, որը, իհարկե, սփոփանք չէր լինի մեր վշտի դիմաց, քանի որ սպանությունը դիտավորությամբ է կատարվել այդ օրվա երեկոյից իսկ գազազած Կարենի կողմից)։

Ի՞նչ անհրաժեշտ պաշտպանության մասին կարող է խոսք լինել, երբ Կարենը ոչ նախաքննական եւ ոչ էլ դատաքննությամբ ցուցմունք չի տվել, որ իմ որդու ձեռքին դանակ է տեսել։

Որդուս կողմից սպանության վտանգ ներկայացնող եւ ընդհանրապես մյուս տղաների, իր կյանքին վտանգ սպառնացող, ո՞ր գործողությունն է, որ թույլ է տվել Կարենին պաշտպանվելու նպատակով սպանել որդուս, դա դատավճռից չի երեւում։

Երեւի դատարանը մոռացել էր իր դատաիրավական իրավունքները, որ գործը պետք է քննության ենթարկեր ամբողջությամբ եւ, որ կարող էր հակառակվել նախաքննական մարմնի կարծիքին եւ գործը թերի լինելու պատճառով հետ վերադարձներ։

Եթե իմ տղան այդքան ակտիվ կռվող է եղել, ինչո՞վ բացատրել, որ նրա մարմնի վրա ոչ մի այլ վնասվածք չի հայտնաբերվել, բացի թափանցող, կտրող-ծակող հարվածից, իսկ մյուս «անմեղների» վրա բավական շատ էին մարմնական վնասվածքները։

Ես հանգուցյալի հայրն եմ եւ իմ որդու ձեռքին երբեք չեմ տեսել ինձ ճանաչման ներկայացրած դանակը։ Ինչո՞վ բացատրել, որ դատապարտյալները ճանաչեցին, ինչո՞վ բացատրել, որ երբ ոչ մի ցուցմունք չկա ամբաստանյալների կողմից դեպքի պահին որդուս ձեռքին դանակ լինելու մասին, հանկարծ ինչ-որ դանակի «ճանաչմամբ» նախաքննական մարմինը եւ դատարանը որդուս ձեռքը դանակ տվեցին, առանց մատնանշելու, թե ո՞րն է այդ եզրահանգման աղբյուրը։

Սա արդյոք նրա համար չէ՞ր, որ հաստատվեր Կարենի փրկության վարկածը, թե իբր գործել է ինքնապաշտպանության սահմաններում։

Տարօրինակ է, որ գործով վկա Արա Գեւորգյանը մանրամասն, սկզբից վերջ նախաքննությամբ նկարագրում է դեպքերի հաջորդականությունը՝ դեռեւս Կարենի եղբոր եւ Գուրգենի վեճից, Գուրգենի եւ Կարենի վեճից իր եւ Թադեւոսի ուղեկցությամբ Կարենին կանչում են հացի փուռ։ Մանրամասն նկարագրում է փռի մոտի քաշքշուկը, տեսնում դանակը Կարենի, Թադեւոսի եւ իմ որդու ձեռքին, բայց «անմեղ գառի» պես թաքնված տեղից է դիտել, կարծես հատկապես այնտեղ էր նախաքննությանը «օգնելու» նպատակով։

Նախաքննությամբ ցուցմունք տալով, որ տղաս իր ընկերն է եղել, լսել է նրա խոսքերը՝ «վախ մեռա», տեսել է կուրծքը արյունոտված ընկած, փախել է։ Ինչո՞ւ էր փախչում, եթե ոչինչ չէր արել կամ ինչո՞ւ ավելի վաղ չէր փախչում։

Նա չներկայացավ դատարան, քանի որ ի տես բոլորի չէր կարող այդ կեղծ ցուցմունքը պնդել, որը տվել էր նախաքննությունից կարճման որոշման ակնկալիքով։ Ահա այս ցուցմունքը արժեքավորեց ժողդատարանը՝ առանց հաշվի առնելու վերը շարադրվածը։

Եվ ընդհանրապես, ժողդատարանի կողմից ապացույց դիտված շատ ցուցմունքներ անգամ տրամաբանական չեն՝ Գուրգենը չի կռվել, գնացել է փռի հետեւ փսխելու, մեկը վերջին պահին է եկել, մեկը մի մուշտի է տվել, մի քանիսը չեն հասցրել ավտոմեքենայի միջից իջնել, մի քանիսը թաքնվել են ավտոմեքենայի հետեւում կամ պատի տակ, մեկը առանց «հասկանալու», որ իր մեքենայի մեջ մարդ է մահացել, ավտոմեքենան է լվանում՝ «պատահականորեն» հետքերը թաքցնելով։

Բավական է այն, որ Կ. Սարգսյանն ընդունել է այն փաստը, որ Թ. Մինասյանի կանչով տնից դուրս գալով, դանակ է վերցրել իր հետ, ուրեմն՝ նա գիտեր, որ կռվելու է գնում եւ դանակը կարող է պետք գալ։ Չեմ կարող հաշտվել այն իրողության հետ, երբ որդուս սպանողը ազատության մեջ է եւ անպատիժ։ Դեռեւս սպասում եմ վերադաս մարմինների միջամտությանը՝ այս ապօրինությունը կանխելու համար։ Երբ անհույս մնամ՝ իմ հետագա գործողությունների պատասխանատվությունը թողնում եմ բոլոր իրավասու մարմինների վրա, ովքեր իրենց անտարբերությամբ կհովանավորեն այս ապօրինությունը։

ՌԵԽՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ

Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728