Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Փետրվար 04,1999 00:00
change

Մեկ տարի առաջ, ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ նրա պատերից դուրս ծայր առավ հրաժարականների շքերթ, որն ակնկալվածից ավելի կարճ ընթացք ունեցավ։ Նրանցից ոմանց «Առավոտը» հրավիրել է զրույցի՝ բոլորին ուղղելով նույն հարցերը։

1. Մեկ տարվա հեռավորությունից Ձեզ էլի Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիրն ու քաղաքական գծի հետեւորդը համարո՞ւմ եք։

2. Այս մեկ տարվա ընթացքում հանրապետությունում տեղի ունեցածի վերաբերյալ Ձեր գնահատականը։

3. Այնուամենայնիվ, կուզենայի՞ք շարունակել նոր իշխանության հետ աշխատել։

4. Ձեր կարծիքով, մեկ տարի առաջ իշխանափոխությունը Հայաստանում, իրոք, հասունացե՞լ էր։

Ալեքսանդր Արզումանյան, նախկին արտգործնախարար.

1. Այո, անշուշտ։ ՀՀՇ-ն շարունակում է պաշտպանել իր սկզբունքները։ Մենք պոպուլիստական կուսակցություն չենք, մեր գաղափարախոսությունը չի փոխվել 1988 թվականից սկսված։

2. Իմ բնութագրմամբ, գործընթացները բավականին վատ բովանդակություն են ձեռք բերել։ Հայաստանը մեկուսացված է։ Եթե խոսենք արտաքին քաղաքականության մասին, այս մեկ տարվա ընթացքում որեւէ դրական տեղաշարժ դիտարկելի չի եղել։ Ավելին՝ հետ ենք մղվել դեպի 1,5-2 տարի առաջ գոյություն ունեցող կացություն, երբ բանակցությունները մտել էին փակուղի, եւ որեւէ ելք չէր երեւում։ Նորերը, փաստորեն, իշխանության եկան Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորելու պատրվակով։ Նրանք պնդում էին, թե հնարավոր է կոշտ դիրքորոշումներով շատ արագ մեծ հաջողությունների հասնել։ Այս վերջին մեկ տարվա անցուդարձը ցույց տվեց, որ դեպքերն այդ ընթացքը չստացան։ Բանակցությունները նորից մտան փակուղի եւ, համենայնդեպս, մոտ ապագայում չի նշմարվում դրական տեղաշարժի որեւէ հեռանկար։ Մյուս ոլորտնեի մասին էլ բազմիցս արտահայտվելու հնարավորություն ունեցել եմ։ Բավական է հայացք նետել շուրջբոլորը, եւ պարզ կդառնա, որ կյանքն աստիճանաբար դժվարանում է։ Վատանում է թե՛ սոցիալ-տնտեսական վիճակը, թե՛ ներքին քաղաքական մթնոլորտը։ Այնպես որ, գնահատականը միայն բացասական կարող է լինել։

Սա ամենեւին էլ նախկին պաշտոնյայի ռեւանշի կամ նեղացածության դրսեւորում չէ։ Խոսքը մեր հայրենիքի, մեր երեխաների ապագայի մասին է։ Մենք պետք է սերունդների համար կառուցենք նորմալ, ժողովրդավարական պետություն, սակայն այսօր, իմ կարծիքով, սխալ ուղղությամբ ենք շարժվում։

3. Ոչ, ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ արտաքին քաղաքականության իրականացվող գծի հետ ունեմ սկզբունքային տարաձայնություններ։ Այնպես որ, այս համակարգում չեմ պատկերացնում իմ տեղը։

4. Դա, կարծում եմ, տվյալ պարագայում փիլիսոփայական հարցադրում է։ Կարելի է խնդրի վերաբերյալ երկար խոսել, սակայն, իմ խորին համոզմամբ, դրա անհրաժեշտությունը չկար։

Կարապետ Ռուբինյան, ԱԺ նախկին փոխնախագահ.

1. Իհարկե, զարգացումների սկիզբը Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր, բայց իմ հրաժարականը դրա հետ չէի կապի։ Երեւի արժե դրա մասին խոսել, որովհետեւ այդ հրաժարականները միանշանակորեն կապվում են միմյանց։ Իմ հրաժարականից դեռ 2-3 օր առաջ, ըստ էության, խորհրդարանում տեղի ունեցավ, այսպես ասենք՝ ներքին հեղաշրջում։ Մի ամբողջ խումբ պատգամավորներ տարբեր մեթոդներով, թե՛ քաղաքական, եւ թե՛ այլ, ենթարկվեցին զանգվածային մշակման՝ ուժային կառույցների անմիջական մասնակցությամբ եւ տեղափոխվեցին «Երկրապահ» պատգամավորական խումբ։ Խորհրդարանական մեծամասնությունը փոխվեց։ Ես՝ իբրեւ փոխխոսնակ արդեն ներկայացնում էի ոչ թե մեծամասնությանը, այլ՝ փոքրամասնությանը։ Ուստի, պարտադրված էի հրաժարական տալ, մանավանդ չէի ընդունում ո՛չ այն մեթոդները, որոնցով խորհրդարանը սկսեց կառավարվել դրսից, եւ ո՛չ էլ այդ նոր մեծամասնության բարոյականությունը։ Եթե խորհրդարանը մնար նորմալ եւ գործող օրենսդիր մարմին եւ չենթարկվեր արտաքին մանիպուլյացիաների, ենթադրում եմ, որ իմ վճիռը կարող էր այլ լինել։

2. Ես երբեք չեմ համարել, թե չափազանց խելացի գործունեություն ենք ծավալում ԱԺ նիստերը վարելիս։ Կարծում եմ, որ մեզ փոխարինածները խորհրդարանի աշխատանքները տարել են նորմալ հունով։ Զուտ օրենսդրական պրոցեսի որեւէ խափանում չեմ արձանագրել։ Ոչ քաղաքական խնդիրները հանձնաժողովների աշխատանքի, օրենքներ մշակելու առումով լուծվել են նորմալ։ Որոշ դեպքերում նույնիսկ ավելի լավ, քան մենք կարող էինք անել, որոշ դեպքերում ավելի վատ, քան մենք կարող էինք անել։ Բոլոր դեպքերում՝ այդ գործընթացներին մեծ նշանակություն չեմ ուզում տալ։

Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին եւ խորհրդարանի ղեկավարության ազդեցությանը քաղաքական բնույթի օրենքների վրա, մասնավորապես, ասենք՝ ընտրական օրենսգիրքը կամ աղմկահարույց այլ դեպքեր, ապա այստեղ, իհարկե, ես քաղաքական անհամաձայնություն ունեմ։ Ցավում եմ, որ խորհրդարանի ղեկավարությունը մեծավ մասամբ գործող նախագահի եւ այլ ուժերի համար գործիք է դառնում։

3. Այս քաղաքական կուրսով եւ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունների միջավայրում առկա այս ոչ ժողովրդավարական բնույթի հարաբերություններով, միարժեքորեն՝ ոչ, չէի ուզենա համագործակցել ներկա իշխանությունների հետ։

4. Ընդհանրապես իշխանափոխությունը դրական երեւույթ է։ Իմ անձնական օրինակով էլ պետք է ասեմ, որ բավականին դրական տեղաշարժեր եմ արձանագրել։ Կյանքս, որը տաղտկալի էր դարձել վերջին ժամանակներում, բավականին հետաքրքիր բնույթ ձեռք բերեց թեկուզ իմ քաղաքական, հասարակական գործունեությամբ։ Եթե խորհրդարանում տարին մեկ խոսնակ փոխվի, կարծում եմ, նոր նախագահն ավելի մեծ եռանդով կաշխատի՝ գոնե սկզբում։ Իհարկե, շատ կարեւոր է, որ հավասար մտավոր կարողություններով մարդիկ փոխարինեն միմյանց։ Այս առումով դրական է, սակայն պայմանով, որ դա բնական գործընթաց լինի՝ քաղաքակիրթ եւ արդար ընտրությունների ձեւով։ Ընտրությունները պատուհաս չեն ժողովրդի գլխին, մենք ենք այդ պատուհասը։ Ընդհակառակը՝ ընտրությունները շարժիչ ուժ են, որոնք նոր մարդկանց առջեւ ասպարեզ են բացում, ովքեր նորմալ երկրներում լծվում են պետականաշինության գործին։ Մեզանում դա չի ստացվում, որովհետեւ ո՛չ նորմալ ընտրություն է լինում, ո՛չ էլ նորացում։

Վահագն Խաչատրյան, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական.

1. Պատահական չէր, որ ես էլ այլ մարդկանց հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հեռացա։ Կարծում եմ, որ բարոյական առումով այդպես պետք է վարվեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ աշխատող յուրաքանչյուր մարդ։ Հեռանալուս երկրորդ պատճառը գաղափարաքաղաքական հիմք ուներ։ Այն մարդը, որ պետք է գար, իսկ այդ ժամանակ արդեն ուրվագծվում էր, թե ով է գալու, ինձ համար չէր կարող լինել այն անձնավորությունը, որի հետ կարող էի կիսվել, խորհուրդներ տալ եւ նրան համարել գաղափարական ընկեր։

2. Մեկ տարի անց իմ տեսակետն այն է, որ եթե ամեն ինչ տեղի ունենար բնական ճանապարհով, եւ որեւէ արհեստական միջնորդություն չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալու պարագայում, դա նորմալ կլիներ։ Հետագա զարգացումները նորից նորմալ բնույթ կունենային։ Սակայն դա արհեստական ընթացք ունեցավ, ինչը, համենայնդեպս, ինձ համար անսպասելի էր։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որը ոչնչով չի տարբերվում 98-ի սկզբից։ Եթե ոմանք փորձում են ներկայացնել, թե մեկ տարվա ընթացքում ինչ-որ հաջողություններ են եղել, ապա մոռանում են նշել Սահմանադրության խախտումները, խնդիրների առաջացումն արտաքին քաղաքականության մեջ եւ տնտեսության ոլորտում խոստացված առաջընթացի բացակայությունը։ Պահպանվում է անորոշությունը Ղարաբաղի հարցի շուրջ։ Այս մեկ տարին ոչինչ չտվեց Հայաստանի տնտեսական կամ քաղաքական կյանքին, բացի հիասթափությունից եւ վստահության կորստից։ Մեկ տարի առաջ տեղի ունեցածի հետ հույսեր կապողները որեւէ դրական տեղաշարժ չեն կարողանում մատնանշել։

3. Ոչ։ Որովհետեւ, ես կշարունակեի աշխատել միայն այն մարդկանց հետ, ովքեր օրինական ճանապարհով են եկել իշխանության գլուխ, եւ որոնց գաղափարներն ինձ համար ընդունելի են։ Բացի այդ, պետք է համոզված լինեմ, որ նրանք գործունեություն են ծավալելու միայն օրինականության շրջանակներում։

4. Իրոք, խնդիրներ կային, որոնք առաջացել էին ներքաղաքական կյանքում, ինչին նպաստում էր նաեւ Ղարաբաղի խնդրի լուծման ձգձգումը։ Փոփոխություն չկա սոցիալ-տնտեսական միջավայրում։ Կարծես, արդեն լցված էր ժողովրդի համբերության բաժակը։ Իհարկե, կտրուկ քայլերի անհրաժեշտություն կար, բայց կարելի էր կառավարության փոփոխությամբ կամ ԱԺ նոր ընտրություններով ընդդիմությանը պետական շինարարության մեջ ակտիվորեն ընդգրկելու հնարավորություն տալով աստիճանաբար ձեռնամուխ լինել իրավիճակի շտկմանը։ Բայց քայլերը պետք է այլ ձեւ ու դրսեւորում ունենային։ Այո՛, պետք էր հավասարակշռել պետության քաղաքական միջավայրը։ 98-ի փետրվարին առկա իրավիճակը, ինչ խոսք, այնպիսին չէր, որ հնարավոր լիներ ասել, թե մեզ առաջիկա երկու տարում երջանիկ օրեր են սպասվում։ Եթե հնարավորություն տային, կարծում եմ, որ հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ որոշակի տեղաշարժերի կգնար։ Առանց դրանց որեւէ հեռանկար չէր նշմարվում։

Վիգեն Խաչատրյան, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ.

1. Ես միանշանակորեն չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ երբեւիցե չեմ համարել, թե հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական քաղաքական գծի հետեւորդն եմ եղել։ Իսկ հեռացա, որովհետեւ իշխանափոխության փորձ արեցին այն մարդիկ, ովքեր մինչ այդ խորհրդարանում մեծամասնություն լինելով հանդերձ, մեկ գիշերվա ընթացքում փոխեցին իրենց հայացքները։ Այդ ժամանակ ես համոզմունք արտահայտեցի, որ այդ մեծամասնությունը հեռանկար չունի, որ այդ մեծամասնությունն իրեն լավագույն ձեւով չի դրսեւորելու եւ հանդես է գալու իբրեւ պատեհապաշտական մեծամասնություն։ Հայտարարեցի, որ չեմ ցանկանում համագործակցել այդ կարգի մեծամասնության հետ։ Ժամանակն, իմ կարծիքով, ապացուցեց, որ ճիշտը ես էի։ Այդ մեծամասնությունն այս մեկ տարվա ընթացքում հանդես եկավ, փաստորեն, անօրինական իշխանությանը ձայնակցողի դերում։ Որեւէ հարցում նրա կողմից որեւէ սկզբունքային մոտեցում չցուցաբերվեց։ Զարգացավ պատեհապաշտությունը, հարմարվողականությունը։ Ես այն ժամանակ ցանկություն արտահայտեցի, որ կուզենայի սխալված լինել։ Դժբախտաբար, ճիշտ դուրս եկա։

2. Կարծում եմ, որ այս մեկ տարվա ընթացքում առնվազն մի 8 տարով հետ ենք նետվել։ Ե՛վ քաղաքական ասպարեզում, ե՛ւ երկրում տիրող մթնոլորտի ու հեռանկարի առումներով, կարծում եմ, նախորդ տարիներին կուտակված սխալներն ու բացթողումները այս կարճ ժամանակահատվածում բազմապատկվեցին։ Երկրում ծայր են առել լճացման շատ վտանգավոր գործընթացներ։

3. Ընդհակառակը, աստիճանաբար համոզվել եմ, որ ճիշտ եմ վարվել։ Ափսոսում եմ, իհարկե, բայց ոչ թե հեռանալուս, այլ այն բանի համար, որ այսպիսի իշխանություն ունենք։

4. Կարծում եմ, որ իրականության մեջ իշխանափոխությունը հասունացել էր։ Եթե հիմա անդրադառնանք անցած տարիներին, անցյալին վերաբերող բոլոր քննադատությունները, մասնավորապես՝ իշխանության ձեւավորման սկզբունքների առումով, պետք է այսօր համարձակություն ունենանք եւ արձանագրենք, որ ճիշտ են։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728