Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՈՂԱԲԱՐՈ ԳԶՈՑ

Փետրվար 03,1999 00:00
gaa

Հայտարարված էր, որ Գրականության ինստիտուտում գրողները պահանջելու են Վանո Սիրադեղյանի ձերբակալությունը, եւ առաջին հերթին՝ Սիլվա Կապուտիկյանը։ Սիլվա Բարունակովնան, սակայն, չկար, փոխարենը ներկա էին նրա վառ կողմնակիցները՝ Ազատ Եղիազարյանը, Իրմա Սաֆրազբեկյանը եւ մյուսները, որոնք առիթ են որսում Հրանտ Մաթեւոսյանի դեմ դուրս գալու։

Գրաքննադատ Ազատ Եղիազարյանը, Գառնիկ Անանյանը, Սեւակ Արզումանյանը, բանաստեղծներ Սուրեն Մուրադյանը, Արտաշես Յավրյանը բողոքեցին Հ. Մաթեւոսյանի՝ ԳՄ բոլոր անդամների անունից ի պաշտպանություն գրող Վ. Սիրադեղյանին արված հայտարարության դեմ։ Հիշեցրին Հ. Մաթեւոսյանի՝ ԳՄ նախագահ ընտրվելու օրերը։ Ա. Յավրյանը դժգոհություն հայտնեց, որ այս 3 տարվա ընթացքում իրենք փոխանակ գրական գործերով, գրողի ճակատագրով ու վիճակով զբաղվելու, զբաղված են իրենց չվերաբերող հարցերով։

-Հրանտ Մաթեւոսյանը միայն իր անունից կարող էր այդպես խոսել։ Եվ սա առիթ է, որպեսզի մենք պահանջ դնենք, որ արագացվի Գրողների միության համագումարը ու մենք լուծենք մեր գրական հոգսերը,- ասաց Յավրյանը՝ բողոքելով, որ ԳՄ-ից մնացել է միայն ցուցանակը եւ միությունը վերածվել է մեռյալ օջախի։

Իսկ Ս. Մուրադյանի վրա ազդել էին Հրանտ Մաթեւոսյանի՝ Վ. Սիրադեղյանի մասին տարբեր առիթներով ասված խոսքերը, որ՝ Վ. Սիրադեղյանը խոշոր անհատականություն եւ հսկա է։

-Այդ դեպքում մենք ի՞նչ էպիտետներ կարող ենք օգտագործել Թումանյանի, Շեքսպիրի կամ Բայրոնի դեպքում, եթե նա խոշոր գրող է։ Նույն ձեւով չեմ բաժանում նաեւ Վազգեն Սարգսյանի կարծիքը, որը Վ. Սիրադեղյանի 50-ամյակի առիթով վերջինիս թիվ 2 գրող հռչակեց՝ Հրանտ Մաթեւոսյանից հետո,- նեղացած էր Ս. Մուրադյանը։

Երիտասարդներից ներկա էր միայն թարգմանիչ եւ արձակագիր Սամվել Մկրտչյանը, որը չդիմանալով ստեղծված խայտառակ իրադրությանը՝ կրկնեց մամուլում հրապարակած իր խոսքերը. «Եթե Վ. Սիրադեղյանը մեղավոր է, թող ապացուցեն եւ պատժեն, բայց որպես գրող ես պարտավոր եմ գրողին պաշտպանել բոլոր թափթփուկներից»։ Հավաքվածներին դուր չեկավ երիտասարդ գրողի կտրուկ խոսքը եւ դժգոհությունը՝ հավաքի հանդեպ։

Ալմաստ Զաքարյանի ելույթը շիկացրեց մթնոլորտը. նա բարկացած էր, որ Գրականության ինստիտուտի պատերի ներքո հավաքվել են եւ գրողներին ահաբեկում, վատաբանում են։

Քաղաքական գործիչներն արդեն քանի տարի բարդույթավորված են Վանո Սիրադեղյանի ընդգծված կերպարից, իսկ գրողները՝ Հրանտ Մաթեւոսյանի՝ մեծ արձակագրի ու մշակույթի իսկական գործչի կերպարից եւ ընդմիշտ ներկայությունից։ Ուրեմն՝ ինչո՞ւ չօգտվեն առիթից, վերջապես նրանց հնարավորություն է տրվել քար նետելու ու իրենց չարությունը «արադարացի» ֆոնով մատուցելու՝ հանուն ժողովրդի ու ազգի ոգեկոչերով։ Ո՞ր մի մեծ գրողը (մեծ՝ իր իսկական իմաստով) կդժգոհի իր գրչակից (շեշտում եմ՝ գրչակից) ընկերոջն ուղղված լավ խոսքերից։ Երբեւէ տեսել կամ լսե՞լ եք, որ Աղասի Այվազյանը, որը հեռու է նման շուկայական փոխհարաբերություններից, նեղսրտի կամ բողոքի Հ. Մաթեւոսյանին կամ մեկ ուրիշին բարձրացնելուց։

Հրանտ Մաթեւոսյանը, Աղասի Այվազյանը, Լեւոն Ներսիսյանը, Էդմոն Ավետյանը կամ նրանց պես քչերը, քի՞չ բան գիտեն այդ կոչերով ելույթ ունեցողների անցյալի գործունեությունների մասին։ Իհարկե՝ ոչ։

Հայ գրական աշխարհը ճահիճ է, եւ Գրողների միությունից մնացել է ընդամենը ցուցանակը, որովհետեւ երկու տող իրար կցողը, ցավոք, միության անդամ է, անորակ (ստեղծագործական իմաստով) գրքույկ տպող գրչակը դարձյալ գրող է կոչվում։ Այդ միության ավագ սերնդի գրողներից քանի՞սն է այսօր ստեղծագործում կամ նախկինում ի՞նչ են ստեղծագործել։

Խնդիրը ուրիշ տեղ է եւ ոչ էլ Վ. Սիրադեղյանի հարցն է։ Գրողների մի մեծ խումբ պարզապես սիրում է վերեւում կանգնածին գցել, ոտքերով կոխկրտել, «արյուն» տեսնել ու… նոր՝ հանգստանալ։

Ինչեւէ, Հ. Մաթեւոսյանը, ենթադրվում է՝ հրաժարական կտա։ Սիլվա Բարունակովնան, որ ամուսնուց նեղացած կնոջ պես հրաժարվեց միության անդամությունից, կրկին հետ կվերադառնա («Խասյա՛թ»)։ Արդյունքում՝ Աբգար Ափինյանի համար լուսավոր ու կանաչ ճանապարհ կբացվի. Ափինյանը նպատակի կորուստ չի ունենա, երազանքը կիրականանա, 2 խաղի փոխարեն երեւի կսկսի արդեն մեկ խաղ խաղալ…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728