Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՉԱՐԺԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԵԼ»

Փետրվար 02,1999 00:00
Davit Vardanyan

Նախորդ շաբաթ խոստացել էինք, որ կներկայացնենք «Ղարաբաղ» կոմիտեի մեկ անդամի՝ Դավիթ Վարդանյանի տեսակետը Վանո Սիրադեղյանի հարցով գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ։ Սակայն, տեղի սղության եւ իրադարձությունների սրընթաց զարգացման պատճառով, այդ տեսակետի ներկայացումն անընդհատ հետաձգվում էր:

«Մենք ինչպես եւ հայտարարեցինք, կողմ ենք քվեարկել։ Խորհրդարանում ստեղծված այս մթնոլորտն ինձ համար տհաճ է։ Իհարկե, ասածս բոլորին չէ, որ վերաբերում է, սակայն, կարծես, զեղումների միջավայրում լինես, նույնիսկ մարդու խոսելը չի գալիս։ Այն մարդիկ, որ այսօր փորձում են ինչ-ինչ արգումենտներ ներկայացնել, իրենց իշխանության ամբողջ ընթացքում, իրենց գործունեությամբ, արել են այն, ինչի դեմ այսօր խոսում են։ Նույնիսկ տհաճ է պոլեմիկայի մեջ մտնելը։ Մենք, այսինքն՝ խմբակցությունն, իր տեսակետը ներկայացրեց եւ ամենեւին էլ մտադրություն չուներ Ազգային ժողովում պայքարի ելնել։ Մեր ինչին էր պետք։ Երեւի մարդիկ ճիշտ են անում, որ այս տհաճ մթնոլորտից փախչում-գնում են։ Չկա որեւէ թարմ, կենարար բան, որ մարդ շնչի։ Ես ամբողջ կյանքս նորմալ ու բարոյական ապրել եմ, հիմա ես չեմ կարող ապրել այլ կերպ։ Մարդ նույնիսկ չի էլ ուզում պատգամավոր դառնա։ Հնարավոր չէ այսպես՝ թույլ տվեք, որ մարդիկ կարգին ապրեն։

Այս մթնոլորտն ինձ շատ տհաճ բաներ է հիշեցնում։ 1953 թվականից հետո Բերիային դատեցին, եթե հիշում եք։ Դատողը Խրուշչովն էր։ Պարզ է, որ ինչ-որ ձեւով Խրուշչովը Բերիայի նկատմամբ հաշվեհարդար էր տեսել, բայց ոչ թե չարած, այլ արած բաների համար։ Ասել, թե մենք կոմունիստներին չենք ընդունում, այդ պատճառով էլ չենք ընդունում այդ դատավարությունը, կարծում եմ, սխալ դիրքորոշում է։ Ես դա չեմ ընդունում։ Դա նորմալ, առողջ մարդու դիրքորոշում չէ։

Իմ կողմից դիտարկվող զուգահեռը դա է։ Եթե ասում են Վանո Սիրադեղյանն ահարկու, սարսափահար նախարար էր, դա ոչ թե իբրեւ գովասանք, այլ մեղադրանք պետք է հնչի։ Ոչ ոք չպետք է հիանա դրանով։ Որովհետեւ՝ եթե ինչ-որ հանցագործներ վախենում էին նրանից, ապա, միաժամանակ վախենում էր նաեւ ամբողջ ժողովուրդը։ Արդյո՞ք, դա ընդունելի մոտեցում էր, արդյո՞ք դա ճիշտ էր։ Հանցագործների դեմ կարծեցյալ պայքարը ոչ թե պայքար էր հանցագործների դեմ, այլ՝ պարզապես ռեկետը, որ հանցագործներն էին անում, սկսեցին իրենք իրականացնել։ Դա է ամբողջ պատմությունը։

Գուցե խոսքս մի քիչ հուսահատ հնչի, բայց իսկապես այս ամբողջ մթնոլորտում չեմ տեսնում հույսի ու լույսի որեւէ շող։ Ամեն ինչ ստացվում է պարզ ու զզվելի։

Դուք փորձեք լսել, թե ի՞նչ է ասում Բաբկեն Արարքցյանը կամ Հովհաննես Իգիթյանը, կամ մյուսները, որ կանգնում ու խոսում են արդարությունից, սանկցիայից, օրինականությունից, ու էլի չգիտեմ ինչից։ Նրանք հինգ տարի շարունակ ամեն տեսակ օրինականություն անընդհատ ոտքի տակ են տվել ու հիմա վեր են կենում ու խոսում ինչ-որ կարգուկանոնից։

Ստացվում է, որ գոյություն չունեն ճշմարտություններ։ Իբր կարեւոր չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Չեմ հասկանում՝ ինչի՞ վրա են իրենց հույսը դրել։ Եվ եթե Հայաստանում ա՛յս մարդիկ են մնալու, ուրեմն իսկապես չարժե այստեղ ապրել»։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728