Մայրաքաղաքի դպրոցներում ձմեռային արձակուրդները դեռ չավարտված՝ նորից սկսվեցին։ Շնչառական սուր վիրուսային հիվանդությունների արհեստական օջախներ չստեղծելու մտահոգությամբ՝ Երեւանի քաղաքապետը դպրոցներում դասերը մինչեւ փետրվարի 8-ը հետաձգելու որոշում է կայացրել։ Մարզպետարանների կրթության վարչության պետերին մի տեղում գտնելու բարեբախտությունից օգտվելով՝ փորձեցինք ճշտել նաեւ մարզերի դպրոցների «սուր վիրուսային» վիճակը եւ ոչ միայն այդ։
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանը, ի պատասխան մեր հարցի՝ ի՞նչ երաշխիք կա, որ վիճակը կկարգավորվի եւ փետրվարի 8-ից դասերը դարձյալ չեն հետաձգվի, ասաց. «Այդ երաշխիքը տալիս են Առողջապահության նախարարությունը եւ համաճարակային ծառայության ներկայացուցիչները։ Եղանակն էլ բավականին նպաստող է, եւ եթե չլինի գրիպի վարակի վերընթաց, ուրեմն դասերը փետրվարի 8-ից հաջողությամբ կսկսենք»։ Ժխտվեց մեր այն մտահոգությունը, թե բացի գրիպից խոչընդոտ կարող է լինել ջեռուցման խնդիրը։ Տիկին Խրիմյանը վստահեցրեց, որ ջեռուցման հետ կապված խնդիր չունեն։ 4-5 դպրոցներում սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ շինվերանորոգման աշխատանքներ են ընթանում եւ դասերը դրանցում այդ պատճառով են հետաձգվել։ «Մնացածներում ջեռուցման համակարգը գործում է, կենտրոնացված ջեռուցում է, տեներ եւ էլեկտրական սալիկներ»։ Կորցրած օրերը կվերականգնվեն շաբաթ օրերի եւ գարնանային արձակուրդների հաշվին, ինչը զրուցակցիս հավաստմամբ լիովին բավարար է։
Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Գարեգին Գարեգինյանի հաղորդած լուրն ավելի հուսադրող էր։ Արարատի մարզում դասերը երկու շաբաթ հետաձգելուց հետո սկսվել են փետրվարի մեկից եւ առայժմ անհանգստացնող հիմք չկա դրանք դադարեցնելու համար։ Ջեռուցման հարցն այստեղ ավանդական մեթոդներով է լուծվում՝ նավթի վառարաններով։ «Նավթի բաշխումը ընթացքի մեջ է, եւ ջեռուցումն ապահովված է»,- վստահեցրեց պրն Գարեգինյանը։ Այսքան իդեալական պատկերը փորձեցինք «կոտրել» մարզի դպրոցների գլխավոր պրոբլեմի մասին հարցով։
Երկար մտմտանքներից հետո զրուցակիցս «գտավ», որ գլխավոր պրոբլեմը ոչ մասնագետ մանկավարժների մեծ հոսքն է դպրոցներ եւ ընդհանրապես մանկավարժների պակասը։ Դպրոցների վերանորոգման աշխատանքները տարվում են, բայց ոչ լիարժեք։ Դրանից էլ վատ է նյութատեխնիկական բազայի վիճակը, քանի որ համալրում գրեթե չի կատարվում։ Գոնե ինչ-որ չափով համալրվում կատարվո՞ւմ է հարցին ի պատասխան վստահեցրեց, որ մարզպետարանի «Արարատ -96» հիմնադրամի օժանդակությամբ աշակերտական նստարաններ, ապակի են հատկացրել որոշ դպրոցների, սակայն դրանց թիվը շատ փոքր է։
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Գարիկ Բադալյանը տեղեկացրեց, որ իրենց մարզում եւս դասերի հետաձգումը պայմանավորված է գրիպի վարակով։ Սակայն մարզային հիգիենիկ եւ համաճարակային հսկողության կենտրոնի գլխավոր բժշկի հայտարարությունը հիմք ընդունելով, փետրվարի մեկից դասերը սկսվել են։ Սեւան քաղաքի երկու դպրոց, որտեղ կենտրոնացված ջեռուցում կա, դասերն ավելի վաղ են սկսել՝ հունվարի տասնմեկից։ Վարչության պետի կարծիքով՝ «հիվանդությունն արդեն հետին պլան է մղված»։ Իսկ դասերը ոգեւորությամբ են սկսել, քանի որ «այս տաք օրերին դասեր չկազմակերպելը շատ վատ է հետագայում անդրադառնալու, նաեւ հոգեբանական տեսակետից, որովհետեւ՝ չաշխատելով սովորում են չաշխատել»։
Ջեռուցման խնդիրը լուծվում է հիմնականում նավթով, որը տրամադրել է Ժողովրդավարության եւ զարգացման հիմնադրամը։ Նավթի բաշխումը այս օրերին շարունակվում է։ Բացի այդ, դպրոցները ջեռուցվում են նաեւ հովանավորների, ծնողների աջակցության շնորհիվ։ Մարզի դպրոցների գլխավոր պրոբլեմը որակյալ մասնագետների պակասն է. փախստականներով բնակեցված համայնքներ շատ ունեցող այս մարզը (հատկապես Վարդենիսի եւ Ճամբարակի տարածքները) բարձրագույն կրթությամբ 219 մանկավարժի կարիք ունի։ Մոտ 4800 դասաժամ չի դասավանդվում եւ դպրոցներից այս առնչությամբ բազմաթիվ ահազանգեր կան։ Կադրերի պահանջարկը միշտ ժամանակին ներկայացվում է Կրթության եւ գիտության նախարարությանը, բայց «մայրաքաղաքի բուհերի շրջանավարտները մեր մարզ չեն այցելում»։
Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Ռաֆիկ Սահակյանից տեղեկացանք, որ իրենց մարզում եւս դասերը հետաձգվել են մինչեւ փետրվարի 8-ը։ Դպրոցները հիմնականում ջեռուցվում են հեղուկ վառելիքով ու քանի որ եղանակները Արմավիրում տաք են, այն լիովին կբավականացնի։ Մարզի դպրոցների գլխավոր պրոբլեմը դպրոցական շենքերի վերանորոգման հարցն է։ Պարոն Սահակյանը շատ ճիշտ «խայթեց», որ «հրաշալի» միջազգային կոնֆերանսներ ու ֆորումներ են անում, բայց «թո՛ղ դպրոցը կառուցեն, աշակերտական սեղան-նստարաններ, գիրք, ծրագիր տան մեզ, եւ մեր ուսուցիչները պատրաստ են սխրանքի»։ Վարչության պետը չմոռացավ բողոքել նաեւ աշխատավարձերի վճարման ուշացումներից։
Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Գրիշա Մանուչարյանը թերեւս միակն էր, որ ուրախալի լուր հաղորդեց. դասերը սկսվել են հունվարի 25-ից, քանի որ աշակերտների հաճախելիությունը բավարար է գնահատվել (28 հազարից 280-ն է բացակայել)։ Ջեռուցման խնդիր էլ չունեն։ Իսկ գլխավոր պրոբլեմը այստեղ էլ մանկավարժական կադրերի պակասն է, մանավանդ սահմանամերձ շրջանների, բարձրադիր գոտու դպրոցներում։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ