Մինչեւ փետրվարի 19-ը նախատեսված Ժողովրդական կուսակցության համագումարը՝ լույս կընծայվի այդ կազմակերպության պաշտոնաթերթի առաջին համարը։ Կարեն Դեմիրճյանի կուսակցության պարբերականը կկոչվի «Ձայն ժողովրդի» եւ լույս կընծայվի Նարեկ Մեսրոպյանի խմբագրությամբ՝ իբրեւ շաբաթաթերթ։
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՉԻ ՎՃԱՐՈՒՄ
«Հայրենիք» խմբի հայտարարության համաձայն, թիվ 1 հիվանդանոցը 1998-ի օգոստոսի 1-ից «եւ ոչ մի լումա չի ստացել, իսկ հանրապետական հիվանդանոցին կառավարությունը պարտք է արդեն 420 մլն դրամ»։ Մինչդեռ կառավարությունը հայտարարում է, որ կրթության եւ սոցիալական ոլորտներում պարտավորություններն ամբողջովին կատարված են։
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԵՄՔԸ
Կարդացեք նաև
«Արմենիա» հեռուստաընկերության «Թափանցիկ վարագույր» հաղորդաշարի վերջին թողարկման հյուրերն էին մեկ մարմնավաճառ եւ եւ մեկ բազմավաստակ ուսուցչուհի։ Մարմնավաճառին հարց տրվեց՝ «Այդ բնագավառում դուք ձեզ պրոֆեսիոնալ համարո՞ւմ եք»։ «Ոչ»։ «Այդ դեպքում ինչո՞ւ եք զբաղվում մարմնավաճառությամբ»։ «Որպեսզի տուն գնեմ»։ Այստեղ բազմավաստակ ուսուցչուհին չհամբերեց եւ ասաց. «Աղջիկ ջան, արհեստավարժ դարձիր, եւ բնակարան կստանաս»։
Օ՜, ԿԱՆԱՅՔ
«Առանց ծաղիկների՝ դուռը չթակե՛լ»,- այս մակագրությունն է հայտնվել ՔԴՄ նախագահի ընդունարանի դռանն այն բանից հետո, երբ այնտեղ հաստատվել է Իդա Մարտիրոսյանը։
Սեփ. լր.
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՎԻՐԱՀԱՏՎԻ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը անցած տարվա հոկտեմբերին Նյու Յորքում կատարված վիրահատությունից հետո շարունակում է ետվիրահատական ապաքինման շրջանն անցկացնել ԱՄՆ-ում։ Փետրվարի 3-ին Մայր աթոռ սբ. Էջմիածին ստացված հաղորդագրությամբ տեղեկացանք, որ քննության արդյունքում բժիշկները նպատակահարմար են գտել կատարել եւս մի փոքր վիրահատություն։ Վեհափառ Հայրապետի վիրահատությունը նշանակված է ուրբաթ, փետրվարի 5-ին։ Այս կապակցությամբ փետրվարի 4-ին կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գարեգին արք. Ներսիսյանը կմեկնի ԱՄՆ՝ Վեհափառ Հայրապետին տեսակցելու։
ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ