Լրահոս
Օրվա լրահոսը

ОПЕРА, БАЛЕТ И …ТУАЛЕТ

Փետրվար 03,1999 00:00
Tigran Levonyan

«Մեծապատիվ մուրացկաններ» տեսաերիզի ծնունդի նպատակն արդեն իսկ կարելի է արձանագրել. այն՝ «գլխին խփելու-բերանը փակելու» տեսաերիզ է, որով վերջնականապես կարելի է փակել մշակույթի այն գործիչների բերանները, որոնք օր ու գիշեր կապույտ էկրաններից ու թերթերում արվեստի, մշակույթի եւ ստեղծագործության մասին պերճախոսում են։

Տիգրան Լեւոնյանը, որ տեսաֆիլմի սցենարի հեղինակը, բեմադրիչը եւ գլխավոր դերակատարն է, շատ հմտորեն՝ ախպարավարի, կարողացավ վարկաբեկել մշակույթի այնպիսի գործիչների, որոնք մարդկանց հուշերում կային՝ շնորհիվ մի քանի ստացված ֆիլմերի ու ներկայացումների։ Եվ հիմա արդեն, այդ գործիչները պետք է երազեն՝ ժողովուրդը, մարդիկ այնքան մոռացկոտ լինեն կամ դառնան, որ մոռանան այդ ֆիլմում արած նրանց հիմարություններն ու տռճիկները…

Տեսաֆիլմը, բացի որեւէ արժանիքից, չունի նաեւ ընդհանուր սցենար։ Երկու կտոր է ընդամենը լավ մտապահվում. Տեր հոր (որի դերում Լեւոնյանն է) հայերի համար բերած փողերի բաշխման պատմությունը եւ նորանկախ հասարակաց տան շնորհանդեսը։

«Մեծապատիվ մուրացկաններ» տեսաֆիլմով «մտավոռականները» (ֆիլմի հերոսներն այդպես էին գործածում «մտավորական» բառը) ժողովրդի բառ ու բանն էլ ավելի հարստացրին՝ «անտեր մունդռիկ», «դուս ընգած աննամուսի մեկը», «էրկու ականջներդ պեպելիցա կդարձնեմ», «վայ, ես ձեր չար ու չաթլախ մայրիկը», «ջանիկը ուտեմ ես քու» պատկերավոր արտահայտություններով…

Տիգրան Լեւոնյանը 63 տարեկանում (եթե չենք սխալվում նրա տարիքի հարցում) վերջապես երջանկացավ. «Մեծապատիվ մուրացկաններով» նա, ի վերջո, գտավ իր ճիշտ ռեպերտուարը։ Միայն թե շատ ծանր ուղի անցավ նա՝ մինչ երգարվեստում իր իրական տեղին ու կարգավիճակին հասնելը։ Որքա՜ն պարապեց-չարչարվեց՝ Օթելլո, Դոն Կառլոս, Տիրիթ, Սարո…

Ի դեպ, ասում են, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Հրազդան» մարզադաշտում Լեւոնյանը մենահամերգ է ունենալու նոր երգացանկով (ֆիլմում տեղ գտած երգերով)՝ «Ես շոֆեր տղա եմ…», «Ախ, մամա ջան, ինձ տանում են Մագադան, Ինձ թվում է, որ էլ կյանքում ետ չգամ», «Մինչեւ սրոկս լրանա, չարդ տանեմ սիրած յարս կամուսնանա…», «Անուշ յար, ես չեմ մոռացել քո համբույրը…»…

Տեսաֆիլմն «իմաստուն» ու թեւավոր մի շարք խոսքեր կրկին շրջանառության մեջ դրեց։ Օրինակ, ձեզանից ո՞վ գիտեր, որ կովի՝ շատ կաթ ունենալը, կախված է ոչ թե կթվորուհու մեծ կրծքերից, այլ կթվորուհու կուլտուրայից (մտքի հեղինակային իրավունքը պատկանում է տեսաֆիլմի հեղինակին)։ Կամ, չգիտեի՞ք, որ մշակույթի մասին օրենք պետք է ստեղծել, որ այդ օրենքը մշակույթի գործիչներին պաշտպանի մշակույթի նախարարությունից, իսկ «ամեն մի կալանավոր ուրախ է, որ իր գործունեությունը կգնահատվի ճշտով»։

ՀՀ նախագահի՝ Հայաստանում տղամարդու փնտրտուքը շարունակում են նաեւ հայ մշակույթի գործիչները։ Տեսաֆիլմի գերհարցն է՝ «ձեր մեջ մի հատիկ տղամարդ չկա՞»։

Նկարահանումների մեծ մասը Լեւոնյանն իրականացրել է Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում։ Եվ հենց այդ շենքում էլ բացվեց (ըստ սցենարի) նորանկախ հասարակաց տունը։ Երգչուհի Շուշան Պետրոսյանը եւ Տիգրան Լեւոնյանը հայտարարեցին բացումը, մասնավորեցնելով. «… Մեր հասարակաց տունը թեեւ էլիտար է, բայց պաշտպանելու է ժողովրդի շահերը։ Մեր նշանաբանն է՝ նրա համար, որ չլինի բարդակ, ստեղծենք բարդակ»։ Բարդակը սկսվեց Լեւոնյանի մեկ ուրիշ հայտարարությամբ՝ «Սեքսո-էլիտար նորանկախ պորտապար՝ Դոլմա»։ Պորտապարը սկսեցին Շուշանն ու Լեւոնյանը՝ օրինակ ծառայելով մյուսներին։ Եվ Յուրի Ամիրյանը, որը երեւանցի (Երեւանում ծնված-մեծացած) մարդու դերում էր, հայտնվում է այդ բարդակում՝ «հերիք չի էս գյոզալ քաղաքը ձեռներիցս առաք, հիմա էլ բարդա՞կ եք սարքում», «արա, ես ձեր ծնողը», «վայ ես ձեր մայրիկը» հայհոյանքներով։

Տեսաֆիլմում ոչ մի կեղծ եւ հորինված խոսք կամ փաստ չկար։ Ամեն ինչ ճիշտ էր. Լեւոնյանն ասում եւ անում էր, ինչ մտածում եւ ինչով առհասարակ զբաղվում է կամ ցանկանում է զբաղվել, նույն նրա ոգեշունչ տեքստերն էին՝ հայրենիքի, ազգի եւ մշակույթի մասին՝ հնչերանգի եւ միմիկաների տարբերությամբ։ Ցավալին այն է, որ դեպքերը կատարվում են Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքում, որ Լեւոնյանի գռեհկաբանություններին են միացել շատերին սիրելի մշակույթի գործիչներ, որոնք եթե անգամ այլեւս ոչինչ էլ չանեին, հաստատ կհիշվեին անցյալի գործերով։ Վստահ եմ, շատերն են արդեն փոշմանել «Մեծապատիվ մուրացկաններում» խաղալու մտքից եւ իրենց այդ քայլը արդարացնում են սոցիալական խնդիրներով. նրանց էլ կարելի է հասկանալ։ Բայց որեւէ իսկական արվեստագետ երբեք չի կարող հանուն սոցիալական խնդիրների վաճառքի հանել իր պրոֆեսիոնալ խիղճը։

Երեկ ծանոթացանք Լոս Անջելեսից ստացված հաղորդագրությանն այն մասին, թե ինչպես է Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը նվաստացել, եւ Տ. Լեւոնյանը 175 հոգանոց խմբի համար հանդիսատեսներից նյութական օժանդակություն խնդրել։ Եվ Լեւոնյանը տեղում առաջարկել է դրամահավաք կատարել. «…Սրահին մեջ օրիորդներ թուղթէ փոքրիկ տոպրակներով մօտեցան հանդիսատեսներուն, ճիշտ եկեղեցիի նման պնակով դրամ հավաքելու ձեւով. զարմացած, շուարած, յուզուած եւ բարկացած հանդիսատեսներ տոպրակներուն մէջ իրենց պզտիկ դոլարները զետեղեցին» («Ազգ»)։ Մեծա«պատիվ» մուրացկանը մեր իրականությունն է, մեր կողքին է (որին ոչ ոք կարծես չի ուզում նկատել), եւ Լեւոնյանը, որ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնն իր «դուքանն» է դարձրել, հայտնվեց իր իսկ ստեղծած կերպարի դերում։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728