Լրահոս
Օրվա լրահոսը

Օ՜, ՓՇՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ

Փետրվար 03,1999 00:00
Vazgen sargsyan

Կամենանք, թե՝ ոչ, Հանրապետական կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ելույթը դեռ երկար ժամանակ մնալու է քաղաքական զարգացումների առանցքում, ուստի եւ փորձեցինք պարզել, թե ինչպիսին է նրա նկատմամբ քաղաքական շրջանակներում ձեւավորված վերաբերմունքը։

Ի դեպ, մեր տպավորությամբ, այն բավականին առաձգական է, ամեն ինչին հավանություն տվող տեսակետներից մինչեւ ամեն ինչը ծայրահեղորեն մերժող մոտեցումներ։ Այդուհանդերձ, կարծում ենք, որ դրանց ծանոթ լինելն առաջին հերթին հենց Վազգեն Սարգսյանին է հետաքրքիր, որքան էլ բեւեռային լինեն դիրքորոշումները։

Էդվարդ Եգորյան, «Հայրենիք» խմբի նախագահ.– Կարծում եմ, ժամանակն է, որ քաղաքական գործիչները, այդ թվում եւ նախարարները հասկանան՝ չի կարելի ասել մի բան, եւ անել մեկ այլ բան։ Ես կուզեի ավելի շատ առաջ նայել եւ ոչ թե հետ։ Շատ լավ է, որ Վազգեն Սարգսյանը համագործակցության կոչ է անում եւ արձանագրում, որ չի կարելի հետամնաց երկիր ստեղծել, որ եկել է ժամանակը նորմալ ընտրություններ անցկացնելու եւ չի կարելի մի նախագահի հանել ու մյուսին նշանակել։ Կարծում եմ՝ Վազգեն Սարգսյանը ժամանակ ունի նպաստել նորմալ ընտրական օրենսգրքի ընդունմանը։ Շատ քիչ է անցել այն ժամանակից, երբ փորձեցին մեր վզին վատ ընտրական օրենսգիրք փաթաթել։ Որեւէ լուրջ կուսակցություն կամ քաղաքական ուժ չի ընդունում «Երկրապահի» տարբերակը։ Ո՞ւր մնաց այն կոչը, թե պետք է նստել ու խորհրդակցել բոլորի հետ։ Խոսե՞լ՝ ուղղակի խոսելու համար, թե՞ խոսել համաձայնության գալու համար։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այնպիսի ընտրական օրենսգրքի պաշտպանումը, որը փաստորեն նշանակովի խորհրդարան կամ նշանակովի նախագահ ունենալու հիմքեր է դնելու։

Կարծում եմ, որ համաձայնության առաջին արտահայտությունը պետք է լինի այն, որ ընտրական օրենսգիրքը չընդունվի եւ փորձ արվի նորից կոնսենսուսի գալ։ Սա ինձ համար ստուգում է։

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե Վազգեն Սարգսյանը չի զբաղվել կադրային քաղաքականությամբ, թույլ տվեք դրան չհամաձայնվել, որովհետեւ հրապարակայնորեն ասվել է, որ այդ ոլորտում Վազգեն Սարգսյանը գոնե երկու հարց լուծել է, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նշանակումները։

Գեղամ Ղարիբջանյան, Իրանում ՀՀ դեսպան.– Պիտի ասեմ, որ պաշտպանության նախարարն այնպիսի ծրագիր ներկայացրեց, որն ինձ հպարտություն պարգեւեց։ Ի վերջո, ինքս էլ բազմիցս արտահայտվել եմ հասարակության համերաշխության գաղափարի օգտին։ Դեռեւս մեկ տարի առաջ, երբ Վազգեն Սարգսյանն իր սթափեցնող մամլո ասուլիսը տվեց, իր խոսքի մեջ այս մտահոգությունը կար։ Կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ինքը տոհմիկ ընտանեկան դաստիարակություն է ստացել, իմաստուն է, եւ նայում է հեռուն՝ վեր կանգնելով ցանկացած մանր-մունր շահերից։ Շատ կուզեի, որ բոլորիս ուղղված նրա կոչին նույն բարությամբ արձագանքեին այն կուսակցությունները, որոնք նույնպես անելիք ունեն այս երկրի կառուցման գործում։

Շավարշ Քոչարյան, ԱԺՄ վարչության անդամ.– Առաջին անգամ չէ, որ լսում ենք Վազգեն Սարգսյանի ելույթները։ Երեւի հույսը նրա վրա է, որ շատ կարճ է մարդկանց հիշողությունը։ Ելույթի հիմնական դրույթները հակասում են իրականությանը։ Բերեմ մի քանի փաստ. Վազգեն Սարգսյանն ասում է, որ ինքը չի խառնվել կադրային քաղաքականությանը, մյուս կողմից ընդամենը մեկ տարի առաջ էր ինքը հրապարակորեն պնդում, թե անձամբ է համոզել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին գալ Հայաստան։ Դա կադրային քաղաքականությո՞ւն չէ։ Խոսվում է, թե ընտրությունները պառակտում են ազգը։ Իրականում ոչ թե ընտրություններն են պառակտում, այլ ընտրությունների այն խայտառակ ձեւերը, որոնք տեղ են գտնում մեզանում։ Այդ անօրինականությունների ակունքում կանգնած է եղել նաեւ Վազգեն Սարգսյանը։

Ամենաէականը հետեւյալն է՝ բացահայտորեն խոսվում է, որ պետական բոլոր փոխհարաբերությունների հիմքը ընկերական հարաբերություններն են։ Դա է, որ քանդեց պետությունը եւ շարունակում է քանդել։ Չի կարելի պետություն կառուցել ընկերական հարաբերությունների վրա։ Դա չարիք է դառնում ժողովրդի համար։ Ընկերական հարաբերությունների այդ որակն է բերել այն վիճակին, որ պետությունը հասարակության դեմ է կանգնած։ Պետք է սրանից ազատվել։

Անդրանիկ Մանուկյան, ԱԺ պատգամավոր.– Վազգեն Սարգսյանի ելույթը ճիշտ էր եւ արդարացի։ Խոսք էր՝ ասված ժողովրդին։ Դրանով հնարավորություն տրվեց, որ շրջանառվող ասեկոսեները Վազգեն Սարգսյանի անվան շուրջ իրենց պատասխաններն ստանան։

Նորիկ Պետրոսյան, ԱԺ պատգամավոր (ՀԿԿ).– Վերջին 10 տարվա ընթացքում իմաստուն եւ հայրենասիրական ելույթներ շատ են եղել, բայց մեր ժողովուրդը դրանից չի շահել։ Ես այն տպավորությունը ստացա, որ դա անձնական դիրքերից ինչ-որ հարցեր քննարկող ելույթ է, իսկ թե ինչ պետք է լինի ժողովրդի վիճակը, այդ հարցին պատասխան չտրվեց։ Մենք մարդկանց պետք է գնահատենք ոչ թե խոսքով, այլ նրանց կատարած գործով։ Ես ծանոթ եմ երկրապահների մի փոքր խմբի, ովքեր, իրոք, արյուն են տվել այս երկրի համար, բայց համագումարում կային այնպիսի մարդիկ, որոնք բացարձակապես մասնակից չեն եղել այդ գործին։ Նրանք հավաքագրված մարդիկ են եւ ոչ թե երկրապահներ։ Կասկածում եմ, որ անհրաժեշտության դեպքում նրանք կհայտնվեն սահմանում։

Ալբերտ Բազեյան, ԱԺ փոխնախագահ.- Ընդհանուր առմամբ իմ տպավորությունն այն է, որ Վազգեն Սարգսյանի ելույթը հաշտության, համերաշխության, միավորող կոչ էր։

Կարապետ Ռուբինյան, ԱԺ նախկին փոխխոսնակ.– Նախ ասեմ՝ կտրականապես համաձայն չեմ, որ իրեն ժողովրդավարական համարող երկրում պաշտպանության նախարարը զբաղվի բուռն քաղաքական գործունեությամբ։ Ցավոք, հենց ելույթը ցույց տվեց այն վտանգները, որն իր մեջ պարունակում է այդ երեւույթը։ Վերամբարձ ասեմ՝ իմ առջեւ հառնեց ապագայի մի երկիր, որից ես սարսափում եմ։ Չէի ուզենա այդպիսի երկիր կառուցվի։ Դրանում մեծ վտանգ եմ տեսնում թե՛ երկրի գոյատեւման, թե՛ ժողովրդավարության համար։ Մակերեսային ընկալման պարագայում կարելի է ասել, թե բոլորին հաճելի ու ընկալելի կոչեր են հնչեցվում, բայց մի փոքր ավելի ուշադիր լինելու դեպքում երեւում է, թե ինչ վտանգներ կան։

Չնայած ասելիքիս մյուս մասն էական նշանակություն չունի, բայց վերաբերում է Վազգեն Սարգսյանին։ Պետք չէ, որ ժողովուրդը թյուրիմացության մեջ մնա։ Ես էլ հիմա կարող եմ հայտարարել, թե չեմ ուզում երկրի նախագահ, ԱԺ նախագահ կամ պաշտպանության նախարար լինել պայմանով, որ այդ բոլորն իմ առջեւ որեւէ կշիռ չունենան։ Ես էլ հիմա կարող եմ ասել, թե ոչինչ չեմ արել բացի նրանից, ինչ ինձ առաջարկել են։ Սա արդարացում չէ։ Վազգեն Սարգսյանը զբաղվել է ե՛ւ կադրերի նշանակմամբ, ե՛ւ խորհրդարանի ձեւավորմամբ, ինչը չի կարելի այդպես արագ մոռանալ։

Խոսրով Հարությունյան, ԱԺ նախագահ.– Ես կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանը հանդես եկավ ե՛ւ որպես քաղաքական գործիչ, ե՛ւ որպես շարժման առաջնորդ։ Վերջին դեպքում, կարծում եմ, իրեն հաջողվեց նոր ձեւավորվող քաղաքական կառույցի առջեւ ծառացած խնդիրների մեկնաբանությունները տալ ըստ արժանվույն։ Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել երկու ասպեկտ. նա ասաց՝ զինադադար, այսինքն՝ համընդհանուր հանդուրժողականության մթնոլորտ քաղաքական ասպարեզում։ Սա, կարծում եմ, նրա ելույթի ամենահիմնարար քաղաքական թեզն է, երկրորդը՝ ընտրություններում քաղաքական կուսակցության մոտեցումը։ Ինչպես ասաց Վազգեն Սարգսյանը՝ իրենք ստանձնում են պատասխանատվության իրենց բաժինն ընտրությունների արդարության համար։

Իսկ որպես քաղաքական գործիչ, ինձ թվում է, նա պարզապես առիթն օգտագործեց անկեղծորեն արտահայտվել հասարակությանը հուզող մի շարք հարցերի շուրջ։ Ընդհանուր առմամբ, իմ տպավորությունը դրական է։

Տեսակետների այս բազմազանությունը մեկ անգամ եւս գալիս է ասելու, որ, իրոք, բավականին ծանր աշխատանք է սպասվում առջեւում՝ ներազգային համերաշխության հասնելու ճանապարհին։ Բոլոր դեպքերում, հորդորում ենք, որ Վազգեն Սարգսյանն իր ելույթի դրույթներին հավատարիմ, իրոք, հետեւողականություն դրսեւորի մեզ բոլորիս անհրաժեշտ այդ գործում։

Հավաքեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728