«Առավոտ» օրաթերթը անդրադարձել էր Երեւանի Դավիթաշեն համայնքում կառուցվող շքեղ առանձնատներից մեկին, որն, ըստ լուրերի, պատկանում է համայնքապետի տեղակալին։ Հիշեցնենք, որ առանձնատունը շրջապատող քարե պարիսպը խանգարում էր երթեւեկությանը։ Գոհունակությամբ փաստում ենք, որ վերոհիշյալ հրապարակումից բառացիորեն երկու օր անց փողոցի այդ մասում շինարարական աշխատանքը եռում էր։ Բուն փողոցը տանտերը իրենով է արել, նրան զուգահեռ մի նոր փողոց է բացել եւ տեղը-տեղին ասֆալտել։ Նորաբաց փողոցն առաջարկում ենք կոչել Ծաղկառուբային՝ տանտիրոջ շեֆի պատվին։ Նախաձեռնությունն, իհարկե, շատ գովելի է։ Սակայն մի փոքր կարկատան է թողնված։ Խճաքարերով լցված փողոցի այդ հատվածը սպասում է իր ասֆալտին։ «Առավոտը» հուսով է, որ այս լուրից հետո էլ փողոցի մյուս մասը կբարեկարգվի։ «Ждем-с»:
ՎԱՏ ԼՈՒՐ
Կրթության մասին օրենքի նախագծի քննարկումը ԱԺ-ում հաջողացնելու՝ Լեւոն Մկրտչյանի հաղթաթուղթը, իր իսկ խոստովանությամբ, կուսակցական փորձով թրծված լոբբինգը պիտի լիներ։ Նախարարի լոբբինգն իր գործն արեց՝ չնայած Էդվարդ Եգորյանը երեկվա նիստում հայտարարեց, թե ԱԺ-ի օրակարգն այդ հարցով զբաղեցնելը քաղաքական նպատակ ուներ, որպեսզի շեղեն ուշադրությունը իրենց բարձրացրած հայտնի հարցերից եւ հասցնեն լուծարել ԱԺ-ն։ Սակայն պարոն Եգորյանի վերաբերմունքը կրթության մասին օրենքի նախագծի նկատմամբ դրանով չսահմանափակվեց։ Երբ թվում էր, թե ուր որ է նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի, քանի որ գերիշխող էր գլխավոր վիճահարույց հարցերի առնչությամբ համաձայնության գալու տրամադրվածությունը, պարոն Եգորյանի ղեկավարած «Հայրենիք» պատգամավորական խմբակցությունը նախագծի քվեարկությունից անմիջապես առաջ ընդմիջում խնդրեց։ Քվեարկությունը հետաձգվեց մինչեւ մյուս հերթական նիստը, եթե մինչ այդ նախագահը խորհրդարանը չլուծարի։ ԱԺ-ն՝ ոչինչ, կրթությունն է ափսոս։