Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԵԶ ՏՐՎԵԼՈՒ Է 3 ՐՈՊԵ։ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ»

Փետրվար 03,1999 00:00
harc

Հայկական ռադիոյին հարցնում են. ի՞նչ տարբերություն եւ ի՞նչ նմանություն ԱԺ-ի հայտարարությունների ժամի եւ «Հրապարակ» հեռուստահաղորդաշարի միջեւ։ Հայկական ռադիոն պատասխանում է. տարբերությունն այն է, որ պատգամավորներին եռակի ավելի ժամանակ է հատկացվում, քան հրապարակի բողոքավորներին։ Նմանությունը՝ որ արծարծված հարցերը մեծ մասամբ նույնչափ անարձագանք են մնում։

Հրավեր

Հայտարարությունների ժամն անվճար գովազդի հրաշալի հնարավորություն է։ Դրանք հեռասփռվում են ե՛ւ ռադիոյով, ե՛ւ հեռուստատեսությամբ։ Այս հնարավորությունից երեկ օգտվեցին ԱԺՄ-ի եւ ԱԻՄ-ի ներկայացուցիչները՝ հրավիրելով իրենց հանրահավաքին։ Օրերն ու ժամերը չենք մեջբերում, քանի որ «Առավոտը» նման հայտարարությունները բացառապես վճարովի հիմունքներով է հրապարակում։

Պատուհան դեպի Եվրոպա

Հովհաննես Իգիթյանը ցավով նշեց, որ այսօր հայտարարություն անելը «միակ հնարավորությունն է հնչած զրպարտանքներին եւ հերյուրանքներին պատասխանելու համար»։ Ըստ էության, պատասխանը սա էր, որ ինքը 3 տարի ղեկավարելով Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակությունը՝ «թող անհամեստորեն հնչի՝ աշխատել եմ ազնիվ եւ ուղեկցվել եմ մի սկզբունքով, որ Հայաստանը պետք է դառնա Եվրախորհրդի անդամ»։ Եվրախորհրդին էր առնչվում նաեւ պատվիրակության նորընծա անդամի՝ Արշակ Սադոյանի հայտարարությունը. «Անհիմն լուրեր են տարածում, որ իբրեւ թե իմ լիազորություններն այնտեղ չեն հաստատվել»։ Պրն Սադոյանը բացահայտել էր դավադրությունը, որ նման լուրեր տարածում են «հնչեղ թեմաներից»՝ վերջին իրադարձություններից ուշադրություն շեղելու եւ կամ իրեն մեկուսացնելու համար։

Մակարդա՜կ

«Օրինաց երկիրի» ներկայացուցիչները սոցիալական խնդիրների անդրադարձան։ Եվ քանի որ այս ոլորտում մենաշնորհն Արշակ Սադոյանինն է՝ վերջինս ընդվզեց. «Սոցիալական վիճակի մասին այստեղ ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ նախ պետք է առաջին հերթին էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված թալանի՝ կոնյակի եւ այլնի վերաբերյալ հատուկ դիրքորոշում ունենալ եւ հորինած երկիր… կներեք, «Օրինաց երկիր» կուսակցության մոտեցումներն այս խնդրում ուղղակի պետք է դատապարտել։ Նրանք սակագնի քվեարկությանը չեն մասնակցում, իսկ այսպիսի հայտարարություններ անում են»։ Խոսրով Հարությունյանը դիտողություն արեց, թե հեգնելն անթույլատրելի է։ Սադոյանն էլ արդարացավ, թե սայթաքում էր։ «Սա սայթաքում չէ։ Սա ակնհայտ դիտավորություն է։ Եվ ես երբեւիցե ԱԺՄ-ի մասին որեւիցե անգամ ինձ թույլ չեմ տվել որեւէ խոսք ասել, առավել եւս՝ զրպարտանքով հանդես գալ»,- բողոքեց Արթուր Բաղդասարյանը։ ԱԺ նախագահն ամփոփեց. «Ես կարծում եմ, մի առիթով Արթուր Բաղդասարյանն իր պարտքը կմարի»։

«Սահմանադրական ռեցիդիվիստ»

Վահագն Խաչատրյանն անդրադարձավ Սահմանադրության խախտմամբ «ԱրմենՏելի» հարցով արտահերթ նստաշրջան չհրավիրելու պատճառաբանությանը՝ ստորագրություն հետ վերցնելը որակելով օրենսդրությամբ չնախատեսված քայլ։ «Եթե Դուք գտնում եք, որ 10-12 պատգամավորներով կարող եք համոզել ձեր մնացած 57 գործընկերներին ստորագրել եւ դա համոզել եք համարում, այլ ոչ թե ճնշում գործադրել, ապա ինչո՞ւ եք գտնում, որ որեւէ մնացած 8-ին համոզելը ճնշում է»,- արդարացավ Խոսրով Հարությունյանը, չնայած ճնշումների վերաբերյալ որեւէ պնդում չէր արվել։ Խոսրով Հարությունյանը նաեւ կասկած հայտնեց, թե Էդվարդ Եգորյանը իրավունք ուներ այս նստաշրջանը նախաձեռնող 67-ի անունից հանդես գալու եւ իր հետ բանակցելու։ Սակայն հնարավորություն չընձեռեց պրն Եգորյանին պատասխանելու, չնայած նրա անունը հնչել էր եւ ռեպլիկի իրավունք ուներ։

Այդպես անհայտ մնաց, որ եթե ԱԺ նախագահը նման կասկածներ ուներ՝ ինչու չէր նախաձեռնողների հետ պարզել։ Կրկնությունը գիտության մայրն է Հովհաննես Թոքմաջյանը վերստին շրջանառության մեջ դրեց մի հին բնորոշում. «Հանրապետությունում ստեղծվել եւ խորանում է ոստիկանապետության հաստատման վտանգը։ Գործարար շրջանակներում օր-օրի ավելի է արմատավորվում վախի, հաշվեհարդարների անխուսափելիության, առանց տանիքի աշխատելու անհնարինության մթնոլորտը»։

Իշխանափոխությունից մեկ տարի անց խորհրդարանում դարձյալ հնչեց «Բարին ընդ ձեզ» արտահայտությունը։ Այս անգամ, որպես Իրանում Հայաստանի դեսպան, Գեղամ Ղարիբջանյանի հրաժեշտի բարեմաղթանք էր, որին որպես հրաժեշտի նշան ծափահարել սկսեց Արա Սահակյանը։

Ի դեպ, զարմանալի էր, բայց իշխանափոխության տարեդարձն ամփոփող եւ ոչ մի հայտարարություն չհնչեց։ Երեւի «Հանրապետությանը» 3 րոպեն շատ քիչ էր թվացել դրա համար։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728