Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ

Փետրվար 04,1999 00:00
ynddem

Մեր օրերում սովորական երեւույթ է դառնում որեւէ չաշխատող հիմնարկի փակվելը։ Որպես օրենք դրանից հետո սկսվում է վերոնշյալ հիմնարկի տարածքի եւ ունեցվածքի «սեփականաշնորհման» գործընթացը։

Ըստ շենքի քաղաքի կենտրոնին մոտ գտնվելու՝ սեփականաշնորհողը լինում է ավելի հզոր որեւէ քաղաքական գործիչ կամ նրան ենթակա պետական որեւէ այլ հիմնարկ։ Նման երեւույթների մասին եթե մամուլում գրվում է, ապա այդ հրապարակումը ստանում է «միջգերատեսչական գզվռտոց» վերնագիրը։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գեղարվեստական ստեղծագործության հանրապետական կենտրոնի շենքի հարցը բոլորովին այլ է եւ վերը նշված դեպքերից ոչ մեկի նման չէ։ Նախ ասենք, որ մշակութային այս օջախը, չնայած վերջին տարիների բարդություններին՝ փայլուն կերպով աշխատել է՝ Սահարունու անվան ժողովրդական երգի-պարի անսամբլին, «Արարատ» փողային նվագախմբին, «Երեւան» կամերային երգչախմբին եւ այլ հանրահայտ կոլեկտիվներին գումարելով նորերը, որոնք ոչ միայն գոյատեւեցին, այլեւ բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիրներ դարձան։

Հարցի էությունը հետեւյալն է. ըստ հավաստի տեղեկությունների, կենտրոնի շենքը, որն, ի դեպ, կառուցվել է 1895 թ., ուզում են տրամադրել ՆԳ եւ ԱԱ նախարարության ինչ-որ կառույցի (ըստ երեւույթին, 10-րդ վարչությանը)։ Թե ինչու են Ագաթանգեղոսի 3 հասցեում գտնվող այս շենքին աչք դրել ՆԳ եւ ԱԱ նախարարության համապատասխան պաշտոնյաները, դեռեւս բացահայտված չէ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ստորագրել է շենքը հանձնելու փաստաթղթերը, առանց դույզն-ինչ մտածելու 1945 թվականից ի վեր աշխատող մշակութային կրթական օջախի 55 մասնագետների եւ 720 աշակերտների մասին։

Կենտրոնի տնօրեն Սամվել Բալոյանից իմացանք, որ վերոնշյալ շենքի փոխարեն նախարարությունն իրենց տրամադրում է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի շենքի 1-ին հարկում գտնվող Կոջոյանի անվան դպրոցի տարածքը, որը հինգ անգամ ավելի փոքր է, քան կենտրոնի այսօրվա ունեցածը։ Դրանից բացի, նոր շենքում չկան համապատասխան ներքին հարմարություններ, ինչպիսիք են պարային ստուդիան, նկարչական արվեստանոցը, փողային նվագախմբի խլացված արվեստանոցը, Անդրկովկասում իր մեջ եզակի փողային նվագարանների վերանորոգման արհեստանոցը, անհատական ուսուցման համար մասնագիտացված դասարանները։ Նման վերակառուցման համար, եթե նույնիսկ Կոջոյանի տարածքը բավականացներ, զգալի ներդրումներ են պահանջվում, որոնք, ինչպես բոլորին է հայտնի՝ չկան։

Այս խմորը դեռ շատ ջուր կտանի, եթե համապատասխան պաշտոնյաները չկասեցնեն արդեն սկսված գործընթացը։

«Առավոտը» կհետեւի մշակույթի կենտրոնի շենքի հետ կապված իրադարձություններին եւ ընթերցողներին տեղյակ կպահի գործի հետագա ընթացքի մասին։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728