Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՐԱԲԱՂՆԻՍ՝ ՓՈՂՈՑՈՒՄ

Փետրվար 04,1999 00:00
arevtur

Տողերս անհավանական կարող են հնչել այսօր, սակայն եթե նույնիսկ մեկ անգամ լինեք «Երեւան» կինոթատրոնի դիմացի փողոց-շուկայում (Ֆիրդուսու փող.), ապա կհամաձայնեք ասածիս հետ։ Շուկա-փողոցի երկարությունը մոտ 100 մետր է, լայնությունը… 2 մետր, տեղ-տեղ էլ 1,5 մետրանոց անցումներով, որտեղով անընդհատ երթեւեկում են գնորդները, ինչպես նաեւ ապրանք տեղափոխող սայլակները։ Գնորդները քիչ է մնում ընկնեն կամ բարձրանան վաճառասեղանների վրա։ Գետինն այնքան քայքայված ու խորդուբորդ է, որ սովորական օրերին կարող են մարդիկ վնասվածք ստանալ, իսկ սառույցի դեպքում (բարեբախտաբար, այս ձմեռ դեռ չի եղել) դրանք անխուսափելի են։

Փողոցի երկու կողմերում սեփական տներ են, որոնք դռների ու պատուհանների շնորհիվ վերածվել են վաճառատեղերի, բոլոր բնակիչները դարձել են վաճառականներ, դպրոցականները մոռացել են դպրոցի ճանապարհը, դարձել չարչիներ, մանրավաճառներ, իսկ խաղահրապարակ ունենալու մասին նրանք երազել անգամ չեն կարող, շուկային կից մանկապարտեզը փակվել եւ քանդվել է։ Բնակիչներն իրենց ավտոմեքենաներով պետք է առավոտյան ժամը 6-ին դուրս գան տնից, քանի շուկան չի սկսել իր աշխատանքը եւ ավտոմեքենաները բակ պետք է մտցնեն միայն ուշ երեկոյան, շուկան փակվելուց հետո (նույնը պետք է անեն նաեւ հյուրերը)։

Իսկ ինչ է ներկայացնում իրենից այդ շուկան… Այն երբեք չեք կարող համեմատել արեւելյան ոչ մի շուկայի հետ։ Այստեղ տիրում է քաոս, բացօթյա պայմաններում վաճառվում է ամեն տեսակ սննդամթերք՝ մսամթերք, երշիկեղեն, կաթնամթերք, շուտ փչացող այլ սննդամթերք, սրանց հարեւանությամբ՝ քիմիական փոշիներ, օծանելիք, արդյունաբերական ապրանքներ՝ խորովածի ու քյաբաբի մանղալների ծուխն էլ գումարած այս ամենին։ Ձեռքի վրայից էլ շրջիկ վաճառողներն իրացնում են տանը պատրաստված կրեմով թխվածքներ, կարկանդակ եւ այլն։

Փողոց-շուկայում տեղադրված է մոտ 200 վաճառատեղ, վաճառողների եւ գնորդների համար չկա զուգարան, լվացարան, ցայտաղբյուր, օգտվում են՝ ով որտեղ պատահի (փաստորեն, չեն պահպանվում սանիտարահիգիենիկ նվազագույն պահանջները)։ Շուկա ելնող-մտնողներից միայն դժգոհություններ, բողոքներ, վիրավորանքներ, անգամ հայհոյանք ես լսում, բայց ում հասցեին՝ իրենք էլ չգիտեն։

Եթե քրտնածոր կարողացար դուրս գալ այդ բաղնիքից, ապա մեծ գոհունակություն ես հայտնում Աստծուն եւ խոստանում այլեւս չմտնել այնտեղ։

Հանրապետության հրապարակը եւ նրան հարող տարածքը քաղաքի դեմքն են, հետեւաբար, պետք է մաքուր լինեն՝ նախկինի նման։ Այս դեպքում կամաց-կամաց կվերանան հակահիգիենիկ օջախները, հիվանդությունների եւ թունավորումների վտանգը, կկանխարգելվի ինֆեկցիոն եւ աղիքային հիվանդությունների տարածումը։

ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բժիշկ-հիգիենիստ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728