Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԻՐԵՆ ԱՌՆՎԱԶՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Է ԶԳՈՒՄ»

Փետրվար 04,1999 00:00
Vazgen sargsyan

Սոցիալ-տնտեսական այլ պայմաններում ապրող երկրներում մարդիկ սիրտ ու հավես չունեն քաղաքականությամբ հետաքրքրվելու, քաղաքական գործիչների ելույթները վերլուծելու։ Ինչպես նաեւ հավակնություն չունեն քաղաքականապես հասուն երեւալ։

Սովորական երկրներում մարդիկ ապրում են նորմալ մարդկային կյանքով։ Մեր երկիրն այս իմաստով եւս կտրուկ տարբերվում է ուրիշներից։ Մեզ մոտ յուրաքանչյուր երկրորդ հայը խիստ քաղաքականացված է, կարող է ժամերով խոհափիլիսոփայել ցանկացած հարցի շուրջ եւ պարտադրել, որ իր կարծիքն անվերապահորեն ընդունվի։ «Հանրապետական» կուսակցության համագումարում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ելույթը ՀՀ շատ քաղաքացիներ որակեցին որպես ՀՀ նախագահի ելույթ։ Վերջին տասը տարիների ընթացքում քաղաքականապես հասունացած ժողովուրդն անմիջապես մտածեց, որ այդպես թափով կարող է միայն նախարարը խոսել։ «Առավոտը» փորձեց մի շարք քաղաքական գործիչների կարծիքները համադրել ժողովրդի կարծիքին։

Արմեն Ռուստամյան (ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, փոխներկայացուցիչ)– Եթե հարցը վերաբերում է նրան, թե որքանով էր այդ ելույթը քաղաքականապես հագեցված, այս առումով իրոք բավական լուրջ հարցադրումներ կային այդտեղ, բավական լուրջ եւ ուրույն վերլուծություն կար պատմության եւ անցյալի։ Գլխավորը այդ ելույթում այն էր, որ Վազգեն Սարգսյանը շատ հստակ նշում է այն հանգամանքը, թե իշխանափոխություն ասածը եղել է ուղեգծի փոփոխություն։ Այսինքն անհամաձայնություն կար Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած կուրսի հետ։ Սա հենց այն հույսն է ներշնչում, որ մենք միեւնույն գործն ենք ուզում անել։ Այս առումով մենք իրոք համակարծիք ենք։

Սերգեյ Բադալյան (ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար)– Գաղտնիք չէ, որ Վազգեն Սարգսյանը բավական մեծ ազդեցություն ունի երկրում զարգացող իրադարձությունների վրա։ Դա փաստ է։ Ես նկատի ունեմ եւ լավի առումով եւ վատի առումով։ Նրա ելույթի սկզբնական մասը ես, որպես քաղաքական գործիչ կողջունեի, որովհետեւ այնտեղ խոսքը գնում էր այն մասին, որ մի քիչ ավելի լուրջ նայեք մեր ժողովրդի պատմությանը։ Նիհիլիզմը լավ բանի չի կարող բերել։ Եթե մենք ուզում ենք առաջ գնալ, պետք է մի քիչ սրբագրած գնանք դեպի մեր պատմության գնահատականը։ Քիչ թե շատ օբյեկտիվ գնահատական տրվեց նաեւ այն 70 խորհրդային տարիներին։ Սա մեկնարկ է, որը երեւի պետք է հետագա զարգացումներ ունենա։ Սա ես ողջունում եմ։ Բայց ինձ թվում էր, որ շատ լուրջ սխալ էր իր կողմից, որ նա մի քիչ իջավ ավելի ցածր մակարդակի, երբ ասաց, որ «Վանոն էլ է իմ ընկերը, Լեւոնն էլ է իմ ընկերը»։

Նախ, տերմինոլոգիան մի քիչ մեզ չի բավարարում։ Մենք երկիր ենք, պետություն ենք, հո բակային ճամբար չե՞նք։ Եվ հետո, առավել որ քո ընկերն է եղել, եթե քո խիղճը մաքուր է, դու առաջինը պետք է դատապարտես քո ընկերոջը եւ ոչ թե նրան ինչ-որ քողի տակ վերցնես, առավել որ նա երկրորդ հանցանքն է կատարել՝ փախնելով երկրից։ Ես համարում եմ, որ դա Վազգեն Սարգսյանի ելույթի ամենաթույլ մասն էր։ Նախագահի պաշտոնի հավակնողներ Հայաստանում շատ կան, ընդհանրապես ամեն մի հայ իրեն առնվազն նախագահ է զգում։ Բայց առնվազն մի 5-6 հոգի ունենք մեր երկրում, որ կարող են այդպես խոսել։ Եվ դա լավ է, հարստություն է։ Դրանցից մեկը միգուցե Վազգեն Սարգսյանն է, որը ինչ-որ պարագայում կարող է այդպես խոսել։ Նրա հեղինակությունը որոշ սոցիալական խմբերի առումով բավական բարձր է։ Բայց ասել, թե դա հանրապետության նախագահի ելույթ է, ես այդ կարծիքին չեմ։

Գառնիկ Իսագուլյան («Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ)– Ինչքան էլ տարօրինակ է, դեռ 1993 թվականին, երբ թվում էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին ոչ մի այլընտրանք չկա, ես այն ժամանակ պաշտոնապես հայտարարեցի (դեռեւս դաշնակցության մեջ լինելով), որ Հայաստանում իշխանության իրական տերը Վազգեն Սարգսյանն է։ Ես միշտ գտել եմ, որ այս պետության առաջին դեմքը նա է։ Բայց, միեւնույն ժամանակ ես չեմ թաքցնում, որ հարգանք եմ տածում նրա նկատմամբ, որովհետեւ շատ բաներ, որ տեղի են ունենում եւ դրանք մինչեւ այսօր չեն ասվում, եւ հավանաբար շատ շուտով չեն էլ ասվելու, կապված են հենց այդ անձի հետ։ Թե՛ ներքին կայունության, թե՛ արտաքին կայունության հետ կապված շատ հարցեր պայմանավորված են այդ անձով։ Բայց «Հանրապետական» կուսակցության համագումարը եւ հատկապես Վազգեն Սարգսյանի ելույթը ինձ շատ անհանգստացրեց։ Ոչ այն առումով, որ դա վատ ելույթ էր կամ, որ այդ համագումարը վատն էր, այլ այն, որ մինչեւ հիմա առաջին դեմքը լինելով հանդերձ, նա որեւէ քաղաքական պարտավորություն իր վրա չէր ստանձնել։ Հիմա, փաստորեն ինքն իր վրա վերցրեց քաղաքական առաջին դեմքի պարտավորությունները։ Այդ համագումարով հստակեցրեց, որ այո՛, ինքը վերցնում է իր վրա առաջին քաղաքական դեմքի պարտավորությունները։

Դա շատ վտանգավոր է իր իսկ անձի համար։ Առջեւում ընտրություններ են, պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ հանրապետական բլոկը պարտություն կրի։ Դա չի համարվելու հանրապետական բլոկի պարտություն, դա համարվելու է Վազգեն Սարգսյանի պարտություն։ Իսկ այդ պարտության հետեւանքները շատ հստակ ու պարզ կարող են լինել։ … Բոլոր դեպքերում ինքը եղել է հստակ հավասարակշռողի դերում, եւ հիմա այդ մարդը հստակ կողմնորոշում է ցուցաբերում՝ մտնում է մեծ քաղաքականության մեջ։ Եվ այդ շարժման ցանկացած վրիպում, ցանկացած անհաջողություն ուղղակի վերագրվելու է Վազգեն Սարգսյանին։ … Այն դեմքերը, որ նստած էին այդ համագումարում, ես սա ցավով եմ ասում, տեսել ենք նաեւ ուրիշ համագումարներում։ Եվ իմ ամբողջ ցավը, որ եթե հանկարծ նավը երերա, Վազգենը այդ պահից իսկապես մենակ կմնա։ … Ես ուզում էի, որ Վազգեն Սարգսյանին սատարող նման կազմակերպություն լիներ, բայց ղեկավարի դերը ինքը չստանձներ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728