Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԿՏՐՈՒԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 04,1999 00:00
Vahe Gabrielyan

Իրեն հարգող որեւէ օրաթերթ մի քանի օրվա վաղեմության իրադարձություններին չի անդրադառնա, մանավանդ, եթե հեռուստատեսությունն արդեն օր օրի դրանց անդրադարձել է։ Եվ քանի որ «Առավոտն» ինքն իրեն ոչ միայն հարգում է, այլեւ սիրում՝ չենք լուսաբանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի երեկվա ճեպազրույցի այն հատվածը, որ վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի՝ Շվեյցարիա այցին։ Կմեջբերենք միայն առավել օրախնդիր հարցադրումների պատասխանները։

Ջրոցի

Դավոս մեկնելուց առաջ Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր, թե վերադառնալուց հետո որոշ լուծումներ է առաջարկելու ներքաղաքական այս լարված իրավիճակի վերաբերյալ։ «Առավոտն» այժմ հետաքրքրվեց, թե ի՞նչ լուծումներ են գտնվել։ Մեր մյուս հարցը վերաբերում էր ԱԺ-ում լիակատար վստահությամբ արվող այն պնդումներին, թե ընտրական օրենսգրքի ընդունումից հետո գլխավոր դատախազը նորից է միջնորդությամբ ԱԺ-ին դիմելու եւ այն չընդունվելու դեպքում նախագահը լուծարելու է խորհրդարանը։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանը մտադի՞ր է նման քայլի դիմել։ «Առավոտի» այս երկու հարցերին խոսնակը միասնական պատասխան տվեց. «Դավոսում նախագահը շատ զբաղված էր եւ հետո տեղի ունեցան այլ իրադարձություններ եւս։ Եվ, կարծում եմ, պետք չէ ինչ-որ կանխորոշիչ ենթադրություններ անել։ Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»։

Այն հարցին ի պատասխան, թե իշխանությունների հետ նախնական պայմանավորվածությա՞մբ էր ՀՀՇ ղեկավարը մեկնել Հայաստանից, Վահե Գաբրիելյանը հիշեցրեց, որ «պրն Սիրադեղյանը որպես ազատ անձ ունի ճամփորդելու իրավունք՝ ուր ուզում է։ Եվ ավելին՝ պատգամավորական անձեռնմխելիություն։ Այնպես որ, տեղյակ չենք, թե ուր է գնացել եւ ինչքան ժամանակով։ Իսկ ով ում հետ ինչ է ոչ ֆորմալ պայմանավորվել՝ չգիտեմ։ Բացառում եմ պաշտոնական նման պայմանավորվածությունը»։

«Ես էլ շատ ընկերներ ունեմ, որոնք կարող են այնպիսի՜ բաներ ասել։ Հետո՞ ինչ»,- պաշտոնական բառապաշարի շրջանակից դուրս այս մի արտահայտությունն արվեց այն հիշեցումներին ի պատասխան, թե Վազգեն Սարգսյանը Վանո Սիրադեղյանին իր ընկերն էր անվանել, մինչդեռ վերջինիս ելույթը Սերժ Սարգսյանը սազական էր համարել թուրքին կամ ադրբեջանցուն։

Եվրոուղի

Արձանագրենք, որ Վահե Գաբրիելյանն ավելի վստահ եւ հանգամանալից է պատասխանում արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին, որոնք այս ճեպազրույցում էլ էին բազմաթիվ։ Առանձնացնենք Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պատասխանը. «Շատ հավանական է, որ մոտ ժամանակներս Հայաստանը նույնպես դառնա այդ կազմակերպության անդամ,- հավաստիացրեց խոսնակը։- Բայց կոնկրետ ժամկետ նշել չենք կարող»։

«Հայլուրի» թղթակիցը հիշեցրեց «Human Rights Watch»-ի դիմումը Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու վերաբերյալ։ Խոսնակը ծանոթ էր այդ հեղինակավոր կազմակերպության զեկույցին. «Այնտեղ շատ հղումներ կան այսպիսի բովանդակության, թե մեզ մեկն ասաց, որ ինքը տեսել է եւ այլն։ Հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ աղբյուրները եւ ինչի հիման վրա են նշված այդ փաստերը»։ Առավել որոշակիացնելով՝ զեկույցի մի քանի փաստերի էլ անդրադարձավ. «Մասնավորապես բանակի վերաբերյալ նշված է՝ 200 զոհ, ինքնասպան, տանջանքներ, խոշտանգումներ եւ այլն։ Պիտի ասեմ, որ եթե գումարենք բանակում ամեն տեսակ դժբախտ պատահարները, ապա դրանք նշված թվի կեսն էլ չեն կազմի»։

Չտեսնե՛ր

Ճեպազրույցի օրն արժանահիշատակ էր. մեկ տարի առաջ Հայաստանի առաջին նախագահը հրաժարական էր տվել։ Մինչ այսօր հնչող այն տեսակետներին ի պատասխան, թե իրականում իշխանափոխություն տեղի չի ունեցել, Վահե Գաբրիելյանը մի երկա՜ր նախադասություն ասաց. «Եթե չտեսնենք այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պետության դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել, ինչն արտացոլվել է նաեւ միջազգային հանրության վերաբերմունքի եւ նրանց ներկայացրած նոր առաջարկների մեջ, եթե չտեսնենք այն, որ ցեղասպանության խնդրում տեղի է ունեցել պետական նոր քաղաքականության որդեգրում, եթե չտեսնենք այն, որ տեղի է ունեցել տարածաշրջանային խնդիրներին եւ համագործակցությանը, եւ ընդհանրապես միջազգային ինտեգրացիային Հայաստանի մասնակցության ակտիվացում, նոր քաղաքականության որդեգրում, եթե չտեսնենք այն, որ Հայաստանում չկան փակված, արգելված լրատվամիջոցներ, կուսակցություններ եւ այլն, եւ էլի մի շարք բաներ եթե չտեսնենք, ապա այս դեպքում, կարծում եմ, ոչնչով օգնել չի կարելի նրանց, ովքեր չեն ցանկանում այդ ամեն ինչը տեսնել»։ Նախագահի խոսնակը նաեւ ասաց. «Ամեն ինչ միանգամից չի փոխվելու, այդպիսի կտրուկ հեղափոխություններ չեն լինելու»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728