Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանը գործակա՞լ

Փետրվար 03,1999 00:00
Arshak Sadoyan

Քաղաքական գործիչների կողմից իրենց շրջապատում գործակալներ հայտնաբերելու վերջին փորձը Դավիթ Վարդանյանի եւ Արա Սահակյանի փոխադարձ բացահայտումներն էին։ Այս փորձից մոտ 1,5 տարի անց նման բացահայտում կատարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Անցյալ շաբաթ հանդիպում կազմակերպելով Արմավիրի մարզում (չթաքցնելով, որ հանդիպումը նախընտրական նպատակներ ունի) պարոն Բագրատյանը պատասխանելով էներգետիկային վերաբերող քաղաքացիներից մեկի հարցին, ասաց. «Մի հավատացեք պրովոկատորներին։ Արշակ Սադոյանը անվտանգության մարմինների գործակալ է, եւ ցուցումներ է ստանում Ազգային անվտանգության նկուղներում։ Մի հավատացեք նման պրովոկատորներին»։ Այս հանդիպման տեսագրությունը եթեր է հեռարձակել Արմավիրի «Նոյ-Հայաստան» հեռուստաընկերությունը։ Փորձել Հրանտ Բագրատյանից ճշտել, թե ինչ հիմքեր ուներ նա նման հայտարարություն անելու համար՝ մեզ չհաջողվեց։ Պրն Բագրատյանը մեր հեռախոսային զրույցի ժամանակ շատ կտրուկ էր, նա ասաց, որ պատրաստ է դա կրկնել, իսկ հիմքերը կներկայացնի միայն անհրաժեշտության դեպքում։

Արշակ Սադոյանն ընդհանրապես անտեղյակ էր նման հայտարարությանը եւ մեր հեռախոսային հարցին տվեց նույնպիսի կտրուկ պատասխան. «Ապուշություն է դուրս տվել»։ Իսկ մեր հանդիպման ժամանակ հարկ համարեց ավելացնել. «Եթե իրոք պարոն Բագրատյանն իրեն թույլ է տվել նման լկտի հայտարարություն, ապա ինձ համար նաեւ հասկանալի է, թե նա ինչու է դա արել Երեւանից դուրս մի տարածքում, որտեղ դա չէր հերքվի։ Ես առաջիններից մեկն էի, որ պահանջում էի, որ հրապարակվի ՊԱԿ-ի գործակալների ցուցակը, գոնե պատգամավորների շրջանում։ Ես բավական տեղեկություններ ունեմ այն ժամանակվա գործադիր իշխանության ներկայացուցիչների եւ տարբեր գործակալությունների համագործակցության մասին։ Սակայն ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին, առանց 100 տոկոսանոց փաստաթղթեր ունենալու, եւ ասել, որ Հրանտ Բագրատյանը գործակալ է։ Բայց ուզում եմ ասել, որ մարդիկ, որոնք թալանեցին եւ ավերեցին Հայաստան երկիրը, եւ այսօր էլ վայելում են այդ թալանի արդյունքները, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Հրանտ Բագրատյանի վարչապետ եղած ժամանակ այս երկրին հասցվեց ամենածանր հարվածը։ Այդ ցրտի ու խավարի տարիներին Հայաստանից փախավ ամեն չորրորդ քաղաքացին, եւ սպիտակ ջարդ իրականացվեց։ Երկու անգամ նվազեց ծննդաբերությունը եւ ընդհակառակը՝ երկու անգամ ավելացավ մահացությունը։ Այս վիճակում ամենահեշտը, իրենց հանցագործությունները թաքցնելու համար, այն է, որ այս հարցերը բարձրացնողներին գործակալ անվանեն։ Եվ սրա ամենամեծ մեղավորները Հրանտ Բագրատյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն են։ Եթե դատախազությունը գործ չհարուցի, ապա ես ինքս եմ նրանց դատի տալու։ Այսօր էլ Հայաստանը պարտք է ՌԴ-ին։ Այսօր էլ իմ զավակների ուսերին է Թուրքմենիային 34 միլիոն դոլարի պարտքը։ Այս ամենի համար նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Մեր հարցին, թե այնուամենայնիվ չորս տարի գործադիր իշխանության ղեկավար աշխատած Հրանտ Բագրատյանը կարո՞ղ էր իրական հիմքեր ունենալ նման բան հայտարարելու համար, պարոն Սադոյանն ասաց. «Այսօրվա կոնյակի գործարանի փոխտնօրենն այլ փաստարկ չէր կարող ունենալ, քան հիմարությունը։ Այսօր, երբ մենք բարձրացնում ենք կոնյակի գործարանի հանցավոր գործարքի հարցը, եւ այդ մարդը, որը վարչապետ լինելով գիտեր այդ գործարանի իրական արժեքը, հպարտանում է ազգային արժեքների թալանով, եւ դարձավ գործարանի փոխտնօրեն, դա առնվազն ազգային դավաճանություն է։ Դրա պատասխանը նա կարող է տալ միայն էժանագին հայտարարություններով»։ Մեր այն մտավախությունը, թե արդյոք ազգային դավաճաններ են նաեւ կոնյակի գործարանի, «Արմենիա» հյուրանոցի, «ԱրմենՏելի» աշխատակիցնե՞րը, պարոն Սադոյանը փարատեց, ասելով, որ խոսքը ղեկավարների մասին է, որոնք գիտեն այդ գործարքների հանցավորության աստիճանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728