Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱԺ-Ի ԿՈՂՄԻՑ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՆՆԴԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ (ընդունված սակագներով)

Փետրվար 03,1999 00:00
bjishk

1. Ծննդատները կանխիկ վճարովի ՓԲԸ են, պետության կողմից չեն ֆինանսավորվում ու չեն ենթարկվում նրա օրենքներին։ Գոյատեւում են ժողովրդի կողմից տրված գոյամիջոցներով։

2. Ծննդատունը վարձավճարով կանանց է տրամադրում հիվանդասենյակ (առանձին կամ ընդհանուր), ու մարդկային սպանդանոցի բարի դահիճների եւ սպասարկողների արհեստավարժ մի հրոսակախումբ։

Ծանոթություն – Վարձավճարից ազատվում են միայնակ թոշակառուհիներն ու պատերազմի մասնակցուհիները։

3. Յուրաքանչյուր ծննդկան ծննդատուն ընդունվելուց պարտավոր է իր հետ բերել պահանջվող բոլոր դեղորայքներն ու դեղամիջոցները, բժշկական գործիքները (ստերիլիզացված), ծննդաբերական բազկաթոռ (չունենալու դեպքում՝ ցանկացած տեսակի աթոռ), անկողին, մահճակալ, աման-չաման։

4. Բացի ադմինիստրացիայի կողմից հաստատված կոնկրետ գնացուցակից, ծննդկանը պետք է նկատի ունենա հետեւյալ չնախատեսված ծախսերը.

ա. Իր ուզած ծննդատունն ընկնելու համար եւ շտապօգնության անձնակազմի մաղարիչը՝ 5000 դրամ եւ 20 լիտր բենզին, եթե, իհարկե, մեքենա է եկել։

Ծանոթություն – Ծննդկանի հարազատների ցանկությամբ ծննդատունը կարող է ուղարկել շտապօգնության մի քանի զարդարված ու մի քանի լեզուներով մակագրություններով մեքենաներ, որոնք իրենց զուռնա-սիգնալներով, ի լուր աշխարհի, կազդարարեն երեխայի ծնունդը։ Վարձավճարի չափը որոշվում է հարազատների կողմից՝ կախված այն հանգամանքներից, թե ինչ երեխայի են սպասում՝ տղա-աղջիկ, զույգերի մասին էլ խոսք լինել չի կարող, առաջնեկն է, թե…

Նախածնունդի եւ ծննդյան հետ կապված ծախսեր

1. Ծննդկանի շորերը հանել, լողացնել, տարբեր օծանելիքներով օծել, ծննդի ժամը կանխագուշակել եւ այլ աշխատանքներ՝ 5000-10000 դրամ։

2. Հարազատներին տեսանելի լուսամուտների մոտ ժամապահություն անել՝ 1000 դրամ։

3. Երեխայի ծնունդը լուսամուտից ազդարարել, պորտը ցույց տալ՝ 2000 դրամ։

4. Հարազատներին աչքալուսանք տալ դրսում՝ 5000-10000 դրամ։

Ծանոթություն – Մինչեւ ելքի դուռը հասնելը, առաջ ընկնելու համար, սպասավորների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով առաջ եկած տուրուդմփոցի ու վնասների համար պատասխանատվությունը դրվում է ծննդկանի հարազատների վրա։

5. Երեխային մոր մոտ կերակրելու տանելու ամեն մի զախոդը՝ 1000 դրամ։

6. Եթե հարազատները ցանկանում են ներկա գտնվել ծննդաբերության պրոցեսին՝ 2000-5000 դրամ։

7. Ծննդաբերության ընթացքը տեսաժապավենի վրա նկարահանելը՝ 50-100 դոլար։

8. Հարազատների, բարեկամների ու ծանոթների տեսակցությունը՝ յուրաքանչյուրը 1000 դրամ։

Ծանոթություն – ա. Երեկոյան ժամերին վարձավճարը բարձրանում է,

բ. այցելուների կողմից ծննդկանին ու նորածնին առօրյա հիվանդություններով վարակելու դեպքում ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում։

9. Նորածնի չորացած պորտն ընկնելու աչքալուսանքը՝ 2000-3000 դրամ։

10. Նորածնին դուրս գրելու ժամանակ (հարազատներին հանձնելը) վարձված զինված ջոկատին (նորածնին ու ծննդկանին սատանի շորշոփից պաշտպանելու համար)՝ 5000-10000 դրամ։

Ծանոթություն – Վերը նշված վարձավճարները ենթակա են փոփոխման։ Վարձավճարի դեմ բողոքարկողը պատժվում է չգրված օրենքի խստությամբ։ Բողոքարկողի ծննդկանը կարող է դեղին քարտ ստանալ եւ զրկվել.

ա. տվյալ ծննդատանը 1-3 տարի ծննդաբերելու իրավունքից,

բ. 1-3 տարի ընդահանրապես ծննդաբերելու իրավունքից։

Ծաղկաքաղը օրենսգրքից՝

ԱՆՈՒՇԱՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728