Լրահոս
Օրվա լրահոսը

Օրը…տարին…դարը…

Փետրվար 03,1999 00:00
morikyan

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Այդին Մորիկյանի հետ

-Դուք կամա թե ակամա զբաղվում եք քաղաքականությամբ, մինչդեռ քաղաքականությունը շատերն են անբարոյականություն հռչակում: Համաձա՞յն եք այդ բնորոշմանը:

-Բնավ: Ինչպես ամեն ինչ՝ քաղաքականությունն էլ ինքնին բարոյական կամ անբարոյական չի լինում: Անբարոյական է դառնում է, երբ դրանով զբաղվում են անբարոյական մարդիկ:

-Դուք համաձա՞յն եք, որ «Երկրապահի» ընտրական օրենսգիրքը իշխանապահ դիրքորոշում ունի:

-Ոչ: Որովհետեւ դժվար է պաշտպանել չեղածը: Ես չեմ տեսնում երկրում իշխանություն, որը պահելու անհրաժեշտություն եւ հնարավորություն կա: Մինչեւ ընտրությունները իրական իշխանության հարցը հանրապետությունում պիտի լուծվի, որ դրանից հետո որոշվի՝ իշխանությունը պահվում է, թե չի պահվում կամ էլ ոնց է պահվում: Հանրապետության նախագահը երկրի փաստացի ղեկավարն է արդեն մեկ տարի, բայց գոնե մեկ հայեցակարգային-քաղաքական կամ սոցիալ-տնտեսական ելույթ, որոշում, քայլ ցույց տվեք, որ նա արել է, կամ էլ ասել՝ ինքը գիտի՝ ի՞նչ ենք անում, ինչպե՞ս եւ ինչու՞: Բոլոր սխալները, որ նա արել է այս մեկ տարում, ես համարում եմ մանր-մունր բաներ՝ դրանք ընդամենը հետեւանք են: Էականն այն է, որ կատարվել է հայեցակարգային մեծ սխալ՝ միջոցն ու նպատակն են իրար խառնվել: Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը ոչ թե միջոց է դիտվել ինչ-որ բան անելու, այլ՝ նպատակ: Նպատակն իրականացել է:

-Ազգային ծրագիրը դարձել է անվերջ շահարկման նյութ: Բոլորը պահանջում են, բոլորը հիմնավորում են… ոչ ոք չունի: Ի՞նչ է Ձեզ համար ազգային ծրագիրը:

-Չգիտեմ, թե ազգային ծրագիրն ինչ է, բայց գիտեմ նվազագույնը յոթ խնդիր, որոնց լուծումից հետո միայն պետք է մտածել ավելի գլոբալ բաների մասին, ինչպիսին ազգային ծրագիրն է: Առաջին՝ ժողովրդին պետք է նպատակ տալ: Երկրորդ՝ ժողովրդի հետ պետք է հաշվի նստել: Երրորդ՝ հնարավորություններ պետք է ստեղծել, որպեսզի ժողովուրդը հարգի ինքն իրեն ու իր պետությունը եւ հավատա իրեն ու պետությանը, ոչ թե գովազդվող ծարավին: Չորրորդ՝ հինգ դրամ գնով 16 էջանոց թերթ պիտի հրատարակել եւ հասցնել հարյուր հազարավոր մարդկանց, որ ժողովուրդը գրագետ լինի, տեղեկացված, կարողանա ինչ-որ բան հասկանալ, ինչ-որ բան վերլուծել:

Պետրոս Մեծը 1703 թ. սկզբնավորելով ռուսական թերթերի տպագրությունը, դրանք ձրի պարտադրում էր անգամ բարեգործական ճաշարաններում: Մենք էլ հիմա այդ վիճակին ենք հասել եւ արժե հետեւել քաղաքակիրթ պետականություն ստեղծած այրի օրինակին: Հինգերորդ՝ սեր պետք է արթնացնել գրքի նկատմամբ: Իրոք, առեղծված է, բայց փորձեք ինքներդ պատասխանել՝ գրականության եւ հասարակության զարգացման համար ավելի նպաստավոր էր 1933 թ., երբ Չարենցի «Գիրք ճանապարհին» հավաքեցին, 1971 թ., երբ Սեւակի «Եղիցի լույսը» մկրատեցին ու քանդեցին, թե՞ այսօրը, երբ ոչինչ արգելված չէ, այս գաղջ մթնոլորտում չգիտես էլ ինչ կարող է ստեղծվել, շատ քիչ բան է հրատարակվում եւ գրեթե ոչինչ չի ընթերցվում: Չարենցի ու Սեւակի գրքերը պահում-պահպանում էին, կյանքի գնով կարդում ու իրար մասունքի պես փոխանցում: Իսկ այսօ՞ր: Վեցերորդ՝ պետք է իրականում հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, ոչ թե հայտարարությունների ու նախընտրական ծրագրերի դրույթներում միայն: Յոթերորդ՝ քայլ անել: Հետքայլը կամ տեղում դոփելը նկատի չունեմ:

-Ձեր կարծիքով կադրային ի՞նչ քաղաքականություն է վարվում վերջին տարիներին:

-Կադրային քաղաքականության սկզբունքը մեկն է՝ լավին փոխա-րինում է վատը, վատին՝ ավելի վատը, ավելի վատին՝ անտանելին: Որովհետեւ դա ձեռնտու է: Ինչքան քրեականացված լինի, այնքան հեշտ կառավարելի է իշխանությունը:

-Ուրեմն ի՞նչը կամ ո՞վ է մեզ ղեկավարում:

-Մարդիկ, որ իրենց կյանքում միայն մի գիրք են կարդացել եւ այսօր էլ շարունակում են կարդալ:

-Ի՞նչ գիրք:

-Հեռախոսագիրք: Մեր մեծերից մեկն այս ամենը անվանեց որբի լկտիություն, որ ըստ էության փայլուն բնորոշում ու բնութագիր է: Ցավոք:

-Այսինքն՝ մեկ տարում ոչ մի նվաճում չի՞ եղել…

-Չէ, ինչու՞: Նախագահի նստավայրում նոր հսկիչ կետ է բացվել, նախագահի նստավայրի վերանորոգումից հետո փոխվել են ներքին հարդարանքն ու կահույքը: ԱԺ ավտոպարկը նորացվել է, նախկին մեքենաները փոխարինվել են «Միցուբիշիներով» ու «Ֆորդով»: Էլեկտրաէներգիայի գինն է բարձրացել: Կոնյակը ջրի գնի վաճառել ենք: 3-4 անգամ բարեհաջող խախտել ենք Սահմանադրությունը: Վերջին աբսուրդը՝ «ԱրմենՏելը»: Մնում է ջրամատակարարման համակարգն էլ թուրքերին ծախենք ու վերջ…

-Խիստ ընդդիմադիր չէ՞ արդյոք Ձեր կեցվածքը:

-Բնավ ինձ ընդդիմադիր չեմ համարում: Ինձնից շատ իմ բնագավառում գոնե հրապարակավ ոչ ոք իշխանություններին չի օգնել՝ մեկ առ մեկ, կետ առ կետ նշելով ինչն ինչպես, ինչու եւ երբ անել: Ի դեպ, իմ ասածները չեն էլ հերքվել: Իմ ասածն ու արածը օգնելու, շտկելու նպատակ է ունեցել: Մինչդեռ այդ ամենը չի հասկացվել: Հասկանալու կարողության բացակայության պատճառով: Այսօր արդեն համոզված կարող եմ պնդել դա, քանզի կասկածի նշույլները «փարատվեցին» վերջին օրերս խորհրդարանում խիստ ապաշնորհ բեմադրված խեղկատակությունից հետո: Գոնե հիմա իշխանական աթոռներ զբաղեցնողները, եթե որեւէ մեկն ի վիճակի է, իհարկե, թող հետեւություններ անի, որ խորհրդարանը քվեարկեց ոչ թե անպատժելիության օգտին, այլ ներկա պարտադրված իշխանությունների ԴԵՄ:

-Վերջին հարցը՝ ի՞նչն եք այսօր անհետաձգելի խնդիր համարում:

-Արդեն իսկ նշել եմ՝ անցումային շրջանի հստակ համակարգի մշակումն է: Իսկ, ընդհանրապես, գիտեք՝ ո՞րն է սատանայի խորամանկության ու նենգության գագաթնակետը: Այն, որ աշխարհին համոզել է, թե ինքը չկա: Մինչդեռ, ցավոք, կա եւ շարունակում է գայթակղել հոգով թույլերին: Այդ գայթակղությանը չտրվելու խելացիություն պետք է ունենանք: Վ. Ռոզանովը «Մեր ժամանակի ապոկալիպսիսը» գրքի (1918-1919 թթ.) «La divina comedia» էսսեում գրում է. «Աղմուկով, շառաչով, ճռինչով Ռուսական Պատմության վրա իջնում է երկաթե վարագույրը: «Ներկայացումն ավարտված է»: Հանդիսատեսները ոտքի են կանգնում. «Մուշտակները հագնելու ու տուն գնալու ժամանակն է»: Հետ են նայում: Բայց չկան ոչ մուշտակները: Ոչ էլ տները»: Իրավունք չունենք մերը դարձնել այս վերջը…

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728