Հայաստանի ազգային մտավորականությունը բուռն զարթոնք է ապրում: Վերջապես պատրվակ հայտնվեց ցույց տալու սեփական նվիրվածությունը ազգային դատին եւ զուգահեռաբար մտնել ներկա իշխանությունների, գրականորեն ասած, աչքը: Առիթն էլ չափազանց հարմար է. գրող Հրանտ Մաթեւոսյանը համարձակվեց պաշտպանել գրող Վանո Սիրադեղյանին:
Խնդիրն այն է, որ տաղանդի եւ գրական վաստակի առումով Հայաստանում ներկայումս ապրող գրողների ճնշող մեծամասնությունը Հրանտ Մաթեւոսյանի հետ, ցավոք, համեմատության որեւէ եզր չունի: Ինչպե՞ս է կարող այդ մեծամասնությունը փոխհատուցել տաղանդի բացակայությունը եւ միաժամանակ վրեժխնդիր լինել գրչակցից՝ վերջինիս անվիճելի գերակայությունից «վառված»: Շատ պարզ՝ սեփական «ազգասիրությամբ» եւ, տվյալ հանգամանքներում, «վանոյաատելությամբ»: Փոքր-ինչ ձեւափոխելով Տոլստոյի հայտնի արտահայտությունը, կարելի է ասել, որ «հայրենասիրությունը» անտաղանդի վերջին հանգրվանն է: Այդ բառն անընդհատ չակերտների մեջ եմ վերցնում, որովհետեւ մարտնչող միջակությունների հոխորտանքը եւ ազգային թեմաներով հանգավորված կամ անհանգ լացակումած ճառերը իրական Հայրենիքի հետ ոչ մի կապ չունեն:
Ազգային մտավորականները փայլուն հնարավորություն ստացան իրենց թերարժեքության բարդույթը, երկար զսպված ատելությունն ու մաղձը հասարակության առջեւ թափելու: Այս հարցերում նրանց հետ չեն կարող մրցել Հրանտ Մաթեւոսյանը, Աղասի Այվազյանը կամ Լեւոն Ներսիսյանը: Խորհրդային սովորության համաձայն, շնորհքով մարդկանց «բարոյապես ոչնչացնելու» զանգվածային ճիգերն անպայման հաջողության կհասնեն: Այնպես, ինչպես Շուկշինի հայտնի պատմվածքում՝ «Շշպռեց»:
Խնդիրն այստեղ Վանո Սիրադեղյանը չէ՝ եթե մեղավոր է, թող պատժվի: Ոչ էլ նույնիսկ Հրանտ Մաթեւոսյանը՝ նրա տեղը հայ գրականության պատմության մեջ ոչ ոք չի կարող վիճարկել: Խոսքը մանր կրքերով ոգեկոչված չարության մթնոլորտի մասին է, որին մտավորականները պիտի հակադրվեն: Այս տարիներին մեր մտավորականների մեծ մասը հակառակն է անում:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ