Վերջերս ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Ասլիկյանն ասուլիս էր հրավիրել։
Առիթը «Առավոտի» մի հրապարակումն էր, ուր պատգամավոր Վահագն Խաչատրյանը ներկայացրել էր «Միկա Արմենիա» ընկերության հացի (եւ բենզինի) մոնոպոլիստ դառնալու վտանգները։ Պրն Խաչատրյանի խոսքը Ասլիկյանը նախընտրական արշավին էր վերագրել։ Վահագն Խաչատրյանից փորձեցինք այս «գործի» կապակցությամբ այլ մանրամասներ էլ իմանալ եւ ըստ այդմ էլ դատել՝ նա ընտրարշավի՞, թե՞ այլ նպատակ է հետապնդում։
– Պրն Ասլիկյանն իրեն թույլ է տալիս ասել, որ ես նախընտրական կամպանիայի համար եմ այդ հայտարարություններն անում եւ շռնդալից ընտրվելու պրոբլեմ ունեմ։ Ես այս ամենն անում եմ ո՛չ ընտրվելու համար։ Անգամ չգիտեմ էլ՝ իմ թեկնածությունը կդնե՞մ, թե՞ ոչ։ Պարզապես պրն Ասլիկյանին եւ նրա գործընկերներին կուզեի ասել, որ իրենք պետբյուջեի փողերը ծախսեն այնպես, ինչպես նախատեսված է օրենքով։ Արդյունավետ։ Այն, ինչ տեղի ունեցավ հացահատիկի հետ, որեւէ քննադատության չի դիմանում։ Այդ գործարքի հետեւանքով պետությունը կորցրեց 3-ից 6 մլն դոլար (տարբեր հաշվարկներով)։ Արդեն հստակ է, որ այդ գործարքի հետեւանքով կառավարությունը նպաստեց մի մոնոպոլ ստրուկտուրայի ձեւավորմանը՝ հանձինս «Միկա Արմենիայի», որը տիրանալով 2 ամսվա ցորենի պաշարին, կթելադրի ի՛ր կանոնները։ ԱՄՆ-ի ապրանքային վարկով նախատեսված ցորենը տրվել է ոչ նրա համար, որ այն վաճառվի, եւ բյուջեն լցվի, այլ որ Հայաստանում խրախուսվի ցորենի եւ ալյուրի տնտեսական գործունեության հետ կապված փոքր բիզնեսի զարգացումը։ Այս գործարքով՝ բացի այն, որ բյուջեին վնասեցին, բացի այն, որ վնասը ոչ թե պրն ասլիկյաններն են վճարելու, այլ մեր երեխաները՝ 10-15-30 տարի հետո, խարխլվեց Հայաստանում գործող այդ բնագավառի ողջ մեխանիզմը։
– Պրն փոխնախարարը նաեւ պնդում էր, որ 43000 տ հացահատիկի տերը դեռեւս մոնոպոլիստ չէ։
Կարդացեք նաև
– Պրն Ասլիկյանը դեռ չի պատկերացնում, թե այդ շուկան ինչ է։ Այդ շուկայում 43000 տոննա գնելը հենց մոնոպոլիա է նշանակում։ Առավել եւս՝ հաշվի առնելով, թե ՀՀ-ի ալրաղացներում որքան ցորեն կա այսօր։ Հաշվի առնելով, թե ընդհանրապես Հայաստանում որքան ցորեն կա, կարող ենք դա պնդել։ Ես խորհուրդ կտամ պրն Ասլիկյանին եւ նրա գործընկերներին, որ զբաղվեն այն մեկ միլիոն դոլար արժողությամբ 13000 տոննա հացահատիկի խնդրով, որը պետք է գտնվեր պետռեզերվի տրամադրության տակ, բայց մինչեւ օրս չկա։ Ման են գալիս ու չեն գտնում։ Թող գտնեն ու տեղը դնեն այդ ցորենը՝ իրավապահ մարմինների օգնությամբ։ Որովհետեւ վաղը-մյուս օրը եթե պետք լինի, մենք ռեզերվում հաց չենք ունենա։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ